20/03/2025

Վարդանյանը գիտակցում է վրեժխնդրության ռիսկերը եւ կրում դրանց փաստացի հետեւանքները․ Սիրանուշ Սահակյան

Ռուբեն Վարդանյանը Բաքվի  բանտից ընտանիքի միջոցով աուդիոուղերձ է փոխանցել՝ հեռախոսազրույցի ժամանակ խնդրել իրեն ձայնագրել, հրապարակել: Վարդանյանը Բաքվի բանտից խոսում է չհուսահատվելու մասին, ասում է, որ ուժեղ է, գիտակցում է՝ ինչ է անում. «Ես գիտակցել եմ ինչի եմ գնում, պատրաստ եմ եղել և պատրաստ եմ ավելի վատ պայմանների: Ես զոհ չեմ, ինձ պետք չէ խղճալ, քանի որ սա գիտակցված որոշում է»: Բաքվի բանտից նա մեզ ասում է՝ դատում են ոչ թե ինձ ու մյուս 15  հոգուն, այլ բոլոր հայերին: 

Իհարկե, դժվար է առանց էմոցիաների լսել շուրջ 20 օր թշնամու բանտում, Աստված գիտի՝ ինչ պայմաններում հացադուլ անող մարդուն, դժվար է որեւէ բան ասել, վերլուծել նրա ուղերձը, բայց մի բան հստակ է` Վարդանյանը չկոտրվելու մասին է խոսում:

Հայաստանի իշխանությունների անգործության պայմաններում, Բաքվի բանտերում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը խոշտանգվում է, զրկված է իրական պաշտպանության որեւէ միջոցից, բայց անգամ այդ դժոխային պայմաններում իրեն պահում է ավելի արժանապատիվ ու քաջ, քան Երեւանում համակարգիչների դիմաց, իրենց տաքուկ աշխատասենյակներից այդ ամենին հետեւողները: Ռուբեն Վարդանյանը միակը չէ, Դավիթ Մանուկյանը, Լեւոն Մնացականյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանն ու մյուսներն իրենց արժանապատիվ են պահում՝ գտնվելով թշամու բանտում, ավելի արժանապատիվ, քան Հայաստանի վախվորած իշխանությունը, նրան ծառայող չինովնիկները, որոնք անգամ վախենում են հրապարակավ հայտարարել, որ պաշտոնը թողնում են, որովհետեւ համաձայն չեն Ալիեւի առաջ ծնկի եկած իշխանության որդեգրած կուրսի հետ: Հավանաբար, սա այն կարեւոր արձանագրումն է, որ այս օրերին պետք է անել:

Ռուբեն Վարդանյանն ուղերձում խոսում է խաղաղության մասին, ասում է, որ հավատում է՝ կհաղթահարենք փոխադարձ թշնամանքն ու կուտակված ատելությունը, ինչպես դա ստացվել է որոշ ժողովուրդների մոտ: «Բայց եթե մենք ուզում ենք դա իսկապես անել, մեզ պետք է իրական երկարաժամկետ խաղաղություն՝ ոչ թե թղթի վրա ստորագրված, այլ կյանքի կոչված: Մենք պետք է հիշենք, որ մեզ ոչ ոք ոչնչով պարտական չէ, որ միայն ուժեղ մարդկանց հետ, էլիտա, արժանապատվություն, պատիվ ունեցող երկրի հետ կարող են իրական պայմանավորվածություններ ձեռք բերվել»,-ասում է նա:  Ուղերձում նաեւ նա խոսում է Սումգայիթի ու Խոջալուի դեպքերի մասին. «Հիշեք, որ չարին երբեք չի կարելի չարությամբ պատասխանել. նա դրանից մեծանում է և ավելի ու ավելի ուժեղ դառնում: Սումգայիթից հետո տեղի է ունենում Խոջալուն, և այդպես անվերջ: Այդ ճանապարհն ինձ համար միշտ անընդունելի է եղել,  որովհետև այն ապագա չունի, դա միայն փակուղի է, որը, ցավոք, լավ ելք չի ունենում»:

Եւ որոշ մարդիկ, որոնք ձվի մեջ մազ են փնտրում, կենտրոնացան ոչ թե այն ուժեղ, հայրենասիրական խոսքի եւ կամքի վրա, որը բխում է այդ ուղերձի ամեն տողից, այլ Խոջալուի հիշատակման: «Խոջալուի հիշատակումը տրամաբանական է, ինչպես գիտեք, տարբեր հարթակներում քննարկվում է Խոջալուի դեպքերի հարցը եւ այստեղ կա պատմական քննարկում ու քննարկումներն են, որ կարող են ծնել ճշմարտությունը: Այստեղ պատմական, ակադեմիական խոսքի հնարավորություն կա, որի առնչությամբ մենք անգամ ունենք ՄԻԵԴ-ի արձանագրումները, կարծում եմ, որ Ռուբեն Վարդանյանի խոսքը պետք է մեկնաբանել այն համատեքստում, որ պատմական իրադարձությունները եւս պետք է քննարկման առարկա դարձնել: Կարծում եմ՝ պարոն Վարդանյանի համար տեսանելի է եղել ուղերձի վերահսկումը, սակայն դա չէր կարող կանխել իր խոսքի արտահայտումը: Պարոն Վարդանյանը գիտակցում է վրեժխնդրության ռիսկերը եւ կրում դրանց փաստացի հետեւանքները, սակայն այդ ամենը չեն կարող կանխել այն գործողությունները, որոնց վերաբերյալ նա ունի գիտակցված որոշումներ»,- «Հրապարակ»-ին ասում է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը:

«Կարծում եմ՝ նպատակը եղել է ցուցադրելու, որ հայկական կողմը կաշկանդվածություն չունի եւ եթե տեղի են ունեցել իրադարձություններ, որտեղ երկու կողմը միմյանց մեղադրում են, ապա դրանք հավասարապես քննարկելի են եւ այն երեւույթները, որոնք գնահատվում են ոչ օրինական կամ ոչ արդար ադրբեջանցիների կողմից` իրենց նկատմամբ, նույնական արժեքային վերաբերմունքի կարժանանան, եթե անգամ այդ միջադեպերը կապված են ադրբեջանցիների հետ եւ հենց այստեղ է հայերի եւ ադրբեջանցիների տարբերությունը: Կարծում եմ, որ հայկական կողմը ոչ թե ցանկանում է կոծկել անթույլատրելի արարքները, այլ արձանագրում դրանք, եւ եթե անգամ իզոլացված դեպքեր տեղի են ունեցել, ցանկանում է կանխել նման արարքների կրկնողությունը: Իմ գնահատմամբ՝ այդ իրադարձությունները բաց են պատմական եւ մասնագիտական քննարկումների համար»- ասում է Սահակյանը:

Իրավապաշտպանը չափազանց կարեւոր է համարում Վարդանյանի կողմից արժեքների արձանագրումը՝ այն, որ մարդկային կյանքն առավել կարեւոր չէ, քան արժեքները: Մյուս կարեւոր ուղերձը անտարբերությունից դուրս գալու կոչն է, որը, ըստ Սահակյանի չարիքներ է ստեղծում ու հասարակությունը պետք է համապատասխան հետեւություններ անի՝ այդ թվում նաեւ մեր պետության ապագայի վերաբերյալ, ինչպես նաեւ տեւական խաղաղության մասին արձանագրումը՝ այն համատեքստում, որ դա միայն թղթի վրա իրագործվել չի կարող` առանց նախադրյալների եւ միջավայրի որեւէ խաղաղություն չի կարող իրական լինել:

Հրապարակ թերթը գրել է․ Սիրանուշ Սահակյանին խնդրեցինք անդրադառնալ նաեւ Կարմիր Խաչը փակելու Բաքվի նախաձեռնությանը: Մեր զրուցակիցը շեշտում է՝  Ադրբեջանը ցանկանում է իր տարածքից վտարել բոլոր այն կառույցներին, որոնք կարող են արձանագրել մարդու իրավունքների՝ օրեցօր վատթարացող վիճակը կամ պաշտպանել մարդու իրավունքները Ադրբեջանում:

«Այդ կազմակերպությունների գործունեությունը խոչընդոտ է Ադրբեջանի համար, նաեւ վարկանիշային վատ հետեւանքներ է թողնում այդ երկրի համար, ուստի ավտորիտար ռեժիմի շահերից է բխում վտարել այս կառույցներին: Գործընթացը մեկնարկել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեով, ինչը եւս բացատերլի է, քանի որ անմիջականորեն առնչվում են հայ գերիների շահերին եւ այստեղ եւս էթնիկ գործոնները մենք դիտարկում ենք: Այս պարագայում շատ մեծ ու կարեւոր խնդիր ունենք լուծելու՝ ապահովել հյուպատոսական ծառայությունների տրամադրում ՀՀ քաղաքացիներին՝ այնտեղ պահվող պատանդներին եւ քանի որ ՀՀ-Ադրբեջան դիվանագիտական հարաբերությունների բացակայությամբ պայմանավորված՝ դրա իրականացումը ուղղակիորեն, անմիջականորեն հնարավոր չէ, Հայաստանն այդ իրավունքը պետք է պատվիրակի չեզոք երկրների»,- բացատրում է Սահակյանը:

Նրա փոխանցմամբ,  չորս տասնյակ կազմակերպություններ արդեն դիմել են Շվեյցարիայի դեսպանությանը՝ խնդրելով ստանձնել չեզոք՝ երրորդ երկրի դերը եւ ՀՀ-ի անունից միջնորդավորված տրամադրել հյուպատոսական ծառայություն բոլոր հայ պատանդներին: Սահակյանը սա առաջնահերթություն է համարում եւ հիշեցնում Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանի մատնանշած քայլերը, որոնք իրագործելի են եւ կիրառվել են այլ պետությունների կողմից՝ իրենց քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար:

«Կարծում ենք, որ եթե ադրբեջանական վարքագիծը առավել ագրեսիվ է դառնում, Հայաստանը պետք է նոր վարույթներ նախաձեռնի Ադրբեջանի դեմ եւ ինչու ոչ, որպես հիմք կարող է լինել նաեւ Խոշտանգումների դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիան»,- եզրափակում է իրավապաշտպանը: