Տեւական դադարից հետո Նիկոլ Փաշինյանը, կառավարության որոշ անդամներ նախօրեին խմբակցության հետ փակ ֆորմատով նիստ անցկացրին, երկու ժամ տեւած նիստից հետո ՔՊ-ն ընդամենը մեկ տողանոց հաղորդագրություն տարածեց, որ` «քննարկվել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը»։
Երեկ էլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ քաղաքացիներին հրավիրեց կառավարություն՝ քննարկելու իրական Հայաստանի գաղափարախոսական նախագիծը: Առաջարկեց 20-30 հոգանոց խմբեր կազմել եւ հայտ ներկայացնել, իսկ եթե ավելի մեծաքանակ կլինի խումբը, ինքն անձամբ կայցելի այդ քաղաքացիներին` նրանց հետ քննարկելու իր նախագիծը։
Անցած շաբաթ, հիշեցնենք, Փաշինյանն իր հորինած «իրական Հայաստանի» մասին ուղերձով հանդես եկավ, որի գլխավոր ասելիքը նոր սահմանադրության ընդունումն է, իբր՝ գործող Սահմանադրության ընդունման համար «անցկացված նախկին բոլոր հանրաքվեներն առնվազն հանրային ընկալման մեջ ունեն լեգիտիմության լրջագույն պակաս»: Հիշեցնենք նաեւ, որ տեւական ժամանակ Ադրբեջանն է պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը՝ որպես Բաքվի եւ Երեւանի միջեւ «խաղաղության պայմանագրի» կնքման նախապայման։
Հայաստանը պետք է ունենա թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող սահմանադրություն` այնպիսի դրույթներով, որոնք ոչ միայն կապ չեն ունենա ՀՀ ներկայիս սահմանադրության հետ, այլեւ տրամաբանորեն ընդհանրություն չեն ունենա Անկախության հռչակագրի հետ: Չէ՞ որ Անկախության հռչակագիրը հիմնվում է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնում է 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները:
«Իրական Հայաստանի» գաղափարական նախագծի մասին Հրապարակը հարցեր է ուղղել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանին։
– Երեկ մասնակցել եք Փաշինյանի հետ փակ հանդիպմանը եւ քննարկել իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ինչո՞ւ է, ըստ Ձեզ, նման քննարկումների անհրաժեշտություն առաջացել։
– Իրական Հայաստանն այն է, որում ապրում ենք, ուրիշ Հայաստան կա՞, որ մենք ապրում ենք, պետք է բոլորն իմանան, թե որն է իրական Հայաստանը։ Ընդդիմադիրներդ պետք է իմանաք, որ սա է: Մտածում են` Արեւմտյան Հայաստան եւ մնացած նահանգները Արեւմտյան Հայաստանի, բայց ոչ` սա է իրական Հայաստանը, որ ապրում ենք։
– Արցախի կորստից հետո՞ է առաջացել այդ գաղափարը, որ համոզենք բոլորին, հատկապես Ադրբեջանին, Թուրքիային, որ ո՛չ պատմական հայրենիք ենք ունեցել, ո՛չ Արցախը հետ բերելու նկրտումներ ունենք․․․․
– Ներկա դրությամբ, որ մենք ունենք անկախ պետություն, Հայաստան աշխարհ, սա է մեր ունեցածը՝ մեր իրական Հայաստանը՝ իր 29 հազար 743 ք/կմ-ով, սա է մերը, որի շուրջ պետք է կարողանանք բոլորի հետ բանակցենք, բոլորի հետ շփվենք, մենք Եվրամիության հետ ենք շփվում, Ռուսաստանի հետ ենք շփվում, որ մենք էս մարդկանց ասենք, որ սա է մերը, որտեղ մենք ապրում ենք։
– Հետեւաբար, իշխանությունն իր այդ գաղափարը կյանքի կոչելու համա՞ր է ուզում փոխել ՀՀ սահմանադրությունը, որի նախաբանում հստակ հղում է արվում ոչ միայն Արցախին, այլեւ Արեւմտյան Հայաստանին։ Անկախության հռչակագրով Հայաստանի Հանրապետությունը սատար էր կանգնում Արցախին, շեշտում էր 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտությունը։
– Եթե հիշում եք՝ Սահմանադրության հետ կապված թեմաները քննարկվել են 2018 թվականից` որ պետք է Սահմանադրություն փոխել, ինչքան հիշում եմ՝ 2017 թվականին Սահմանադրությունը փոխվեց, դրանից մեկ տարի հետո նորից փոխելն այնքան էլ նպատակահարմար չէր, հետո` կորոնա, պատերազմ, ձգվեց ու հասավ էս օրվան:
– 2015-ին է փոխվել Սահմանադրությունը, Նիկոլ Փաշինյանն էլ ասում էր՝ որ իշխանության գանք, հրաժարվելու ենք Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյումից։ Արդյոք այդ կոստյումի՞ց եք հրաժարվելու, թե՞ Սահմանադրության նախաբանում ՀՀ անկախության հռչակագրին հղումից եւ առհասարակ՝ Հռչակագրից։
– Հիմա այդ Սահմանադրությունը կարիք ունի փոփոխության, որոշ կետեր կան, որ պետք է ավելացվեն, որոշները պետք է հանվեն, հիմա հանձնաժողով է աշխատում, եւ բոլորի համար բաց քննարկումներ են կազմակերպվում, վարչապետն էլ դրա համար է քննարկման հրավիրում։
– Դուք անձամբ կո՞ղմ եք Հռչակագրից հրաժարվելուն։
– Հռչակագիրն այսօր իրականությո՞ւն է, հիմա կա՞ Արեւմտյան Հայաստան, ասենք՝ ըտենց պետություն եղե՞լ ա։
– Դրանք մեր պատմական տարածքներն են եւ 1990 թվականին նաեւ այդ Հռչակագրով ամրագրել ենք, որ պետք է առաջ մղենք ցեղասպանության ճանաչման գործը․․․
– Հա, բայց հասկանալի է, չէ՞, թե ինչու են դա արել, արվել է, որ մենք միշտ սենց մնանք մեկի լծի տակ, անընդհատ առիթներ տանք, որպեսզի Հայաստանը երբեք անկախ պետություն չդառնա, ընդհանրապես, պետություն չդառնա։
– Ո՞վ է արել, ո՞ր պետության լծի մասին եք ասում։
– Ռուսաստանի։ Այդ ժամանակից դարերով մենք Ռուսաստանի լծի տակ ենք եղել, արված է այնպես, որ մենք միշտ պիտի էդ լծի տակ մնանք ու չկարողանանք դուրս գալ, ու անընդհատ ասել են՝ «հա՜, հեսա Թուրքիան ձեզի կուտի», հիմա էլ ասում են՝ վեկտորը փոխել եք, Թուրքիա եք գնում, Ռուսաստանից պրծանք, հիմա էլ՝ Թուրքիա, բայց մենք չպետք է ոչ մեկի լծի տակ մնանք, պետք է դառնանք անկախ երկիր, թեկուզ փոքր, բայց անկախ։
– Հիմա անկախ չե՞նք։
– Բա ի՞նչ էի ասում էսքան, մենք դրան ենք գնում։
– Հիմա դուք ասում եք, որպեսզի ինչ-որ պետության լծի տակից դուրս գանք, դառնանք անկախ, պետք է ուրանանք ցեղասպանության փաստը կամ՝ առնվազն մոռանանք։
– Մենք չենք ուրանում ցեղասպանությունը, ուղղակի առաջնային խնդիրը հիմա ցեղասպանությունը չի, աշխարհը հելել իրար է քրքրում, մեր երկրի առաջնային խնդիրը մեր անկախությունը պահելն է։
– Անկախության հռչակագրից հրաժարվելո՞վ ենք լիակատար անկախ դառնալու, առանց որեւէ պետության լծի՞։
– Նախ՝ ինչու եք ասում ․․․ չգիտենք, չէ՞, թե հլը ինչ առաջարկներ կլինեն, կհրաժարվենք Հռչակագրից, թե ոչ, սահմանադրագետները կքննարկեն այդ հարցը։
– Բայց դուք եք ասում, որ Հռչակագիրը գրվել է, որ տարիներ շարունակ մեզ պահեն իրենց լծի տակ։
– Մենք մեր նոր սահմանադրությունը կունենանք, եւ մեր անկախությունը պահպանելն է խնդիրը, որ մեր հետ հաշվի նստեն, դրա համար նոր սահմանադրությամբ պետք է այնպիսի գաղափարներ ամրագրենք, որ անկախ մնանք, ոչ թե սրա-նրա լծի տակ։
– Փաստորեն, որոշել եք երրորդ հանրապետության ծննդյան վկայականը գցել մի կողմ, նորը գրել, պետական սիմվոլներն է՞լ եք փոխելու՝ դրոշ, հիմն, զինանշան։
– Չեմ կարծում, եկեք չվռազենք։
Բաց մի թողեք
Սրբազանն ում կփոխանցի շարժումն առաջնորդելու ջահը
Գյումրու ՔՊ թիմը պառակտվում է. Կարեն Սարուխանյանը լուրջ «դեբոշ» է սարքել
Գյումրիում իշխանությունները մանիպուլացնում են հանրությանը