Մեր սյունեցու գրառումն եմ կարդում ու չնայած հումորին, հեչ հումորի հոտ չի գալիս։ Եթե իրականությունը ներկայացվում է այսչափ իրական, էլ ի՞նչ հումոր։ Ահա թե ինչ է գրում․
«Ո՜նց եմ հոգնել ՊՆ-ի լացակումած արդարացումներից: Դուք ուժային կառու՞յց եք, թե՞ կույս կանանց միավորում… »։ Դե արի ու ծիծաղիր, ո՜ղբ է, իրական ո՜ղբ։ Նախ կույս կանանց միավորումն իր անվանումով արդեն հումոր է։ Էլ ի՜նչ կույս, եթե կանայք են։ Հենց այս հակադրության մեջ է կոմիքսը։ Իրենց լռությունը, հեզությունը կույս աղջկա ամոթխածություն ունի, բայց իրենք կու՜յս չեն՝ արժեքային իմաստով։ Արդեն չորրորդ օրն է, Ադրբեջանը գրում է, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ են բացել և չորրորդ օրն է մեր ուժայինները լացակումած, ամոթխածորեն բացատրություններ են տալիս՝ վա՜յ չէ, վա՜յ ձեր ցավը տանեմ, չէ, նման բան չկա։ Այդ չորս օրվա մեջ, ինչ այս «խաղը գնում է», արցախցի մի կին 14 անգամ գրել է․ «Հասմիկ ջան, կբացատրե՞ս ինձ, անհասկացողիս, ինչու՞ նույն սցենարով, ինչ որ Արցախում էին անում ,կրկնում են այստեղ»։ Դա վերաբերվում է և՛ կրակոցների, և՛ ստորագրահավաքի, և՛ մյուս սցենարներին, որոնք կատարվել էին Արցախում ու նույնի կրկնությամբ շարունակվում է կատարվել Հայաստանում։ Ի՞նչ ասեմ, ի՞նչ պատասխանեմ, երբ իր հարցի մեջ նաև պատասխանն է։ Բայց ես անդրադառանամ մեր լացակումած թիմին։
Մի բան եմ պատմելու, որը կարծես այլ առիթով էլի եմ պատմել, որը նաև կպատասխանի մեր սյունեցու հարցին՝ դուք ուժային կառու՞յց եք, թե՞ կույս կանանց միավորում…Դպրոցում մի տղա ունեինք, որին իր «կուսական մաքրության համար» ՍվեԾիկ էին ասում։ Տղաները նրան տեղի- անտեղի զայրացնում, «փոստեր էին անում» , քաշքշում, աղջիկներն էլ նրանցից հետ չէին մնում․․․ ՍվեԾիկը լուռ ու ամոթխած էր՝ ոչ մեկին չէր պատասխանում, ասում էր՝ մամաս ասել է կռվի մեջ չմտնես։ Մեր խաղաղության պայմանագրի պես։ Վերջը մի օր տղաներից մեկը նրան մի լավ ծեծում ու հայհոյում է՝ իր «կուսական անտարբերության համար»։ Բոլորս քիթը արյունոտված Սվեծիկից պատասխանի էինք սպասում, ու նա տվեց այդ պատասխանը։ Նա իրեն ծեծողին ու հայհոյողին ասաց՝ շորերդ թանաքոտվի։ Այդ օրվանից մենք հասկացանք, որ Սվեծիկին բոլորն էլ կարող են անպատիժ ծեծել։
Կարծես թե էլ բացատրության կարիք չկա։ Բաներ կան, որ այնքան պրիմիտիվ են, որ բացատրություն պետք չէ։
Հասմիկ Բաբաջանյան; Hraparak.am
Բաց մի թողեք
Ախլքալաքից զանգվածային հոսք կա դեպի ՀՀ. ինչով է դա պայմանավորված
Ապօրինի ներմուծումը Հայաստան՝ հարված բարեխիղճ տնտեսվարողներին. Լուսանկարներ
Սկանդալային առաջնորդը ջերմ ընդունել է Նիկոլ Փաշինյանին․ Լուսանկար