23/03/2025

Եթե սխալ եմ արել, որ ես չգիտեմ, ուրեմն՝ կնստեմ․ Չեմբերջյան

«Չեմ գնացել հարցաքննության։ Շարունակվում է, բայց ինձ երկրորդ անգամ չեն կանչել»․ ասաց «Փյունիկ» հիմնադրամի նախկին նախագահ Գաբրիել Չենբերջյանը, որին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան։ 

«Հրապարակը» գրել էր, որ Չենբերջյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ փողերի լվացման մեղադրանքով։ Չենբերջյանի ընկերության հաշվին փոխանցված ինչ-որ գումարներ ՀՀ իրավապահներին կասկածելի են թվացել և նրանք այդ գումարները դիտել են որպես փողերի լվացում և այդ գործին կպցրել նաև Չենբերջյանի նախկին ընկերոջը` Սերժ Սարգսյանի կրտսեր եղբորը` Լևոն Սարգսյանին: ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը քննում էր Գաբրիել Չենբերջյանին 2 ամիս ժամկետով կալանավորելու վերաբերյալ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը։

Առաջին ատյանը, հիշեցնենք, չէր բավարարել կալանավորելու միջնորդությունը եւ դատախազությունը բողոքարկել էր այն: Քննության արդյունքում դատախազի բողոքը մերժվել է։ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանի և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Անի Մարտիրոսյանի որոշումներով Գաբրիել Չենբերջյանը մնացել է ազատության մեջ։

Ինչո՞ւ են ընկել Չենբերջյանի հետեւից, վերհիշել հին գործերը, հարցնում ենք նրան, ասում է՝ հարց չկա, վստահ է, որ կարդարացվի։ «Արդար է, ամեն ինչ արդար է, եւ արդարութունը մեջտեղ կելնե»։  Ասաց՝ գործով որեւէ վկա չկա, որեւէ մեկի հետ հարցաքննություն չեն արել։ «Իրենց իրավունքն է՝ սխալ բաները ճշտել, բայց մենք սխալ բան չենք արել։ Հայրենիքից գնացող չենք, ինչ էլ անեն՝ պահպանելու ենք հայրենիքը, սիրելու ենք։ Եթե սխալ եմ արել, որ ես չգիտեմ, կնստեմ»,-ասաց նա։

Չենբերջյանի հետ հարցազրույցն արել ենք ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովի բացմանը։ Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ նշանակություն ունի Դաշնակցությունը որպես կուսակցություն իր համար, ի վերջո ինքը ընդդիմադի՞ր է, թե՞ իշխանական, մասնակցում է ե՛ւ մեկի, ե՛ւ մյուսի միջոցառումներին։ «Ինձ համար Դաշնակցությունը հայասեր կուսակցություն է։ Ես բոլոր հայերի հետ եմ, բոլոր կուսակցությունների առաջին անդամները ինձ մտերիմ ընկերներ են, եւ այդպես էլ կմնան։ Ես հայասեր եմ։ Իշխանություն լինելու համար ընդդիմադիր էլ պետք է լինել։ Իշխանությունը ընդդիմության կարիքն ունի` բոլոր իշխանությունները, որ լավ գործեն»,-ասաց նա։

Հարցին՝ կո՞ղմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը, օրինակ կիսո՞ւմ է Հայոց ցեղասպանության վերաբերյալ արված հայտարարությունները։ «Փաշինյանի քաղաքականությանը ընդհանուր առմամբ գոհ չեմ, բայց բաներ կա՝ կողմ եմ։ Ցեղասպանության հարցը չգիտեմ, թե ինչու է բացվել, ինքն ինչ է մտածում։ Իմ կարծիքով՝  ինքն էլ չի ընդունում, որ մոռացվի ցեղասպանությունը»,-նշեց նա։

Վստահ չգիտի՝ սփյուռքը աջակցո՞ւմ է Փաշինյանին, դատելով նրանից, որ մի քանի հոգի ընդունում են Փաշինյանին՝ «ուրեմն կա» նաեւ աջակցություն։

Translate »