24/04/2025

Անդրանիկ Քոչարյանին մերժողները ՔՊ-ում շատացել են. Ինչ է սպասվում

ՔՊ-ի ներսում վերջին օրերին ակտիվ քննարկում են լավ առիթ դարձնել պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի շուրջ լրագրողական ճնշումը եւ վերջապես ազատվել խարդավանքներ հրահրող Քոչարյանից:

Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանը լկտի վարքագծով վիրավորել էր լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին` ասելով՝ «շուրթերդ մաքրի՛ր», եւ արգելել էր իրեն հարց ուղղել ու հիմա էլ հրաժարվում է ներողություն խնդրել իր այդ պահվածքի համար:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ շատ պատգամավորներ տարբեր խմբերով ե՛ւ աշխատասենյակներում ե՛ւ խմբակցության մինի ձեւաչափով քննարկումների ժամանակ ասել են, որ անթույլատրելի է «ծերուկի պահվածքը», եւ, կարելի է ասել, խմբակցությունում Անդրանիկ Քոչարյանն արդեն մենակ է մնացել:

Նկատենք, որ Քոչարյանի հետ շփվում են հիմնականում ՔՊ-ական երկու կանայք` Արփի Դավոյանն ու Լուսինե Բադալյանը, ովքեր եւս թիմում շատ լուրջ խնդիրներ ունեն: Նրանք մեկուսացած են, մի կողմ քաշված եւ չհասկացված:

Նշենք, որ երեկ ԱԺ-ում լրագրողները բողոքի ակցիա իրականացրին՝ Նիկոլ Փաշինյանին ցույց տալու համար, որ իր թիմակիցը չափ ու սահմանն արդեն կորցրել է, սակայն ԱԺ ՊՊԾ աշխատակիցները խոչընդոտեցին ակցիան մինչեւ վերջ իրականացնելուն: Այս դեպքն այնքան անթույլատրելի էր, որ նույնիսկ ՔՊ-ի օմբուդսմեն Անահիտ Մանասյանն անդրադարձավ դեպքին` գրելով, թե հետեւում է իրադարձություններին:

Ընդդիմությունն էլ մտադիր է ԱԺ Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ձեւավորել` քննելու Անդրանիկ Քոչարյանի վարքը, որի մասով կտրվի եզրակացություն, եւ ԱԺ-ն պետք է կայացնի որոշում` Անդրանիկ Քոչարյանին զրկել պատգամավորական մանդատից, թե ոչ»:

«Հրապարակ» գրում է․ Երեկ Ազգային ժողովում լրագրողները նամակ փոխանցեցին Նիկոլ Փաշինյանին` պահանջելով վերաբերմունք հայտնել օրերս ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի եւ Tribune.am կայքի ղեկավար Հռիփսիմե Ջեբեջյանի միջեւ տեղի ունեցած միջադեպին։

Դիմումի տակ 161 լրագրողի ստորագրություն կար, որոնք պահանջում են պատգամավորական էթիկայի հանձնաժողով ձեւավորել եւ անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ անել։

Իսկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը սկսելուն պես լրագրողներն իրենց օթյակում ապակիներին սեղմած պահեցին պաստառներ՝ «Անդրանիկ Քոչարյան, շուրթերդ մաքրիր» գրությամբ։ ՊՊԾ աշխատակիցները քաշքշելով դուրս բերեցին լրագրողներին օթյակից։ Եվ չնայած ՔՊ-ական որոշ պատգամավորներ հրապարակային քննադատել են Քոչարյանի պահվածքը, սակայն մենք տեղեկացանք, որ խմբակցությունում հարցը չի քննարկվել, հավանաբար սպասում են Փաշինյանի որոշմանը, որ հասկանան՝ էթիկայի հանձնաժողով ստեղծո՞ւմ են, թե՞ ոչ։ Եթե հանձնաժողով ստեղծելու որոշում կայացվի, ապա Ա. Քոչարյանի կողմնակիցներն առաջարկելու են քննության առարկա դարձնել իրենց վարքով աչքի ընկած բոլոր պատգամավորների վարքը, ասենք` Ալեն Սիմոնյանի թքելու, Քոչարյանին քննադատող Քրիստինե Պողոսյանի՝ ընդդիմադիր լրագրողի հեռախոսը խլելու եւ վիրավորելու պատմությունները, Արթուր Հովհաննիսյանի` Էդգար Ղազարյանին ուղղված ականջ կտրելու սպառնալիքները եւ այլն։