09/03/2025

Հայաստանը Մինսկում մասնակցել է «Մարքեթինգի, գովազդի և բրենդինգի օրեր 2025» միջազգային կոնֆերանսին. Լուսանկարներ

Հայաստանը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մասնակցել է «Մարքեթինգի, գովազդի և բրենդինգի օրեր 2025» միջազգային կոնֆերանսին։

Միջոցառումը համախմբել է ավելի քան 400 մասնագետների, միջազգային և տեղական ապրանքանիշերի ներկայացուցիչների, ովքեր ձգտում են բարելավել սեփական արդյունավետությունը և պահպանել առաջատարի դիրքերը նորարար մարքեթինգային ռազմավարությունների և արդյունավետ բրենդային հաղորդակցության միջոցով:

Հայաստանից միջոցառմանը հանդես է եկել Հայաստանի գովազդային խորհրդի կոորդինատոր, PR մասնագետ, դասախոս Ռոզա Գրիգորյանը։ Նա ներկայացրել է հայաստանյան գովազդային, մարքեթինգային և բրենդինգային շուկայի առանձնահատկությունները, ինչպես նաև անդրադարձել վերջին տարիների լավագույն արշավներին, որոնք իրականացրել են հայաստանյան տարբեր գովազդային գործակալություններ ու բրենդներ։

Ներկայացված արշավներից մասնակիցներին հատկապես տպավորել է «Բավական է» արշավն՝ ընդդեմ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների, ինչպես նաև պլաստիկ վիրաբուժությանն առնչվող մի շարք արշավներ, հայաստանյան ընկերությունների բրենդինգային աննախադեպ լուծումներ։ Ռոզա Գրիգորյանն առանձնահատուկ կարևորել է նման միջոցառումների անցկացումը՝ երկկողմ փորձով կիսվելու ու առավել հետաքրքրական արշավներից ոգեշնչվելու և դրանք տեղայնացնելու համատեքստում։

Նշենք, որ «Մարքեթինգի, գովազդի և բրենդինգի օրեր 2025» միջազգային կոնֆերանսի երկու օրերին մասնակիցներն ունկնդրել են 45 վարպետության դասեր. ծրագիրը հագեցած էր նոր կրեատիվ լուծումների պրեզենտացիաներով, ներառյալ մարքեթինգում ԱԲ-ի ներդրման պրակտիկայի, օնլայն և օֆլայն մեդիա միջավայրում նորարարական ինտեգրման և բրենդային համագործակցության օրինակների, տեսողական բրենդի ինքնության ստեղծման ոլորտում առկա միտումների և այլ համապատասխան լուծումների վերաբերյալ՝ տարբեր ոլորտներում ընկերությունների մարքեթինգային արդյունավետ ռազմավարությունների ստեղծման համար: