Ավելի քան 2 տարի է, ինչ Հայաստանի իշխանություններն ու նրա աջակից քաղաքական-փորձագիտական շրջանակները խոսում են ՀՀ տնտեսական դիվերսիֆիկացիայի անհրաժեշտության մասին եւ Ռուսաստանի դեմ արվող քայլերը փաթեթավորում են այդ բառակապակցությամբ՝ հայտարարելով, որ մեկ կամ երկու երկրի շուկաներից մեր տնտեսության կախվածությունն օր առաջ նվազեցնելու անհրաժեշտություն կա, իբր դրանով են պայմանավորված մեր պետությանը հասած դժբախտությունները, ոչ թե իրենց ապաշնորհ քաղաքականությամբ։
Հրապարակ թերթը գրել է․ Մոտ երեք տասնամյակ է, ինչ Հայաստանի առեւտրային թիվ մեկ գործընկերը Ռուսաստանն է, Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է այդ երկրից` նաեւ այն պատճառով, որ համեմատաբար էժան գազ է գնում Ռուսաստանից, հացահատիկի պաշարի 40 տոկոսը ՌԴ-ից է ներմուծում, եւ ՌԴ-ում մի Հայաստան հայ է ապրում։
Պաշտոնական վիճակագրությամբ՝ 2023-ին միայն դեպի Ռուսաստան Հայաստանից արտահանումը կազմել է 3.4 միլիարդ դոլար, դեպի ԵՄ երկրներ՝ մոտ 710 միլիոն դոլար։ Հայ-ռուսական առեւտուրը զգալիորեն աճեց Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմից ու արեւմտյան պատժամիջոցներից ի վեր։ Հայաստանի տնտեսությունը խիստ փոխկապակցված է Ռուսաստանի տնտեսության հետ, Հայաստանը ԵԱՏՄ անդամ է։ Դեռ 2013 թվականին, երբ Հայաստանը մտնում էր ԵԱՏՄ կազմ, բավական խոսվեց այն մասին, որ եվրոպական մեծ գնողունակությամբ հայտնի շուկաներում հայկական ապրանքը դժվար թե տեղ գտնի, նախ` այն ստանդարտների պատճառով, որոնք գործում են այդ երկրներում, եւ հետո` դրանք կայուն շուկաներ են։
Նույնիսկ ասիական շուկաներում տեղ գրավելը մեզ համար բազում խնդիրների հետ է կապված՝ լոգիստիկ եւ այլ պատճառներով, իսկ ռուսական շուկան կորցնելը ոչ միայն հիմարություն կլինի, այլ նաեւ կատաստրոֆիկ կանդրադառնա ՀՀ տնտեսության եւ հայ արտադրողի վրա։ Մինչդեռ մեր իշխանություններն ու նրանց աջակիցները քաջնազարյան համառությամբ մի քանի տարի է՝ խոսում են եվրոպական շուկան նվաճելու եւ Ռուսաստանից կտրվելու մասին։
Եվ դա արվում է ամենաբարձր մակարդակով` վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, օրինակ, ասում էր` Լարսի փակվելը մեզ չի անհանգստացնում, եւ կոչ էր անում ՀՀ-ում եւ արտերկրում ապրող հայերին՝ գնել հայկական արտադրության ապրանքները:
Ոմանք Իրանից այլընտրանքային գազ ստանալու մասին են խոսում: ԵՊՀ դոցենտ, միջազգայնագետ Նուբար Չալըմյանը, օրինակ, մեզ տված հարցազրույցում ասում էր, թե ոչ մի խնդիր չկա` Իրանից եկող գազի խողովակաշարը «կլայնացնենք» եւ կապահովենք գազի սպառումը։
Վերջին տարիներին իշխանությունների կողմից արվե՞լ են արդյոք գործնական քայլեր՝ Հայաստանի տնտեսական քաղաքականությունը հավասարակշռելու, Ռուսաստանից կախվածությունը թուլացնելու, արեւմտյան շուկա մտնելու, տնտեսությունը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ․ մեր հարցին տնտեսագետ Ատոմ Մարգարյանը պատասխանեց․ «Ե՛վ արվում են քայլեր, ե՛ւ անհրաժեշտ ծավալով չեն արվում: Ընդհանուր տնտեսական քաղաքականության մոդելն է խոցելի։
Կառավարությունն այդպիսի երկարաժամկետ, նույնիսկ՝ միջնաժամկետ ծրագրեր կազմելու հնարավորությունից իրեն զրկել է, ինչո՞ւ, որովհետեւ երբ Փաշինյանն իշխանության եկավ, պետական պարտքի այդպիսի ճնշում, ծախսերի, հատկապես սոցիալական ծախսերի այդպիսի մակարդակ գոյություն չուներ, եւ, այո, հնարավորություններ եղել են դիվերսիֆիկացնելու։
Բայց այսօր ունենք մի իրավիճակ, որ մեր տնտեսության գերակշիռ մասը վերստին հիմնված է ծառայությունների վրա, հանքաքարի արդյունահանման վաճառքի, առեւտրի վրա, այսինքն՝ այնպիսի գեներացնող աշխատատեղեր, որոնք ունեն ավելացված արժեքի մեծ մասնաբաժին, բարձր տեխնոլոգիական են, համաշխարհային ճանաչում ստացած բրենդներ են՝ ստեղծված այս ժամանակաշրջանում, անշուշտ, չկան։ Միակ «բրենդը» խաղաբիզնեսն է, որը մեծ շրջանառություններ է գեներացնում եւ, ըստ էության, կասկածահարույց, օֆշորային սխեմաների մեջ թաթախված բիզնես է»։
Տնտեսությունը դիվերսիֆիկացնելու մասին իշխանությունների հայտարարությունները, տնտեսագետի գնահատմամբ, միայն աթոռը պահպանելու խնդիր են լուծում, տնտեսական ցուցանիշները հակառակն են արտացոլում։ Եվրոպական ստանդարտներին ոչ միայն մեր տնտեսությունը չի ձգում, այլեւ դրանց մասին խոսելն է ավելորդ, եվրոպական շուկան էլ՝ երազանք. «Եթե իրավիճակն այս իներցիոն ընթացքով առաջ գնա, տասնամյակներ կպահանջվեն, որ Հայաստանը մոտենա ԵՄ նվազագույն ստանդարտներին, այսպես կոչված՝ մուտքի ստանդարտներին։ Դա վերաբերում է ե՛ւ տեխնոլոգիաներին, ե՛ւ արտադրողականությանը, ե՛ւ 1 շնչի հաշվով եկամտին, կարգավորումներին, բնապահպանական, ֆիտոսանիտարական, բոլոր-բոլոր ստանդարտներին, որոնք ընդունված են ԵՄ-ում։ Հայաստանը դրանցից հեռու է կիլոմետրերով։ Բոլոր այն հայտարարությունները, թե մենք հիմա կվազենք, կհասնենք, հանրաքվե կանենք… բայց հանրաքվեներով չեն լինում, պետք է տեղավորվես նվազագույն չափանիշների մեջ։ Եթե անգամ եվրոպական շուկան այսօր բացի իր դռները, Հայաստանն այնտեղ անելիք չունի՝ առաջիկա 5, 10, 25 տարվա ընթացքում»։
Թվերը փաստում են՝ Հայաստանն այսօր մեծ կախվածություն ունի Ռուսաստանից, սակայն այդ կախվածությունն էլ է գնալով թուլանալու, իսկ եվրոպական շուկան շարունակելու է անհաղթահարելի մնալ հայ արտադրողի համար, այդ ժամանակ մեր տնտեսությունը ոչ նախանձելի վիճակում է հայտնվելու․ «Այդ կախվածությունը, հատկապես՝ թանկարժեք մետաղների, ոսկու վերաարտահանումներով, ինչպես նաեւ՝ այլ շուկաներից բարձրտեխնոլոգիական արտադրանքի՝ Հայաստանով ՌԴ արտահանումների բազմապատկումն էր, օրինակ՝ կենցաղային տեխնիկա, սմարթֆոններ, չիպեր: Հիմա դրանք փուչիկներ են, որ պայթում են՝ Թրամփ-Պուտին ջերմացման ֆոնին: Եթե ուշադրություն դարձնեք հունվար ամսվա թվերին, ինչպիսի՞ն է եղել Ռուսաստանից ներմուծում-արտահանումը` 40 տոկոսով անկում կա, եւ դա բնական է, սանկցիաները շուտով ամբողջովին կհանվեն, ի դեպ, այդ հոսքերը փոքրաթիվ մարդկանց են հարստացրել, դրանք հարկունակ չեն եղել, պետությունն այդքան խելք ու կարողություն չունեցավ՝ հավուր պատշաճի հարկեր այդ եկամուտները»։
Տնտեսագետի գնահատմամբ, Հայաստանում ներդրումներ անելը ռիսկային է դարձել․ «Արտաքին ներդրողները ձեռնպահ են, որովհետեւ ռիսկերը շատ մեծ են, իսկ ներքին ներդրողները գերադասում են դրսում ներդրումներ կատարել` այն պատճառով, որ տնտեսվարողների զգալի մասն այսօր դատարաններում է․ 200-ից ավելի գործեր են հարուցվել ապօրինի գույքի հոդվածով, կարծես սա դարձել է ազարտային խաղ․ դատախազությունը գործեր է հարուցում, Հակակոռուպցիոն կոմիտեն՝ քննում, դատարանները գերծանրաբեռնված են, բայց արդյունքը չի երեւում։ Մինչդեռ հարկավոր էր հենց սկզբից գնալ համաներման ճանապարհով, վերջակետ դնել կապիտալի նախասկզբնական կուտակման տրամաբանությանը, բայց այս հարցում էլ կոմպետենտություն չենք տեսնում։ Այնպես որ, այս պայմաններում ո՞ր խելագարը ներդրում կկատարի Հայաստանում»։
Այլընտրանքային ճանապարհով գազ գնելու հեռանկարը, տնտեսագետի գնահատմամբ, առհասարակ մշուշոտ է․ «Հայտարարությունները, թե գազ կստանանք Իրանից, Ադրբեջանից, ուղղակի հեքիաթներ են։ Թուրք-ադրբեջանական տանդեմը երբեք թույլ չի տա, որ Հայաստանը որպես կենսունակ պետություն կայանա, սա հասկանալի է անգամ առաջին կուրսի ուսանողներին։ Կամ՝ ո՞վ է թույլ տալու, որ խողովակ լայնացնեք, նախ՝ այդ խողովակը ձերը չէ, սեփականատերը «Գազպրոմն» է, ռուսական սեփականություն է դա, այլ բան է, որ ձեր խողովակը դուք անցկացնեք, իսկ դրա համար միլիարդավոր դոլարների ներդրումներ են պետք, որը չունեք, սա է հարցը։ Երկրորդը․ ռուսները հիմար չեն, որ ենթակառուցվածքները վերցրել ու տնտեսական մոդելներ են թելադրում, նաեւ հնարավորություններ են տալիս․ գազը, որ շուկայական գնից անհամեմատ էժան Հայաստանը ստանում է, մեծ հնարավորություն էր, իրենց ասած, դիվերսիֆիկացիան իրականացնելու, սակայն դրանից որեւէ կառավարություն չի օգտվել»։
Ամփոփելով՝ Ատոմ Մարգարյանն ասաց․ «Այս տարածաշրջանում գոյատեւելու համար պետք է ունենալ մոբիլիզացիոն հզոր տնտեսություն, էժան պետական ապարատ, հաշվետու, պատասխանատու իշխանություն եւ այլն»։
Բաց մի թողեք
Նիկոլը բոլորի վատ անցյալը մոռացնել տվեց, ահ ու սարսափներին դարձրեց իրեն մրցակից
Ադրբեջանին ոչինչ բացատրել պետք չէ, Ադրբեջանին հաղթել է պետք․ Ալեքսան Հակոբյան
Ստամբուլի քաաղքապետի ձերբակալությունից հետո քաղաքն ալեկոծվում է, ոստիկաններ են վիրավորվել