Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նախօրեին շարել էր ԶՈՒ բարձրագույն եւ ավագ սպայական կազմին ու քննություն էր վերցնում նրանցից։
Հրապարակ թերթը գրել է․ Պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է․ «Մարտի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ԶՈՒ բարձրագույն եւ ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացի շարային պատրաստության քննությունը։ Քննական գործընթացին հետեւել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Դիտարկելով քննական գործընթացը՝ Սուրեն Պապիկյանն ընդգծել է գործընթացի ներդրման կարեւորությունը զինված ուժերում՝ որպես բանակի պաշտպանունակության ամրապնդման առանցքային բաղադրիչ»։
Բարձրագույն սպայական կազմից քննություն վերցնելուն ու դրա մասին՝ նրանց լուսանկարներով հրապարակումներ անելուն հանրությունը մինչ այս ականատես չի եղել, ամեն դեպքում` մենք չենք մտաբերում նման դեպք։ Ի տարբերություն Սուրեն Պապիկյանի, սպայական կազմից շատերը պատերազմների բովով անցած, տարիներով հայրենիքին ծառայած մարդիկ են, եւ նման բովանդակությամբ տեքստն ու լուսանկարներ տարածելը, նրանց շարային պատրաստությունը ստուգելը զավեշտի են նմանվում, նվազեցնում նրանց կշիռն իրենց ենթակաների աչքում։ Եվ սրա հեղինակը նախկինում պատմության ուսուցիչ աշխատած Պապիկյանն է, որի առնչությունը բանակին` զինծառայությունը, աչքի է ընկել միայն նրանով, որ նա իր հրամանատարին դանակով հարվածել է ու դատվել: Հիմա այս անձը դասախոսի նման կանգնել է, իսկ փորձառու սպաներն ուսանողների նման նրա մոտ քննություն են հանձնում։ Եվ այդ տեսարանն առավել զավեշտալի է, քանի որ պաշտպանության նախարարը բավականին գիրացել է, սպորտային կամ զինվորականի տեսք չունի եւ, վստահաբար, սույն «քննությունն» ինքն անձամբ չէր կարողանա հանձնել:
«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ նախագահ, զինվորական Գրիգոր Գրիգորյանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադառնալով բարձր սպայական կազմի ատեստացիային, նշեց․ «Քննություն վերցնելը նորություն չէ, բոլորն էլ ժամանակ առ ժամանակ պարտավոր են քննություն հանձնել, բայց դրան ձեւ գոյություն ունի։ Այն մարդը պետք է քննություն ընդունի այն մարդուց, որից մի աստիճան բարձր է, ոչ թե պատմության դասատուն գա, գեներալ-լեյտենանտից քննություն ընդունի։ Բարձրագույն սպաները քննություն միշտ էլ հանձնել են, եղել են հրամանատարական հավաքներ, բնականաբար՝ քննություն ընդունողները եղել են մի աստիճան բարձր, քննությունները նորություն չեն, դա ցուցադրաբար անելը, ցույց տալը` բոլորը կապիկություն է»։ Իսկ ԳՇ պետը եւ պաշտպանության նախարարը պե՞տք է քննություն հանձնեն, թե՞ ոչ․ «Ո՞ւմ հանձնեն, ԳՇ պետն ո՞ւմ հանձնի, եթե իրենից բարձր մարդ չկա… նա պետք է օրինակ ծառայի իր կարգապահությամբ, իր շարային կեցվածքով, քայլվածքով։ Եթե քննություն ես ընդունում մեկ ուրիշից եւ բացատրում ես՝ դու սա սխալ կատարեցիր, պետք է ցույց տաս, որ ճիշտն այսպես պետք է լինի։ Եթե ԳՇ պետը քննություն է ընդունում, ինքը պետք է ցույց տա ճիշտ տարբերակը։ Իրենք երեւի անելու բան չունեն, բանակում սաղ անելիքները վերջացրել են, բանակում ամենաիդեալական վիճակն է, մեր բանակն ամենահզորն է աշխարհում, մնացել է իրենց շարային պատրաստությունները նկարեն, ցույց տան․․․ Նախարարը նախ իր տեղում պետք է լինի, արժանի լինի այդ պաշտոնին եւ իրավունք ունենա երկար ճանապարհ անցած սպաների դիմաց կանգնելու»։
Բաց մի թողեք
Դատավորը վատացել է, նիստը հետաձգվել
«Հիշողություններ մանկությունից եւ որբությունից». գիրք`ցեղասպանությունից հետո որբացած հայ մանուկների մասին. Լուսանկար
3 տարի, 3 դատավոր. ՊՆ նախարարի խորհրդականի որդու հանգամանքը խառնաշփոթ է առաջացրել