24/04/2025

Սարիկի հաղթանակի համար ընտրական գործընթացների մեջ ներգրավել են նաեւ բանակը

Գյումրու ընտրություններին իրենց Սարիկի հաղթանակի համար իշխանություններն ընտրական գործընթացների մեջ ներգրավել են նաեւ բանակը։

«Հրապարակ» գրում է․ Ռազմական ոստիկանության պետ, շիրակցի Աշոտ Զաքարյանն անցած շաբաթ Գյումրիում հավաքել է զորամասերի ղեկավարներին եւ հրահանգել, որ զորքը պետք է ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանի օգտին քվեարկի, վերահսկեն, որ հրահանգն անշեղորեն կատարվի:

Աշոտ Զաքարյանի «սխոդկայից» հետո հրամանատարներին «պատիվ» են տվել, այդ գործն էլ իր վրա է վերցրել Սուրեն Պապիկյանի հորեղբորորդին՝ Գյումրու նախկին փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանը։

Պետական պաշտոնյաները «ջրի ճամփա» են սարքել Գյումրին: Մեկ շաբաթ առաջ էլ Գյումրի էր մեկնել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, այցելել բժշկական կենտրոններ եւ հանդիպել, իր բնորոշմամբ` «հանրային կյանքում ակտիվ ու նախաձեռնող կանանց հետ»: Նույն օրերին Գյումրի էր մեկնել նաեւ տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանը:

Լրատվամիջոցներում Գյումրիի նախընտրական քարոզարշավում բանակի և բարձրաստիճան սպաների ներգրավվածության վերաբերյալ հրապարակումներ են զետեղվում:

Այս կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց գործառույթների իրականացման շրջանակում զորամիավորումներում, տարբեր կայազորներում պարբերաբար հանդիպում-քննարկումներ են անցկացնում հրամանատարական կազմի ներկայացուցիչների հետ, սակայն այդ հանդիպումները քաղաքական ուղղվածություն, ենթատեքստ չունեն և բացառապես բանակային օրակարգի շրջանակում են:

«Ուստի հորդորում ենք զերծ մնալ բանակի և նրա ներկայացուցիչների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ կատարելուց»,- ասվում է հաղորդագրության մեջ: