24/04/2025

Ես չեմ կարող անպատվել կամ անպատիվ խոսք լսել. «Իմ հզոր համայնք»-ից Սուսաննա Մկրտչյանն ինքնաբացարկ է հայտնել. Լուսանկար

Գյումրու ընտրություններին մասնակցած «Իմ հզոր համայնք»-ի ընտրացուցակի ավագանու անդամ, Մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրու պատվավոր քաղաքացի Սուսաննա Մկրտչյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել:

«Ես երեկ դիմում են ներկայացրել ինքնաբացարկի: Նոտարով, ամեն ձևով հաստատել հրաժարվել եմ, նախ առողջական խնդիրներ ունեի, մի քանի օր առաջ սրտի հետ կապված խնդիր ունեցա»,- ասաց նա:

Ինչպե՞ս է գնահատում փաստը, որ «Իմ հզոր համայնք»-ը գյումրեցուց ստացած քվեն փաստացի ծառայեցնելու է այլ ուժի, ավելի հստակ՝ Վարդան Ղուկասյանին: Պատասխանելով հարցին՝ Մկրտչյանն ասաց՝ իր որոշելիքը չէր դա. «Հետո էս խառնաշփոթից ես երբեք գլուխ չեմ հանի, ինքս արվեստագետ եմ, ես քաղաքական բաներով չեմ զբաղվել, ես չեմ դա որոշողը, ովքեր որ որոշել են, երևի ունեն իրենք իրենց պատճառները, խնդիրները: Ինձ առաջարկեցին, ես մասնակցեցի: Ես միշտ էլ մասնակցել եմ քաղաքի մշակութային կյանքին, ամբողջ կյանքս՝ 50 տարի աշխատում եմ, Գյումրու պատվավոր քաղաքացի եմ, որ առաջարկեցին՝ չմերժեցի, մտածելով, որ Գյումրու ավագանիում մշակութային հարցերի մեջ երևի օգտակար կլինեմ: Բայց քանի որ առողջական խնդիրներ ունեցա, որոշեցի հրաժարվել»:

Եթե առողջական խնդիր չծագեր՝ կշարունակե՞ր Գյումրու պատվավոր քաղաքացին սկսած գործը այն թիմի հետ, որն այսօր իր քվեները տվել է Վարդան Ղուկասյանին. «Չէ, ճիշտն ասած՝ դրա մասին չեմ մտածել, բայց երևի կսպասեի, որ ջրերը պարզվեին, որ ես իմ անելիքն իմանայի: Ես էն մարդկանցից չեմ, որ կարող է կռիվ անել, անպատվել, կարող է անպատիվ խոսք ասել, կամ անպատիվ խոսք լսել, եթե էդ ամբողջ պարզեցումից հետո նկատեի, որ անառողջ մթնոլորտ պիտի լինի, հազար տարի մնար՝ չէի աշխատի»:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Կարեն Սիմոնյանը և Ռուբեն Մխիթարյանը պատրաստակամություն են հայտնել քվեարկել Վարդան Ղուկասյանի օգտին:

Հիշեցնենք՝ Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքների ամփոփմամբ պարզ է դարձել, որ որևէ քաղաքական ուժի չի հաջողվել հավաքել 50+1 տոկոս անհրաժեշտ քվեները, և նախնական վարկածով՝ առանց դաշինքներ ու կոալիցիաներ կազմելու հնարավոր չի լինելու ստանձնել քաղաքի կառավարումը: