Մարտի 30-ին համայնքապետի – ավագանու ընտրություններ են նաև Արմավիրի մարզի՝ Երևանի հարևանությամբ Փարաքար խոշորացված համայնքում, որն ընդգրկում է Թաիրով, Մերձավան, Նորակերտ, Բաղրամյան, Պտղունք, Մուսալեռ, Արևշատ, Այգեկ և Փարաքար գյուղերը։
Մենք հարցում ենք անցկացրել 834 ՀՀ չափահաս քաղաքացիների շրջանում, սակայն միայն Փարաքար, Թաիրով, Մերձավան և Նորակերտ գյուղերում, որը հրապարակում ենք առանձին։
Զրուցում ենք մեր հարցումների արդյուքներով առաջատար՝ Միասնություն դաշինքը գլխավորող Վալոդյա Գրիգորյանի հետ։ Ի դեպ, Միասնություն դաշինքում են՝ Ապրելու երկիր և Հաղթանակ կուսակցությունները։
Պարոն Գրիգորյան, դուք ներկայանում եք Միասնություն դաշինքով։ ՀՀ քաղաքական պատմության մեջ մեկ էլ Միասնություն դաշինք էին ձևավորել Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը։ Այդ պատկառելի հսկաներից հետո դաշինքի անունը պատասխանատվության զգացում ներշնչում է Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար – ավագանու ընտրության հարցում։
Ես միայն ուրախ եմ նման ասոցացիայի համար։ Իհարկե՝ մեծ պատասխանատվություն ու պատիվ է, անխոս։ Միասնությունն առհասարակ անպարտելի ուժ է ու Միասնությունը երբեք չի պարտվելու։
Ինչպես է ընթանում քարոզարշավը, որքանով քաղաքակիրթ։
Երրորդ օրն է, ինչ սկսել ենք նախընտրական քարոզարշավը, շատ տպավորված եմ ժողովրդի արձագանքից՝ աջակցությունը շատ բարձր է։ Անկեղծ ասած՝ շատ չեմ հետևում մյուս թեկնածուների քարոզարշավներին, հետևաբար՝ ոչ քաղաքակիրթ ընդգծված երևույթների էլ չեմ հանդիպել, եթե հանկարծ պատահեն, ապա միանշանակ է, որ իմ պատասխանը կլինի։ Կարծում եմ, բոլորս պարտավոր ենք կոռեկտ լինել։
Դուք ինչպիսի քարոզարշավ եք իրականացնում և Փարաքար խոշորացված համայնքի բնակիչներն ինչ հարցերով են դիմում Ձեզ։
Բնակիչների խնդիրներն ու բարձրաձայնվող հարցերը բազմաթիվ են՝ թե՛ սոցիալական, թե՛ համայնքային ․․․ Հիմնականում միջհամայնքային ճանապարհների հետ կապված խնդիրներն են, խմելու ջրի հետ կապված հիմնահարցերը, ինչպես նաև՝ ոռոգման համակարգն է շատ անմխիթար վիճակում։ Հատկապես վերջին երեք տարիներին ոչ պատշաճ է կառավարվել Փարաքար խոշորացված համայնքը, ոմանց անձնական խնդիրներն են լուծվել, մյուսներինն, ընդ որում՝ հողի, բնակարանի, ինքնակամ կառույցի օրինականացման հարցերը մնացել են չլուծված, որևէ շարքային քաղաքացու հարց չի լուծվել, միայն մերձավոր շրջապատի։ Մարդիկ 2021 թ․-ին իրենց վստահության քվեն տվել են ինձ, նրանց շատ հաճախ ասել են, թե դուք ընտրել եք այսինչ մարդուն, ուրեմն գնացեք ու պահանջեք նրանից։ Փոխարենը, ես այսօր էլ ասում եմ, որ ես լինելու եմ բոլորի համայնքապետը, ինչը նաև իմ նախընտրական կարգախոսներից մեկն է։
Թե 2021-ի, թե հիմա, Դուք առաջատար եք, ինչով եք դա պայմանավորում, գոնե Մերձավանում թերևս մեծ է նաև Ձեր հայրիկի՝ Լևոն Գրիգորյանի հեղինակությունը, ինչը նաև Դուք եք ժառանգել։
Ինչ խոսք, մեծ է հայրիկիս հեղինակությունը, ով երկար տարիներ ղեկավարել է Մերձավան համայնքը ու շատերը գոհ են եղել նրանից։ Այդ ամենը նաև ինձ պարտավորեցնում է՝ ապրել ու աշխատել նույն կերպ, անել էլ ավելին, որպեսզի կրկնապատկել այդ ամենը։
Ինչ վերաբերում է ինձ՝ անընդմեջ շփման մեջ եմ բոլոր համայնքների՝ բոլոր բնակիչների հետ, ցանկացած հարցով նրանք դիմել ու դիմում են ինձ, յուրաքանչյուրի խնդիրը նաև իմ խնդիրն է։ Երևի թե չեք գտնի որևէ մեկին, ով ինչ-ինչ հարցով դիմել է ինձ ու լուծման ուղին չի գտնվել։ Շատ անմիջական եմ, մեծ ընկերություն եմ ձևավորել, երբեք բարձր դիրքերից չեմ խոսել որևէ մեկի հետ ու այդպիսին չեմ լինի երբեք՝ անկախ պաշտոնից, դա սկզբունք է ինձ համար, հավասարությունն ամենալավ բանն է։ Հենց դա է հաղթում այսօր, ինչն ինձ համար պարզապես ապրելակերպ է։ Շատ անգամ եմ խորհուրդներ տվել նաև այսօրվա ժամանակավոր պաշտոնակատարին, երբ գործունեության սխալ ուղի է ընտրել, երբ քաղաքացուն բնորոշել է ըստ քաղաքական թիմերի, ասել եմ, որ դա ի վնաս քեզ է գործելու ընտրությունների ժամանակ, սակայն չի ընկալվել, շարունակել են մարդկանց թիրախավորել։
Ժողովուրդը շատ լավ գիտակցում է՝ ով ով է, իրենք շարունակում են բաժանել փարաքարցիների ու մյուսների, իբրև թե խոշորացված համայնքի անունը Փարաքար է, ուրեմն՝ համայնքապետն էլ փարաքարցի պիտի լինի, ինչը ճիշտ չէ, բնականաբար։ Փոխարենը՝ ճիշտը կառավարման արդյունավետ մոդելի ընտրությունն է, ինչի դեպքում կապ չունի, թե համայնքապետը ծնունդով որ գյուղից է։ Փարաքարում էլ ինձ շատերը, եթե ոչ բոլորն են ճանաչում, ու իրենք էլ կփաստեն, որ ինձ համար տարբերություն չկա, թե ով որ գյուղից է, անգամ հարևան, բարեկամի ու մյուսների բարձրացվող հարցերի միջև տարբերություն չպետք է լինի, ավելին, եթե հարևանն ու հեռավոր գյուղի բնակիչն են նույն պահին հասել ինձ մոտ, ապա երկրորդը հեռվից է եկել, կարող է առաջնահերթ ներկայացնել իր խնդիրը, որովհետև ճիգ է գործադրել, ճանապարհ կտրել, դեռ պիտի վերադառնա, ապա միայն հարևանը։ Բոլորի հիմնահարցերն էլ լուծելի են, ինձ համար չկա անլուծելի հարց։ Ես այդպես եմ ապրում ու հաղորդակցվում, չգիտեմ՝ ճիշտ է, թե՝ սխալ, բայց կարծում եմ, այսօր, երբ մեծամասնությունն է ինձ վստահության քվե տալիս, ակունքները նաև այդտեղ են։
2021 թ․ ընտրություններից հետո Դուք Ապրելու երկիր խմբակցությամբ ավագանի եք Փարաքար խոշորացված համայնքում, ինչպես եք գնահատում ձեր կատարած աշխատանքը, ձեր առաջարկությունները, նախաձեռնություններն ընդունվել են։
Ի սկզբանե, ես առաջարկեցի, որ համատեղ կառավարենք, ես՝ համայնքապետ, իրենք՝ տեղակալներ, որովհետև ընդգծված ամենաշատ քվեները ես էի ստացել, սակայն մերժեցին՝ պատճառաբանելով, թե իրենց 2 խմբակցությունների հանրագումար 11 մանդատը, մեր 1 խմբակցության 10 մանդատից շատ է։ Ձևավորվեց 11-ը 10-ից շատ է բառակապակցությունը, ինչն աընդհատ կրկնում էին պատգամավորները, նախարարներն ու համայնքապետերը։ Արդյունքում՝ իմ ստացած 49 տոկոս քվեն անտեսեցին, որի արդյունքում մենք չենք մասնակցել որևէ նիստի, որևէ կերպ չենք կառավարել համայնքը։ Իրենք կառավարման շրջանը միմյանց միջև բաժանեցին ըստ 2,5 տարիների, սակայն առաջինի կառավարումից հետո մեկը կալանավորվեց, նրա հետ միասին նաև վարչական շրջանների ղեկավարներ, որի արդյունքում արդեն քվորում չապահովվեց ավագանիների նիստերում։ Արդ ժամանակ միայն, հիշեցին մեզ, որ կա Վալոդյա Գրիգորյան ու ևս 10 մանդատ։ Սկսեցին համոզել, թե եկեք աշխատենք, զարգացնենք ․․․
Դրա արդյունքում է, որ դուք չեք մասնակցել կամ չեք քվեարկել, որ բյուջեն հաստատվի, Արևաշատի մանկապարտեզը բացվի ․․․
Երբ մեր կարիքը չկար, մեզ չէին հիշում, մենք իրենց պետք չէինք, իրենք իրենց 11 մանդատով նիստեր էին գումարում, ինչ ուզում՝ անում էին։ Հիմա բարձրախոսների առջև ճամարտակում են, թե չեկան, չհաստաեցին ․․․ Ինչու պիտի գայինք, ինչու պիտի համագործակցեինք, երբ տեղյակ չէինք, թե ինչ եք արել մինչ այդ, երբ ի սկզբանե դուք ձեզ սխալ եք պահել, երբ ասում էիք դուք մեզ պետք չեք՝ 11-ը 10-ից շատ է, բա իշխանություն էիք, անեիք, դուք համայնքը կործանեցիք, հետո նոր միայն մենք պետք եկանք։ Այդ նույն պատգամավորները, երբ հոխորտում են, համայնքում նրանց որևէ մեկը չի ճանաչում, ինձ են հարցնում, թե էս աղջիկն ով է, որ եկել խոսում է, ինչ կապ ունի առհասարակ մեր գյուղի հետ։ Պարծենում են, թե ասֆալտ են արել, դա էլ չէին ուզում արած լինել ․․․ կարող է տանից եք բերել կամ սեփական գրպանից ծախսել դա անելու համար։
Իրենք ասում են, թե մենք իբր ձախողել են Արևաշատ համայնքի մանկապարտեզի բացումը։ Մինչդեռ, ես ամենօրյա շփման մեջ եմ արևաշատցիների հետ, իրենք էլ գիտեն, տեղեկացված են, որ դա պարզապես քաղաքական մանիպուլյացիա է, չի աշխատում։ Եթե կուզեք՝ ներկայացնեմ մանրամասները, թող բոլորն իմանան․ Ավագանու նիստ էին հրավիրել ու խնդրել էին, որ մասնակցենք, որտեղ հողային 5 – 6 հարցեր կային, սակայն մենք առաջարկեցինք ընդգրկել բնակիչների բոլոր հողային հարցերը, Արևաշատի մանկապարտեզի հարցին էլ բնականաբար, դրական քվեարկենք, բոլորն ընդունենք, սակայն իրենք չընդունեցին բոլորը։ Անգամ հրաժարվեցին հանել հողային մի քանի հարցերն ու թողել միայն Արևաշատի մանկապարտեզինը, որ կողմ քվերկենք։ Արդյունքում, օրակարգը չհաստավեց՝ իրենց մեղքով։ Արևաշատ համայնքի բնակիչները տեսել են տեսագրությունը, գիտեն ամեն բան, պարզապես իշխանությունը փորձում է խաբել ժողովրդին, ինչը իրենց չի հաջողվի։
Իսկ ձեր նախընտրական ծրագիրը փոխվել է 2021 թ․ քարոզարշավի համեմատ՝ համալրվել է, պակասել ․․․ Ու, ձեր նախընտրական կարգախոսը որն է՝ Ընտրիր և պահանջիր, թե՝ Բոլորի համայնքապետը։
Այո, համալրվել է, այսօր ընդլայնված ծրագիր ենք ներկայացնում, բուկլետներով ներկայացնում ընտրողներին․
1. Մանկապարտեզների անվճար սպասարկում 2025թ․-ի սեպտեմբերի 1-ից
2. Բոլոր գյուղերը միավորող ներհամայնքային անվճար տրանսպորտի ներդրում 2026թ․-ից
3. Ներհամայնքային փողոցների բարեկարգում,ասֆալտապատում
4. Բոլոր թաղամասերում փողոցային լուսավորության համակարգի ներդրում
5. Խմելու և ոռոգման ջրի ներքին ցանցերի վերանորոգում և կառուցում
6. Փարաքար, Թաիրով բնակավայրերում անցնող ջրանցքի բարեկարգում
7. Գերեզմանատների բարեկարգում
8. Շենքերի տանիքների, շքամուտքերի վերանորոգում
9. Խաղահրապարակների և զբոսայգիների կառուցում, բարեկարգում
10. Սպորտային հրապարակների կառուցում, վերանորոգում
11. Մանկապարտեզների շենքերի վերանորոգում, կահավորում
12. Սպորտային և արվեստի դպրոցների վերանորոգում, կահավորում
13. Միջազգային չափանիշների սպորտային համալիրի կառուցում
14. Բժշկական ամբուլատորիաների վերանորոգում, կահավորում
15. Մշակութային կառույցների վերանորոգում
16. Հանրային բաց լողավազանի կառուցում
17. Երիտասարդների համար ժամանցի վայրերի կառուցում
18. Բնակիչների կադաստրային խնդիրների կարգավորում
Ինչ վերաբերում է կարգախոսին՝ միանշանակ է, որ բոլորի համայնքապետն եմ լինելու, սակայն ընտրում են նաև պահանջելու միտումով։
Ինչպես եք գնահատում ձեր ընտրվելու հնարավորությունն ինքներդ։
Պայքարելու ենք մինչև վերջ։ Չի կարող նույնը կրկնվել, ինչպես 2021 թվականին, այս անգամ 50 + 1 տոկոս քվե կապահովենք և կստանձնենք Փարաքար խոշորացված համայնքի լիիրավ կառավարումը։ Դրա մասին է հուշում ինչպես մեր՝ բոլորիս նախատրամադրվածությունը, այնպես էլ՝ մեր ավագանու ցուցակում նոր անունների ընդգրկումը, ովքեր տարիներ առաջ գուցե այլ կերպ էին մտածում։ Այժմ՝ բոլորս համախմբվել ենք Միասնության շուրջ, միակամ ենք, համառ ու հասնելու ենք արդյունքի ․․․ Անպայման։
Ձեր կոչը, խոսքն ընտրողներին, գուցե առավելապես նրանց, ովքեր դեռ չեն կողմնորոշվել, թե ում ընտրեն։
Կուզեմ, որ քվեարկությունից առաջ լավ մտածեն, քվեն տեղին տան, հիշեն ամեն ինչ ու նայեն առաջ, որ նույնը չկրկնվի հանկարծ ու համայնքները զարգանան։ Պետք է ճիշտ ընտրություն, որ համայնքի, բնակիչների խնդիրները լուծվեն, նույն կերպ չդոփենք տեղում։ Ափսոս է պարզապես, որ ամեն ինչ պայմանավորվի մեկի մայրիկին Մշակույթի տան տնօրեն նշանակելով, մյուսին ընտրության պատճառով աշխատանքից ազատելով, երրորդին՝ այլ պատճառներով անհանգստություններ պատճառելով ․․․ Հիմա էլ տարածում են, թե ընտրվելով՝ համայնքի աշխատողներին ազատելու եմ աշխատանքից։ Ես այդպիսին չեմ, անգամ, եթե որևէ մեկը խոստովանի, որ իր քվեն ինձ չի տվել։ Ընդհակառակը՝ կփորձեմ հասկանալ, թե ինչն է եղել խնդիրը, բացատրվել, որ երկուստեք հասկանալ իրար։ Այնպես որ, բոլոր աշխատողները կարող են հանգիստ լինել, թերևս՝ բոլորն էլ ճանաչում են ինձ ու վստահ են, որ ես նման քայլերի չեմ դիմել ու չեմ դիմելու։
Բաց մի թողեք
Ապրիլի 22-ի աստղագուշակ․ Օրը պայմաններ է ստեղծում համատեղ նախագծերի ընդլայնման համար
Հալեպահայ երիտասարդը հանկարծամահ է եղել Երեւանում. Լուսանկար
Երևանում՝ կարճատև անձրև, մարզերում՝ քամու ուժգնացում է սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերին