Դոնալդ Թրամփի՝ անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլթսը հեռախոսազրույց է ունեցել Ալիեւի անվտանգային հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիեւի հետ:
«Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանը եւ Հայաստանը մեծ քայլ են արել առաջ եւ համաձայնել են խաղաղության պայմանագրին: Ես նրան ասացի, որ մենք պետք է հիմա ավարտենք խաղաղության այս գործարքը, ազատ արձակենք գերիներին եւ միասին աշխատենք՝ տարածաշրջանն ավելի անվտանգ եւ բարգավաճ դարձնելու համար»,- X-ի իր էջում գրել է Ուոլթսը:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց. «Հարց է առաջանում, թե ինչի է գերիների հարցը դարձել հրատապ Միացյալ Նահանգների համար: Մենք հասկանում ենք, որ Միացյալ Նահանգները հումանիզմով չի տառապում, հաշվի առնելով, որ Գազայում արդեն 60, 80 հազար մարդ զոհվեց՝ ծերեր, երեխաներ, կանայք: ԱՄՆ-ն առաջարկում է մեկուկես միլիոն պաղեստինցիների տեղափոխել Սոմալի, եւ նաեւ խոսքը գնում է Հորդանանի աջ ափի մասին, որ այնտեղից նույնպես պաղեստինցիներին տեղահանեն: Մինչեւ այդ էլ մենք տեսել էինք, որ Արցախում էթնիկ զտումների մասին Միացյալ Նահանգները շատ զուսպ է արտահայտվում: Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի համար նման անընդունելի առաջարկ անելով՝ ԱՄՆ-ն այլ նպատակներ է հետապնդում»:
Ի՞նչ է նշանակում Ադրբեջանի համար գերիների ազատ արձակման պահանջը: Ալիեւի համար դա անընդունելի պահանջ է, որովհետեւ նա իր ողջ քաղաքականությունը հենց դրա վրա է կառուցել, որ կան հանցագործներ Արցախում, որոնց ղեկավարներին իրենք բռնել են, որոնց պատճառով Ադրբեջանը մեծ զոհեր է ունեցել, ինչ-որ քաղաքներ են ավերվել, եւ հիմա իրենք այդ հանցագործներին պատժում են: «Սա ե՛ւ ներքաղաքական առանցքային խնդիր է Ադրբեջանի համար, ե՛ւ արտաքին քաղաքական: Ուոլթսը հասկանում է, որ դա անընդունելի պահանջ է, եւ Ադրբեջանը նման պահանջ երբեք չի կատարի: Հիմա հարց` իսկ ո՞րն է նպատակը․ դիվանագիտության մեջ կա նման պրակտիկա, երբ որ անընդունելի պահանջ են առաջ քաշում, նշանակում է մեկ այլ, ավելի մեծ զիջում են պահանջում: Հիմա ո՞րը կարող է լինել Ադրբեջանի համար այդ զիջումը: Հաշվի առնելով ԱՄՆ ներկա վարչակազմի քաղաքականությունը, որի առաջնահերթ խնդիրը ոչ թե Ուկրաինան է, այլ Իսրայելի խնդիրը… Պատահական չէր, որ դրանից առաջ խոսք էր գնում Իսրայել-Ադրբեջան-ԱՄՆ դաշնակցության մասին, որի լոբբինգը Իսրայելն է առաջ տանում, նաեւ «Աբրահամյան պայմանագրում» Ադրբեջանին ներառելու պատրաստակամությունը՝ որպես իսլամական աշխարհի այն աշխարհիկ երկիրը, որն Իսրայելի համար 1 դաշնակիցներից է: Այստեղից կարելի է եզրակացնել, որ Միացյալ Նահանգներն Ադրբեջանից պահանջում է ավելի համարձակ քաղաքականություն վարել Իրանի դեմ, այսինքն՝ երկրորդ ճակատ բացելու խնդիր կարող է նույնիսկ լինել, եթե Իրանին հարված հասցնեն: Նման անընդունելի պահանջ դնելով, Ադրբեջանին փորձում են դրդել՝ գնալ նման քայլի, որն Ադրբեջանի համար հնարավոր է լինի ողբերգական: Այսինքն՝ ստանալով աջակցություն Արցախի հարցով` 2020 թվականին աջակցելով Ադրբեջանին պատերազմի ժամանակ, Իսրայելը, Բրիտանիան եւ, արդեն կարելի է ասել` ԱՄՆ-ի ներկայիս վարչակարգը, որն այն ժամանակ իշխանության էր, Ադրբեջանին նվիրելով հաղթանակ, դրա դիմաց Ադրբեջանը պետք է կատարի որոշակի պահանջներ: Այսինքն՝ Ադրբեջանն ունի պարտավորություն, որը եթե Իրանի հետ է կապված, դա Ադրբեջանի համար չափազանց վտանգավոր է»,- շեշտեց Դանիելյանը:
Ադրբեջանը փորձում է խույս տալ այդ պահանջից, եւ դրա համար էլ սկսեցին հայտարարել, թե իբր հայկական բանակը սահմանին կրակում է՝ կարծում է քաղաքագետն ու հավելում, որ ադրբեջանական կողմը փորձում է պատերազմական գործողություններ հրահրել՝ այդ պահանջը չկատարելու համար: Որքանով կհաջողվի կամ չի հաջողվի ստիպել Ալիեւին՝ ազատ արձակել գերիներին, որքանով գործիքներ կան դրա համար, որքանով կարող են պրովոկացիաներ լինել, որ Ադրբեջանին ստիպեն դա, նույնիսկ իր կամքից անկախ, դա այլ հարց է: Քաղաքագետը հիշեցնում է, որ Ադրբեջանում կան տարբեր երկրների հատուկ ծառայություններ, զինվորականներ, հնարավոր է, որ լինեն պրովոկացիաներ, որն Ադրբեջանի նախագահի վերահսկողությունից դուրս լինի եւ փաստի առաջ կանգնեցնի՝ Իրանի հետ կոնֆլիկտային իրավիճակ ստեղծելով: ԱՄՆ-ի կողմից առաջ քաշված այդ պահանջներից խուսանավելու համար Ադրբեջանը կարող է ռազմական որոշակի դիմակայության գնալ՝ սահմանին փոխհրաձգություն, որն ուշադրությունը կշեղի նման պահանջներից:
Բաց մի թողեք
Առաջիկա օրերին որոշ ընդդիմադիր ուժեր պատրաստվում են բախումներ հրահրել Հայաստանի տարբեր շրջաններում
Հայտնի են՝ որոնք են նորածինների նախընտրելի անուններն այս տարի
Շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար արժեցած «դարի հաղթանակը»` պատուհաս Կառավարության համար