19/04/2025

Երկուսն էլ նույն մարդու «գերին են»։ Պարզապես ժամանակային առումով մեկը պատժում, մյուսը պատժվում է

Բնական է, այսօր ընթացող ազգային ժողովին յուրաքանչյուրն իր գնահակատականը կտա, իր տեսակետը կհայտնի։ Բայց կա մի բան, որ ոչ ոք չի բարձրաձայնի, որովհետև դա զցացում է, գնահատական չէ։

Հրապարակ թերթը գրել է․ Ոսկերանգ ուսադիրներով կինը, որը նշանակված է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում, ԱԺ- ում ներկայացնում է պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդության մասին։ Երկուսն էլ նույն մարդու «գերին են» բառիս բուն իմաստով։ Դա հիմնավորել պետք չէ, դա զգացու՜մ է, որը զգում ես առանց հիմնավորման։

Ինչպե՜ս է ոսկեգույն ուսադիրներով կինը փորձում իր ուսադիրների շողքով, ի պաշտոնե  խեղճացնել երբեմնի «առյուծ» Հովիկ Աղազարյանին։ Ինչպե՜ս է տքնում, որ գոհացնի նրան, ով իրեն նշանակել է այդ պաշտոնին և ուսադիրներ է տվել։ Ա՜խ այդ ոսկեձույլ ուսադիրները։ Ինչերի՜ է պատրաստ հանուն այդ ուսադիրների։

Մեկ էլ այլ զգացողություն՝ իսկ ի՞նչ կլինի ոսկե ուսադիրներով այդ կնոջ հետ, եթե նա չկարողանա արդարացնել այն մարդու հույսերը, ով հանձնարարության կատարմանն  է սպասում։ Ակամայից խղճահարություն է առաջանում այդ վարժ խոսող կնոջ նկատմամբ։ Այն սովորական խղճահարության նման չէ, մի տեսակ արգահատելի խղճահարություն է, որը հնարավոր չէ նկարագրել։

Մյուս «գերին»՝ Հովիկ Աղազարյանը նույն զգացումն է առաջացանում։ Այն մարդը, որն այսօր հալածում է նրան, մի ժամանակ նրա Աստվածն էր, Հիսուսին նրա միջոցով էր ճանաչել։ Նայում ու չես հասկանում, թե ում ավելի շատ խղճաս։ Օրենքների խրձի տակ կքված դատախազի՞ն, թե՞ մեղադրանքների տակ հայտնված մոլորյալին։

Դերերը շատ արագ կարող են փոխվել։ Երկուսն էլ նույն մարդու «գերին են»։ Պարզապես ժամանակային առումով մեկը պատժում, մյուսը պատժվում է։

Հասմիկ Բաբաջանյան; hraparak.am

Translate »