Հայաստանի կուսակցությունների ներկապնակն օրերս համալրվել է եւս մեկ գույնով՝ քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը հիմնադրել է Հայաստանի շնորհապետական կուսակցությունը, որի հիմնադիր համագումարը տեղի է ունեցել փետրվարի 27-ին՝ «Մարիոթ» հյուրանոցում։
Գուրգեն Սիմոնյանը հայ հանրությանը ճանաչելի է դարձել վերջին տարիներին, քաղաքագետի մասնագիտությամբ 40-ամյա երիտասարդին կարելի է դասել արեւմտամետների շարքը, որը, ժանրի կանոնների համաձայն, նաեւ ռուսաֆոբ է, բայց առանձնանում է նրանով, որ ազգայնական գաղափարների կրող է եւ ազգային հարցերում արեւմտամետներից բավականին տարբերվող դիրքորոշում ունի։
Նորահայտ կուսակցության նախագահի ազգայնականությունը նկատելի է հենց կուսակցության կանոնադրության նախաբանից, որը սկսվում է Արարատ լեռան հիշատակմամբ. «Մենք` Արարչընծա Արարատի չորսբոլորս ծավալվող Հայոց բարձրավանդակի ժառանգորդ հայ անդրանիկ ժողովրդի զավակներս․․․»: Եթե բաց թողնենք տեքստի խրթին ու հնաոճ բնույթը, միայն «Արարատ» բառի կիրառումը վկայում է, որ նա հակադրվում է Նիկոլ Փաշինյանի ու նրա սատելիտների գաղափարախոսությանն ու նարատիվներին, որոնց մեջ գլխավորը պատմական Հայաստանը, ցեղասպանությունը մոռացության տալն է, Արարատից հրաժարումը եւ այլն։
Նորահայտ ուժի ծրագրում ամրագրված է. «Հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման եւ դատապարտման հիմնախնդիրը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության միջազգային հարաբերությունների առաջնահերթություններից մեկը», «Արցախի տարագիր հայ ազգաբնակչության բնական եւ ազգային իրավունքների պաշտպանության հարցը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության միջազգային հարաբերությունների հաջորդ առաջնահերթությունը»։
Միաժամանակ, բոլոր արեւմտամետների պես, Գուրգեն Սիմոնյանն անհրաժեշտ է համարում, որ Հայաստանը պետք է դադարեցնի ՀԱՊԿ ռազմաքաղաքական դաշինքին, ԵԱՏՄ-ին անդամակցությունը եւ Եվրոպական Միությանն անդամակցելու հայտ ներկայացնի, ձգտի անդամակցել ՆԱՏՕ-ին, ռազմավարական դաշինքի աստիճանի հասցնի Վրաստանի հետ հարաբերությունները, շարունակի խորացնել բարեկամական հարաբերություններն Իրանի Իսլամական Հանրապետության հետ, կարգավորի եւ փոխըմբռնման աստիճանի բարձրացնի հայ-թուրքական հարաբերությունները։
Բաց մի թողեք
Հրանտ-Լեոն Ռանոսը հեռացվել է Հայաստանի հավաքականից. ինչու է Ջոն վան՛տ Սխիպը նման որոշում կայացրել. Լուսանկար
Ավտովթարներ ճանապարհներին, վիրավnրներ կան. Լուսանկարներ
Ուժգին երկրաշարժ է գրանցվել Հայաստանում