21/03/2025

Ես ավելի քան վստահ եմ, որ ՔՊ-ն չի հաղթելու, մարդիկ խիստ դժգոհ են Նիկոլ Փաշինյանից

«Հրապարակի» զրուցակիցը Գյումրու Քանդակագործության ազգային պարկ-թանգարանի տնօրեն Արթուր Գեւորգյանն է:

– Գյումրին մոտ մեկ ամսից քաղաքապետ է ընտրելու: Ի՞նչ տրամադրություններ են այժմ տիրում հանրապետության երկրորդ քաղաքում: Գյումրեցիներն ի՞նչ են կարծում` ո՞վ է դառնալու Գյումրու նոր քաղաքապետը: Ըստ հարցումների, «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն առաջատարը չէ:

– Եթե հիմա շրջենք Գյումրիում, զրուցենք մարդկանց հետ, տպավորություն չենք ստանա, որ այստեղ նախընտրական շրջան է: Մարդիկ նախընտրական տրամադրությունների մեջ չեն, ասել, որ Գյումրին խոսում է ընտրություններից, սուտ կլինի: Քաղաքապետի հարցն ավելի շատ սոցիալական հարթակներում է քննարկվում, մասնավորապես Ֆեյսբուքում այնպիսի գրառումներ են արվում, որ տպավորություն ենք ստանում, թե արդեն իսկ ընտրությունները մեզ մոտ սկսվել են: Ինչպես գիտենք` արդեն իսկ իշխանություններն ու որոշ ընդդիմադիրներ համացանցում սկսել են իրար մեղադրանքներ ներկայացնել, բայց անգամ այդ ամենը ռեալ չէ, միայն վիրտուալ տիրույթում է: Առայժմ թեկնածուներն ինչ-որ աշխատանքներ են տանում, հանդիպումներ ունենում, ծրագրեր են մշակում: Այս ընթացքում միայն տեսանելի դարձան հիմնական խաղացողները, նրանց ծրագրերը, այն իմաստով, որ ամենատարբեր կողմնորոշում ունեցող` ռուսական, արեւմտյան եւ հայկական ուժերը, կարծես, հստակ ներկայացրին իրենց հայտերը, իսկ հիմա զուտ առաջադրման պրոցես է:

– Ըստ Ձեզ` ովքե՞ր են հիմնական խաղացողները, ի՞նչ ծրագրեր են ներկայացրել նրանք:

– Հայտ են ներկայացրել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, Սարիկ Մինասյանը, Ռուբեն Մխիթարյանը, «Ապրելու երկիր»-ն է հայտ ներկայացրել, օրերս էլ տեղեկացանք, որ Եվրադաշինքն է հայտ ներկայացրել` երեք կուսակցություն միավորվել ու առաջադրել են Լեւոն Բարսեղյանին: «Մայր Հայաստան»-ի թեկնածուն էլ Կարեն Սիմոնյանն է: Հիմնական խաղացողները նրանք են: Փաստացի ստացվեց, որ աշխարհաքաղաքական «խճանկարը» Գյումրիում պատրաստ է: Գյումրին բոլորի համար խիստ կարեւոր է, քանի որ նախ ՀՀ երկրորդ քաղաքն է, եւ հետո՝ ողջ պատմության ընթացքում ընդդիմադիր է եղել, եւ եթե անգամ ինչ-որ մի շրջանում հավատացել, աջակցել են ինչ-որ մեկին, հետագայում սթափվել են եւ հասկացել, որ թացը չորից պետք է տարբերել:

– Սարիկ Մինասյանն օրեր առաջ հարցազրույց է տվել եւ կրկնել ՔՊ-ականների այն աղմկահարույց թեզը, որ պատերազմում պարտվել ենք, քանի որ չենք կռվել: 

– ՔՊ-ական թեզեր արտահայտելով հանդերձ, լավ է, որ ընդունեց գոնե Արցախի՝ պատմական Հայաստան լինելու փաստը: Նա ՔՊ-ի «իրական Հայաստան»-ի կուրսին դեմ գնաց իր այդ հայտարարությամբ: Այն, որ Սարիկն ասաց՝ «Արցախը պատմական Հայաստան է», սա խոսում է այն մասին, որ նա Արցախի մասին այլ պատկերացումներ ունի: Մնացածը քաղաքական պինգ-պոնգ խաղալու ժանրից են: Ինձ համար հետաքրքրական է այն հանգամանքը, որ նա կարողացավ իշխանության հետ այդ հարցում հակադրվել:

– Մի շրջան կար, որ Նիկոլ Փաշինյանն էլ էր Արցախը Հայաստան համարում, սակայն նրանց հայացքները կայծակնային արագությամբ փոխվում են, Սարիկ Մինասյանը կարող է վաղն էլ դրա ճիշտ հակառակը պնդել:

– Գյումրու համատեքստում խոշոր քաղաքական խնդիրների տեղայնացումը թեպետ կարեւոր է, սակայն դա միակ հարցը չէ, որ հետաքրքրում է գյումրեցիներին: Գյումրեցիների համար էական են որոշ խնդիրների լուծումներ, որոնք, ի դեպ, միայն սոցիալական բնույթի չեն: Մարդիկ իրենց բողոքն ու դժգոհությունը հայտնում են իշխանությունների դեմ, սակայն Գյումրին սահմանամերձ քաղաք է, ունի, օրինակ` ապաստարանների խնդիր: Գյումրիում հեռանկարային հայեցակարգերի խնդիր կա, այդ ամենը թողնել եւ քաղաքական համատեքստում խոսել միայն քաղաքական ուժերի հարաբերությունների մասին, կարծում եմ՝ ժամանակի անիմաստ կորուստ է:

– Ասում են` նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է առաջատարը:

– Նա ունի իր բավականին պինդ ընտրազանգվածը: Նրանք մարդիկ են, ովքեր գնահատում են այն աշխատանքը, որ նա է արել իր կառավարման շրջանում: Կան նաեւ մարդիկ, ովքեր, մյուսների հետ համախոհ չլինելով հանդերձ, գտնում են, որ պետք է ուժեղ անհատականություն կառավարի Գյումրին: Ամեն բան կարող է քաղաքական կոնյունկտուրայից ելնելով փոխվել եւ զարգանալ ամենատարբեր հեռանկարներով: Վարդան Ղուկասյանին կոշտ ձեւով բերման ենթարկեցին, իսկ դա իր ազդեցությունն է թողնելու ընտրությունների վրա: Ես կարծում եմ, որ գյումրեցիներին սիրել պետք չէ, գյումրեցիներին պետք է նվիրվել: Գյումրեցին չի սիրում, որ «վերեւից» միջամտում են իր կյանքին: Մենք ինքնուրույն ժողովուրդ ենք: Ունենք իմունիտետ՝ մեր ասածն առաջ տանելու:

– ՔՊ-ի շանսերի մասին ի՞նչ կասեք:

– 9-22 տոկոս ձայն ունեն հազիվ, բայց կարող են այլ ուժեր միանալ ՔՊ-ին: Ներքին քաղաքական հարցեր կան, ամեն բան կարող է անկանխատեսելի լինել: Ամեն դեպքում, չի կարելի միայն դեբատներ անել Ֆեյսբուքում, իրական կյանքում էլ պետք է ակտիվանալ: Ես վստահ եմ, որ գյումրեցին այս իրավիճակին, թանկացումներին ու ամեն ինչին տալու է իր հստակ գնահատականը: ՔՊ կուսակցությունը չի կարողանալու միահեծան հաղթանակ արձանագրել: Ես ավելի քան վստահ եմ, որ նրանք չեն հաղթելու: Մարդիկ խիստ դժգոհ են Նիկոլ Փաշինյանից:

«Հրապարակ»․ Գյումրեցին չի սիրում, որ «վերեւից» միջամտում են իր կյանքին` մենք ինքնուրույն ժողովուրդ ենք