Մարտի 22-ին՝ կեսգիշերն անց, կրակոցներ են հնչել Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի սկեսրայրին՝ Աշոտ Միրզոյանին պատկանող գազալցակայանում: Հրազենային վիրավորում ստացած 36-ամյա Արթուր Պարոնյանը, «Էջմիածին» բժշկական կենտրոնում գիտակցության չգալով, մահացել է:
«Հետքի» տեղեկություններով, սպանություն կատարելու մեջ կասկածվում է «Ճապ» մականունով 33-ամյա տղամարդը: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ մի քանի ամիս առաջ Ա. Պարոնյանը վիճել է Դիանա Գասպարյանի ամուսնու՝ Վաղարշապատի ավագանու անդամ Արամայիս Միրզոյանի հետ, ինչը խոր հետքեր է թողել:
Ներքին գործերի նախարարությունից «Հետքին» հայտնեցին, որ մարտի 22-ին՝ ժամը 02։08-ին, «Էջմիածին» բժշկական կենտրոնից Ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ հրազենային վիրավորումով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցագործությունը ժամերի ընթացքում բացահայտվել է։
Նախնական տվյալներով, մարտի 22-ին՝ ժամը 01։30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արտիմետ բնակավայրի սկզբնամասում գտնվող գազալցակայանի տարածքում մի խումբ անձանց միջև ծագած վիճաբանության ընթացքում 33-ամյա տղամարդը կրակոց է արձակել 36-ամյա Արթուր Պարոնյանի ուղղությամբ, որը, բժշկական կենտրոնում գիտակցության չգալով, մահացել է: «Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը կատարած անձին և հրազենը հայտնաբերելու ուղղությամբ»,- հայտնեցին ոստիկանությունից:
Բաց մի թողեք
Առաջիկա օրերին որոշ ընդդիմադիր ուժեր պատրաստվում են բախումներ հրահրել Հայաստանի տարբեր շրջաններում
Հայտնի են՝ որոնք են նորածինների նախընտրելի անուններն այս տարի
Շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար արժեցած «դարի հաղթանակը»` պատուհաս Կառավարության համար