22/03/2025

Հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանի ինքնազգացողություն վատացել է․ Բաքվի բանտերում դատվում է հայ ժողովուրդը

Երրորդ օրն է, ինչ «Ապրելու երկիր» կուսակցության համանախագահ Մանե Թանդիլյանն ու նույն կուսակցության անդամ Վարդան Ավագյանը հացադուլ են հայտարարել՝ ի աջակցություն Բաքվում պահվող հայ ռազմագերիների։

Այսօր Մանե Թանդիլյանի ինքնազգացողությունը վատացել է։ Բժիշկներին հաջողվել է Թանդիլյանի վիճակը կայունացնել, վերջինս քնել է։

«Այո՛, Մանե Թանդիլյանի ինքնազգացողությունը վատացել է, բայց մենք շարունակելու ենք մեր անժամկետ հացադուլը։ Այսկերպ մենք մեր ձայնն ենք հնչեցնում»,- MediaHub-ի հետ զրույցում ասել է Վարդան Ավագյանը։ Նրա խոսքով՝ եթե իրենք ազատության մեջ են հացադուլ անում, ապա Ռուբեն Վարդանյանը 14 օր է՝ Բաքվի բանտում է հացադուլ անում․ «Առողջական վիճակն արդեն ծայրահեղ է։ Եվ մենք պետք է հնչեցնենք մեր ձայնը։ Եթե մարդիկ կարծում են՝ մեր այս պահանջը գրգռելու է Ադրբեջանին, ապա ընդհակառակը, պետք է մեր ձայնն ավելի լսելի դարձնենք։ Բաքվի բանտերում դատվում են հայորդիները։ Դատական ֆարս է տեղի ունենում։ Բոլորը պետք է պայքարեն, բարձրաձայնեն, քանի որ Բաքվի բանտերում դատվում է հայ ժողովուրդը, հայի արժանապատվությունը»։

Հարցին, թե արդյո՞ք այս ամենն ավելի վատ հետևանք չի ունենա, հատկապես, երբ իշխանությունն իր լռությունը հենց այդ ամենով է արդարացնում՝ նշելով, թե հրապարակային խոսքն ավելի կվնասի, Վարդան Ավագյանը պատասխանեց՝ դա ՀՀ իշխանությունների անգործության արդարացումն է․ «Այն, որ խոշտանգումներ են լինում, դուք տեսնում եք։ Բայց եթե լռենք, ոչինչ չի փոխվելու, նրանք շարունակելու են իրեն հայատյաց քաղաքականությունը։ Մենք պետք է խոսենք, պետք է բռնենք Ադրբեջանի ձեռքը»։ Նա վստահեցրեց՝ շարունակելու են հացադուլը, քանի դեռ իրենց ձայնը լսելի չի դարձել․ «Ռուբեն Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում, անընդունելի է սա»։

Translate »