«Ադրբեջանի ներկայացուցիչները, հրաշալի իմանալով, թե ինչ ռեակցիա է դա բերելու Հայաստանում, ցանկանում են նմանատիպ հայտարարություններով թույլ չտալ՝ Հայաստանում կատարել սահմանադրական բարեփոխումներ։ Ես այդպես եմ դա գնահատում:
Այո, Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովի հայտարարությունը խոչընդոտ է Հայաստանի սահմանադրական բարեփոխումներին»,- հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։ Ադրբեջանի փոխարտգործնախարարը, հիշեցնենք, ասել էր, որ սպասում են, որ Հայաստանը հաղթահարի կարգավորման գործընթացի հիմնական խոչընդոտը՝ «Սահմանադրության փոփոխությունների միջոցով հրաժարվելով Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից»:
Հրապարակը զրուցել է քաղաքագետ Հակոբ Բադալյանի հետ:
– ՔՊ-ականներն ասում են, որ Ալիեւը խանգարում է ՀՀ Սահմանադրության փոփոխությանը, չնայած նա բազմիցս հակառակն է ասել: Գաղտնիք չէ, որ Փաշինյանը կատարում է Ալիեւի բոլոր հրահանգները: Ի՞նչ է փորձում ցույց տալ Արման Եղոյանն այս հայտարարություններով:
– Եթե Ալիեւի պահանջը կապ չունի Սահմանադրության փոփոխության հետ, ապա ոչ թե նոր սահմանադրություն կգրեին, այլ Սահմանադրության ռեֆորմ կիրականացնեին, այսինքն` գործող Սահմանադրության մեջ կարվեին որոշակի փոփոխություններ, եւ այդքանով ամեն ինչ կավարտվեր: Հիմնավորումը, որ նոր Սահմանադրություն են ցանկանում ունենալ, քանի որ առաջներում բոլոր հանրաքվեները կեղծվել են, կեղծ են: Այս հայտարարությունները, մեղմ ասած, օդից վերցված հայտարարություններ են, որոնք անգամ չի կարելի հիմնավորում համարել: Եթե անգամ մի կողմ թողնենք Ալիեւի հայտարարությունները, միայն այն փաստը, որ Սահմանադրություն են փոխում, այլ ոչ թե ռեֆորմ, փաստում է, որ Ադրբեջանի պահանջն է առաջին տեղում: Ալիեւն ասում է, որ նոր սահմանադրություն ընդունելով է հնարավոր շրջանցել Անկախության հռչակագրի հայտնի նախաբանը, որը, ինչպես գիտենք, ըստ Բաքվի` Ադրբեջանի հանդեպ տարածքային հավակնությունների մասին է, ինչը, բնականաբար, սուտ է, սակայն մենք տեսնում ենք, որ Երեւանը գնում է Բաքվի պահանջին ընդառաջ:
– Հայ-ադրբեջանական հարաբերությունները, այնուամենայնիվ, չեն լավանում, խաղաղություն կողմերի միջեւ չի հաստատվում: Ինչո՞ւ է Փաշինյանն Ալիեւի ցանկությունները հերթով կատարում:
– Իշխանությունները խաղաղության մասին չունեն միամիտ պատկերացումներ, ես հակված չեմ դրան հավատալու: Խաղաղության օրակարգի միտումը դժվար թե իշխանություններին հավատով է ներշնչում: Իշխանությունները զուտ լարվածության առիթներ չտալով, ցանկանում են ժամանակ շահել եւ չստեղծել ռազմական էսկալացիայի հիմքեր: Բայց այստեղ հարց է առաջանում` այս մարտավարությունն ինչքանո՞վ կարող ազդեցություն ունենալ Ադրբեջանի քայլերի վրա, դժվար է ասելը: Գործնական առումով Բաքուն ոչ միայն իր ագրեսիվ հավակնություններից չի հրաժարվում, այլեւ փորձում է ամեն գնով առավել նպաստավոր միջավայր ստեղծել այդ ամենի համար: Հայաստանը փորձում է Բաքվի քաղաքական պահանջներն ընդունել՝ պատճառաբանելով, թե այդ ճանապարհով կանխում է Բաքվի ագրեսիվ գործողությունները: Սա գուցե ընդհանուր տրամաբանության մեջ լինի ընկալելի, սակայն Ադրբեջանին զսպել չի կարող:
– Եթե հաջողվի փոխել ՀՀ Սահմանադրությունը, դա ի՞նչ կտա Հայաստանին եւ ի՞նչ կտա Ադրբեջանին:
– Դե ֆակտո, երբ Սահմանադրությունը փոխվում է, եւ Հայաստանն ընդունում է մի Սահմանադրություն, որը կապակցված չէ Հայաստանի հայկական պետականության ձեւավորման իրավաքաղաքական հիմքերին, ինչպիսին Անկախության հռչակագիրն է եւ դրա հիման վրա ընդունված Սահմանադրությունը, ապա մենք գործ ունենք նոր պետության հետ: Հայաստանն իրավաքաղաքական առումով նոր պետություն է դառնում: Փաստացի, ուղղակի եւ անուղղակի հրաժարվում է այն հիմքից, որի վրա կառուցվել է երրորդ հանրապետությունը: Այսինքն` 3 տասնամյակների պետությունը հայտնվում է լուծարված վիճակում:
Հետեւաբար, լուծարվում են նաեւ այն բոլոր իրավունքները, խաղաքարտերը, փաստարկները եւ այլն, որոնք կապված են մեր պետականության հետ եւ առհասարակ առնչվում են հայկական պետականության մարտահրավերներին: Ադրբեջանը հենց սրան է ձգտում: Անկախ այն բանից, թե ինչպիսի քաղաքականություն է վարում պաշտոնական Երեւանը, ինչպիսի զգուշությամբ է գործում, կա 3 տասնամյակների բազա, որն առնչվում է միջազգային մանդատների, օրինակ` Մինսկի խմբի հետ, որն առնչվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Ջնջելով ՀՀ իրավաքաղաքական հետագիծը, ջնջվելու են բոլոր թելերը, որոնք կապված են եղել ԼՂ-ի եւ դրա միջազգային ճանաչման հետ: Ադրբեջանը հենց այս հաշվարկներից ելնելով է Հայաստանին ստիպում հրաժարվել այդ հետագծից:
Բաց մի թողեք
Նպատակը չափազանց ցածր վարկանիշի պարագայում գոնե ինչ-որ «ընդունելի» արդյունքի հասնելն է
Հրահանգվել է չփչացնել խաղաղության հեքիաթը
Ովքեր են պայքարում պետական ապահովագրական հիմնադրամի տնօրենի պաշտոնի համար