24/04/2025

Փաշինյանը բազմաթիվ կոռուպցիոն սկանդալների մեջ է թաթախված․ Հայրիկյան

«Հրապարակի» զրուցակիցն ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանն է:

– Կիրակի օրը Գյումրիում եւ Փարաքարում ՏԻՄ ընտրություններ են սպասվում: Ի՞նչ կարեւորություն ունեն դրանք հայաստանյան ներքաղաքական կյանքում: Այս ընտրությունները կարո՞ղ են նախադեպային լինել:

– Այդ ընտրությունները կարող են միայն ցուցիչ լինել` բարի կամքի դրսեւորման: Համազգային առումով այդ ընտրությունները չունեն որեւէ նշանակություն եւ չեն կարող ունենալ, ոչ միայն մեր օրերում, այլեւ` առհասարակ: ՏԻՄ ընտրությունները կարող են տարբեր ոլորտների համար ցուցիչ լինել՝ ցույց տալու համար, թե ով ինչպես է աշխատում, ում նկատմամբ է հավատը, վստահությունը մեծ, բայց մեր կյանքում ՏԻՄ ընտրությունները ոչինչ չեն կարող փոխել, անգամ համապետական ընտրություններն այդ առումով շատ բան չեն կարող փոխել մեր կյանքում, ինձ համար ամենակարեւորը սահմանադրական գործընթացներն են:

– Ինչո՞ւ եք կարծում, որ ընտրությունները կարեւոր չեն եւ նշանակալից ազդեցություն չեն կարող ունենալ:

– Համակարգային փոփոխություններ չեն կարող լինել: Դրանք ընդամենը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են եւ համազգային հարցեր չեն լուծում:

– Չի՞ կարող այնպես ստացվել, որ իշխանությունը, իշխող կուսակցությունը պարտվի ՏԻՄ-երում, եւ այն դառնա իշխանափոխության սկիզբ:

– ՔՊ-ի պարտությունն էական մի բան չէ մեր կյանքում, որովհետեւ եթե այս սահմանադրությամբ ՔՊ-ին փոխարինելու գա որեւէ այլ ուժ, ապա, միեւնույն է` քաղաքացին չի դառնա դրանից երկրի տերը: Սահմանադրությունից ավելի կարեւոր հարց չկա, մնացածը քաղաքական զիջողություններ են: Ես հետեւում եմ այսօր տեղի ունեցող գործընթացներին, հետեւում եմ լրջորեն, սակայն զուտ որպես ցուցիչ եմ դիտարկում այդ պրոցեսները, ուրիշ ոչինչ:

– Ցուցիչ՝ ինչի՞ն:

– Ցուցիչ, օրինակ, թե ինչի է ընդունակ օրվա իշխանությունը, պատրա՞ստ է արդյոք իշխանությունը՝ մարդկանց ազատ ընտրությունը համարել բարձր արժեք` իր ամբիցիաներից անդին:

– ՏԻՄ ընտրություններում կուսակցություննե՞րն են գործոն հանդիսանում, թե՞ անհատները:

– Մեկը մյուսին չի բացառում: Ցավոք, Հայաստանում գաղափարական շեշտադրումներով աշխատող քիչ կուսակցություններ կան: Մանավանդ ՏԻՄ ընտրություններում գաղափարականությունը սկսում է ընդհանրապես չարտահայտվել: Եթե իսկապես լինեին արմատապես իրարից տարբեր ուժեր, գուցե իրավիճակն այլ լիներ: Ինչքան էլ որ փորձենք նրբերանգներ գտնել, միեւնույն է՝ չկա ամենակարեւոր գործոնը ՏԻՄ-երում, որոնց վրա կարելի է հենվել:

– Խոսում եք սահմանադրական փոփոխություններից, կո՞ղմ եք Փաշինյանի սահմանադրական փոփոխություններին:

– Ոչ: Նիկոլ Փաշինյանը սահմանադրորեն կոռուպցիայի մեջ մխրճված մեկն է, նրա անունը չի կարելի սահմանադրության կողքին դնել: Նա բազմաթիվ կոռուպցիոն հանցագործությունների մեջ թաթախված մեկն է:

– Ի՞նչ հանցագործությունների մասին է խոսքը:

– Տարբեր հանցագործությունների: Անգամ իշխանական չարաշահումներով աշխատավարձ տալն է հանցագործություն եւ կոռուպցիա: Կամայականորեն պետական համակարգի վերաբերյալ դիրքորոշում պարտադրելը նույնպես հանցագործություն է: Հանցագործ են դառնում նաեւ բոլոր նրանք, ովքեր մասնակից են այդ ամենին, օրինակ` արդարադատության նախարարը: Ես դատախազություն եմ դիմել այս հարցով:

– Ի՞նչ պատասխան եք ստացել:

– Դատախազությունը չի կարողանում ասել՝ չկա հանցակազմ, գործն ուղարկում է Քննչական կոմիտե, այնտեղից էլ չեն համարձակվում ասել` չկա հանցակազմ, անգամ չեմ բացառում, որ Արգիշտի Քյարամյանին դրա համար հեռացրին համակարգից:

Translate »