1։6 հաշվով պարտություն Թբիլիսիում, երկու խաղերի արդյունքում 9։1՝ Վրաստանի օգտին։ Սա իրական մղձավանջ է զայրացած հայ ֆուտբոլասերների համար, որոնք երեկվանից չեն հանգստանում եւ չեն մարսում այս պարտությունը։
Հրապարակ թերթը գրել է․ «Դինամո Արենա» մարզադաշտում տեղի ունեցածը հայ երկրպագուներն իրենց հերթական նվաստացումը համարեցին։ «Ցանկանում եմ ներողություն խնդրել հայ երկրպագուներից, հայ ժողովրդից, որովհետեւ սա, իհարկե, անընդունելի է»,- հանդիպումից հետո հայտարարեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական հոլանդացի գլխավոր մարզիչ Ջոն վան,տ Սխիպը։ Ավելի ուշ ներողություն խնդրեց նաեւ ՀՖՖ նախագահը` փորձելով մեղմել իր հրաժարականը պահանջող ֆուտբոլասերների զայրույթը:
Խաղի 35-րդ րոպեի դրությամբ Հայաստանի թիմն արդեն պարտվում էր 0։5 հաշվով: Ավելի քան 30-ամյա պատմության ընթացքում ընտրանին պաշտոնական հանդիպումներում երբեք առաջին խաղակեսում միանգամից 5 գնդակ բաց չէր թողել: Մեր հավաքականը Թբիլիսիում հակառեկորդ գրանցեց։ Ներողություն խնդրելով կատարվածի համար՝ Ջոն վան,տ Սխիպն ընդգծեց․ «Շատ ոչ պրոֆեսիոնալ էինք, գնդակ էինք կորցնում այն հատվածներում, որտեղ չի կարելի կորցնել: Բոլորը շոկի մեջ էին, չէին կարողանում արձագանքել»։ Սակայն ֆուտբոլի երկրպագուները երեկ ավելի ուժգնացրել էին կոչերը` «Մելիքբեկյան, հեռացիր»: Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է ֆուտբոլիստ, «Արարատ» թիմի հայտնի ռմբարկու Խորեն Հովհաննիսյանի հետ:
– Ֆուտբոլային աշխարհի մարդիկ արձանագրված պարտությունը տարբեր կերպ են մեկնաբանում: Ըստ Ձեզ` ի՞նչն է իրար հաջորդող պարտությունների պատճառը:
– Դե ես ի՞նչ ասեմ: Բոլորն էլ տեսան, որ չստացվեց, էլի:
– Ինչո՞ւ չստացվեց:
– Դե հիմա էս ա, չստացվեց, ինչ-որ մի բան խանգարում ա, կնստեն, ժողով կանեն, կհասկանան, թե ինչ ա կատարվում:
– Արդեն վեց տարի է՝ Հայաստանը բացառապես պարտություններ է արձանագրում ֆուտբոլում:
– Է հա, ե՞րբ չենք պարտվել: Միշտ էլ պարտվել ենք:
– Այդպես չէ, առաջ հաղթանակներ արձանագրում էին:
– Դե, ի՞նչ անենք, հիմա էլ էդպես ստացվեց: Տեսնենք, թե հաջորդ անգամ ինչ կլինի:
– Ձեր սիրտը չէ՞ր ցավում, երբ նայում էիք, թե ինչ է կատարվում ֆուտբոլի դաշտում, երկրպագուների շրջանում….
– Որ ասեմ չէր ցավում, կհավատա՞ք:
– Չե՞ք կարծում, որ Արմեն Մելիքբեկյանն ունի մեղքի մեծ բաժինը եւ պետք է հեռանա:
– Ախր, Մելիքբեկյանը ֆուտբո՞լ ա խաղում, որ հեռանա:
– Ասում են` ոչ մի ֆուտբոլային ակումբի հետ չի կարողանում հարաբերվել. «Փյունիկ», «Շիրակ», եւ այսպես շարունակ:
– Վատ հարաբերությունները հենց նրանք են ֆեդերացիայի հետ ստեղծել, ֆեդերացիան ի՞նչ պիտի անի իրենց համար: Նայում եմ` մեղադրում են Մելիքբեկյանին, բայց չեմ հասկանում` ինչու: Բաներ կան, որ խելքին մոտ չեն:
– Օրինակ` Վրաստանը միլիարդներ է ներդնում ֆուտբոլի կայացման համար: Ի՞նչ է անում Հայաստանը, մասնավորապես` ՀՀՖ-ն:
– Վրաստանի կառավարությունը 50 միլիոն փող ա տվել` հինգ տարվա ծրագրով: Իսկ մեր մոտ չկա նման թեմա: Ես ֆինանսական հարցերով չեմ զբաղվում, չգիտեմ:
– Ձեզ հետաքրքիր չէ՞, թե ինչու Հայաստանի Հանրապետությունում խաղադաշտեր, ստադիոններ չեն կառուցվում:
– Մենք էնքան խաղադաշտեր ունենք հիմա, ժամանակին հողերի վրա էինք խաղում ֆուտբոլ:
– Բայց դրանք Մելիքբեկյանը չի կառուցել:
– Օրինակ՝ ի՞նչ կառուցի:
– Օրինակ` Վրաստանն ունի 55 հազար տեղանոց ստադիոն: Հայաստանը չունի նման հնարավորություններ:
– Այ քեզ բան, ես հո հաշվապահ չեմ:
– Բա Ձեզ չի՞ հետաքրքրում հայկական ֆուտբոլը, Դուք ֆուտբոլին եք նվիրել Ձեր ողջ կյանքը:
– Ինձ ամեն ինչ էլ հետաքրքրում ա:
– Եթե բոլորը Մելիքբեկյանի հրաժարականն են պահանջում, չե՞ք կարծում, որ նա իսկապես պետք է հեռանա:
– Ախր Մելիքբեկյանը ֆուտբոլ չի խաղում, կարան մարզիչին բոյկոտեն, կարան խաղացողներին բոյկոտեն:
– Մարզիչին էլ են բոյկոտում, դա ի՞նչ կապ ունի:
– Ֆեդերացիան, եթե իր կազմակերպչական աշխատանքները չի կատարում, թող հեռանա, բայց….
– Եթե անգամ թիմերի հետ չի շփվում, ինչպե՞ս կարող է կազմակերպել:
– Ի՞նչ գիտեք, է, որ չեն շփվում:
– Ակումբները, երկրպագուներն են հայտարարում այդ մասին:
– Չեն շփվում, չեմ հասկանում դա: Տեսանք, էլի, ով ինչ ա փոխում: Կոնկրետ բաներ գտեք՝ մեղադրենք:
– Այսքան պարտությունը քի՞չ է:
– Ամեն տարի մարզիչ ենք փոխում, էլ ի՞նչ անենք: Եթե թիմերը վատ են խաղում, պետք է մարզիչ փոխվի, ոչ մի տեղ ֆեդերացիայի նախագահ չեն փոխում` պարտության համար: Ես շատ վատ զգացի տեղի ունեցածի համար, ես դրսերում շատ եմ եղել, նման բաներ շատ են լինում: Ֆեդերացիան ընկած՝ ֆուտբոլիստ է ման գալիս, որ բերեն խաղան: Պատերազմ եղավ, եթե հզոր զենքեր ունենայինք, սաղին կմորթեինք, տենց չի՞: Հիմա նույնն էլ ֆուտբոլն է: Լավ ֆուտբոլիստների տեղ գիտե՞ք, ասեք` բերենք: Վրաստանը 50 միլիոն փող ա տվել, մենք ի՞նչ ուզենք մեր կառավարությունից, երկու կոպեկ փող չունեն, հիմա էս ա, ի՞նչ արած:
Բաց մի թողեք
Դատավորը վատացել է, նիստը հետաձգվել
«Հիշողություններ մանկությունից եւ որբությունից». գիրք`ցեղասպանությունից հետո որբացած հայ մանուկների մասին. Լուսանկար
3 տարի, 3 դատավոր. ՊՆ նախարարի խորհրդականի որդու հանգամանքը խառնաշփոթ է առաջացրել