24/04/2025

ՔՊ-ական Էջմիածնի քաղաքապետի ավագանի ամուսինը քննիչի սենյակում հեռախոսը կոտրել է, որ չառգրավեն

Էջմիածնի ՔՊ-ական համայնքապետ Դիանա Գասպարյանի ամուսինը՝ ՔՊ-ական ավագանու անդամ Արամ Միրզոյանը իր գազալցակայանում տեղի ունեցած սպանության դեպքով հարցաքննվել է Քննչական կոմիտեում։ 

Պարզվում է, հարցաքննության ժամանակ քննիչը փորձել է առգրավել Արամ Միրզոյանի հեռախոսը, վերջինս վախից խփել է այն գետնին ու կոտրել: Սակայն քննիչը հեռախոսը կոտրված վիճակում առգրավել է։

«Արամիկ Միրզոյանին 2 օր առաջ քննչական կոմիտեն կանչել է հարցաքննության, երբ նրա բջջային հեռախոսը քննիչը փորձել է առգրավել, քանի որ սպանության և թմրանյութի վերաբերյալ կարևոր տեղեկատվության կար հեռախոսի մեջ, Արամիկը քննիչի սենյակում վերջին այֆոնը տվել է գետնին, ջարդել, որ հետքերը կորի»,-պատմեց մեր աղբյուրը։

Արամ Միրզոյանին պատկանող գազալցակայանում իրավապահները խուզարկություն են իրականացրել եւ ռազմամթերք ու թմրանյութ հայտնաբերել: Սա այն նույն գազալցակայանն է, որտեղ 2 օր առաջ սպանվեց 35-ամյա Արթուր Պարոնյանը: Սպանության մեջ կասկածվողը քաղաքապետի ամուսնու մտերիմ ընկեր Կարեն Ադամյանն է, մականունը «Ճապ»:

Երեկվանից փորձում ենք ՀՀ քննչական կոմիտեից խուզարկության եւ հայտնաբերված իրերի վերաբերյալ տեղեկություն ստանալ, սակայն վարույթն իրականացնող մարմինը համառորեն հրաժարվում է հաստատել։ «Մենք խուզարկությունների վերաբերյալ տեղեկություն չենք տալիս»,-ասաց ՔԿ մամուլի խոսնակը՝ փաստացի չհերքելով մեր տեղեկությունը։

Մարտի 21-ի գիշերը Արտիմետ խճուղի 1 հասցեում գտնվող բենզալցակայանում սպանվել էր 36-ամյա Արթուր Պարոնյանը։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ սպանության մեջ կասկածվողը Վաղարշապատի Բոյնի կոչվող թաղամասի բնակիչ Կարեն Բադամյանն է, մականունը` Ճապ։ Մեզ պատմեցին, որ նա շատ մտերիմ է քաղաքապետի ամուսնու՝ Արամայիս Միրզոյանի հետ, եւ չբացառեցին, որ վեճի եւ սպանության հիմքում էլ քաղաքապետի ամուսնու հետ կապված «թեմա» կա։ «Ճապն ու Արամիկն իրար հալալ են պրիզնատ գալիս, ու էս թեման շատ շուտվա բազառ ա։ Ճապը գողական ա գնում, բայց զակոննի գող չի, նախկինում էլ ա աչքի ընկել նմանատիպ պատմություններով»,- մեզ ասաց Վաղարշապատի բնակիչներից մեկը։

Կարեն Բադամյանը, մեր տեղեկություններով, սպանությունից հետո դիմել է փախուստի, նրան իրավապահները դեռ չեն հայտնաբերել։ Ներքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ նախնական տվյալներով, մարտի 22-ին, ժամը 01։30-ի սահմաններում Արմավիրի մարզի Արտիմետ բնակավայրի սկզբնամասում գտնվող գազալցակայանի տարածքում մի խումբ անձանց միջեւ վիճաբանություն է եղել, արդյունքում տղամարդը կրակոց է արձակել 36-ամյա Արթուր Պարոնյանի ուղղությամբ: Բժշկական կենտրոնում գիտակցության չգալով՝ Պարոնյանը մահացել է։ ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը «Հրապարակ»-ին հայտնեց, որ գազալցակայանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով եւ 155-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունը շարունակվում է: Սպանությունից անցել է 8 օր, սակայն իրավապահները դեռեւս չեն կարողանում կասկածյալին հայտնաբերել:

Օրեր առաջ Էջմիածնում ողբերգական դեպք տեղի ունեցավ․ մարտի 21-ի գիշերը Արտիմետ խճուղի 1 հասցեում գտնվող գազալցակայանում սպանվել էր 36-ամյա Արթուր Պարոնյանը։ Սպանության մեջ կասկածվողը Վաղարշապատի Բոյնի կոչվող թաղամասի բնակիչ Կարեն Բադամյանն է, մականունը` Ճապ։ Նա շատ մտերիմ է քաղաքապետ Դիանա Գասպարյանի ամուսնու՝ Արամայիս Միրզոյանի հետ, եւ, ըստ լուրերի, չի բացառվում, որ վեճի եւ սպանության հիմքում էլ քաղաքապետի ամուսնու հետ կապված «թեմա» կա։

Կարեն Բադամյանը սպանությունից հետո դիմել է փախուստի, դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը, հայտարարվել է հետախուզում։ Գազալցակայանը, որտեղ տեղի էր ունեցել սպանությունը, պատկանում է Էջմիածնի քաղաքապետ Գասպարյանի ամուսնուն՝ Էջմիածնի ավագանու անդամ Արամայիս Միրզոյանին։ Դեպքից հետո այդ գազալցակայանում իրավապահները խուզարկություն էին իրականացրել եւ ռազմամթերք ու թմրանյութ հայտնաբերել, չնայած փորձում էին դա գաղտնի պահել:

Զարմանալի է, որ Էջմիածնի ընդդիմադիր դաշտն այդ թեմաների հետ կապված ձայն չի հանում` ո՛չ քաղաքապետին են քննադատում, ո՛չ փորձում են իշխանություններին քննադատել։ Մինչդեռ, ասենք, Երեւանի ավագանու ընդդիմադիր անդամներն առիթը բաց չեն թողնում՝ իշխանության ցանկացած վրիպում, սխալ բացահայտելու համար։

Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու «Էջմիածին դաշինքը»` ընդդիմադիր խմբակցությունը, ի դեմս ղեկավար Սեւակ Խաչատրյանի, մի ժամանակ շատ ակտիվ էր, հիշում ենք՝ 3 տարի առաջ մասնակցում էր բողոքի ցույցերին, նրան անգամ բերման էին ենթարկել։ Նաեւ 2021 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ էր շատ ակտիվ եւ աշխատում էր հօգուտ ընդդիմության` «Հայաստան» դաշինքի։ Այժմ, երբ ավագանու իշխանական անդամի գազալցակայանում սպանություն է եղել, երբ Էջմիածնի քաղաքապետն իր ամուսնուն, սկեսուրին, մտերիմներին հողեր է վաճառում, արտոնություններ շնորհում, ընդդիմադիր անդամը եւ ողջ խմբակցությունը լռում են։ Էջմիածնում անգամ խոսում են, որ Սեւակ Խաչատրյանն ու իր խմբակցությունը գործարքի են գնացել տեղական իշխանությունների հետ եւ ինչ-որ հողատարածք ստացել։

Սեւակ Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է մեկնաբանում Էջմիածնում տեղի ունեցող քրեական իրադարձությունները։ «Ավագանու նիստ այս ընթացքում չի եղել, ես էլ այդ ընթացքում Հայաստանում չեմ եղել, չգիտեմ՝ քաղաքապետարանում քննարկում են, թե չէ, մենք փորձում ենք ընդդիմադիր ավագանու գործառույթներն իրականացնել»։

– Բայց խոսակցություններ կան, որ որոշ որոշումներ հենց ավագանու մասնակցությամբ են ընդուն­վում, օրինակ` Արամայիս Միրզոյանը հողատարածք է ստացել, որտեղ շենքեր է կառուցում։

– Խոսակցություններն իրականությանը չեն կարող համապատասխանել, քանի որ ավագանու որոշմամբ հողահատկացում չի լինում։ Լինում է, որ ավագանին տարբեր նիստերին հողեր, վարելահողեր աճուրդի է ուղարկում։ Աճուրդային հողեր քաղաքում շատ են վաճառվում, միայն դա չի եղել, էլի հողեր են վաճառվել։ Մենք որ որոշել ենք` Դիանա Գասպարյանի ամուսինը հող առնի, նման բան չկա։

– Չե՞ք տեղեկացել նախապես, որ աճուրդի դրվող հողատարածքը պատրաստվում է Արամայիս Միրզոյանը գնել։

– Ես գիտեմ՝ ինչի մասին եք խոսում․․․ Հողն աճուրդի հանվում է ավագանու որոշումով, բայց աճուրդային պրոցեսներում մենք մասնակցություն չունենք։ Մենք չենք ունեցել տեղեկություն, որ Միրզոյանն է գնելու։ Մեր քաղաքում տարբեր գործարարներ կան, այդ նույն գործարարները թող մասնակցեին։

– Իսկ դուք հողատարածք ձեռք բերե՞լ եք Էջմիածնում։

– Չէ, իմ բնակարանն է, որտեղ ես բնակվում եմ։ Այնտեղ առաջ եկած մաս ունեմ ես, ինչպես քաղաքում բոլորը, այսպես ասած՝ բալկոնային մաս ունենք։

– Խոսում են, որ դուք իշխանության հետ գործարքի եք գնացել։

– Չի կարող նման բան լինել, որ մենք իշխանության հետ գործարքի գնանք։ Ի՞նչ գործարքի մասին խոսք կարող է գնալ, եթե մենք չունենք բավարար ձայներ, որ ինչ-որ որոշումների վրա ազդեցություն կարողանանք ունենալ։

– Ձեր ընդդիմադիր լինելն ինչպե՞ս է արտահայտվում։

– Տարբեր հարցերի շուրջ խնդիրներ ենք բարձրացնում, փորձում ենք լուծումներ տալ, փորձում ենք տեսնել՝ որտեղ ինչ խնդիր կա, որը բնակիչներին ամենաշատն է անհանգստացնում։

– Թեպետ չունեք բավարար քանակի ձայներ, բայց համացանցի, մամուլի միջոցով կարող եք աղմուկ բարձրացնել, այս նույն գազալցակայանի դեպքով՝ եւս։

– Ողբերգական դեպք է տեղի ունեցել, մանավանդ որ ես Արթուրի հետ անձնական հարաբերություններ եմ ունեցել, քննությունով կպարզվի, իսկ եթե քաղաքական մասով ասելիք լինի, մենք ասելու ենք։ Գուցե ֆեյսբուքյան հարթակներում չկա, բայց մենք մեր քաղաքում մեր կարծիքներն արտահայտում ենք, ապագայում դուք՝ ինքներդ էլ կտեսնեք։