21/03/2025

Կարմիր խաչի բժիշկը հացադուլի ընթացքում այցելել է Վարդանյանին, վիճակը մեր ուշադրության կենտրոնում է. Ամատունի

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները՝ ներառյալ բժիշկը, փետրվարին այցելել են Բաքվում պահվող հայ կալանավորներին, դա եղել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի ժամանակ:

Այս մասին լրագրողներին հայտնել էց Կարմիր խաչի միջազգային կազմակերպության պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ հավելելով, որ բժիշկը պատվիրակության անդամ է, իսկ ԿԽՄԿ-ն իրավունք չունի առողջական վիճակի կամ պահման պայմանների մասին տեղեկատվություն փոխանցել անգամ ընտանիքի անդամներին:

«Երբ ասում ենք` հեռախոսակապի հնարավորություն է տրվում, շատ դեպքերում դա ընկալվում է, թե անվերապահորեն բոլորն օգտվում են դրանից։ Միայն հեռախոսակապ չէ, կապի տարբեր միջոցներ են կիրառվում, և դրանց մի մասը հատուկ համաձայնեցվում է Ադրբեջանի իշխանությունների հետ, այնինչ հիմնական կապը, որ թույլատրվում է, դա Կարմիր խաչի նամակներն են։

Շատ դժվար է ասել` ինչը կարող է անձին դրդել հրաժարվել կապից։ Մարդիկ գտնվում են իրենց համար ոչ բնական պայմաններում, տարբեր որոշումներ կարող են կայացնել` իրենց վիճակից լինելով։ Բայց յուրաքանչյուր տեսակցության ընթացքում մենք նրանց փոխանցում ենք նամակներ կամ ուղերձներ իրենց հարազատներից»,- հավելել է Ամատունին: