24/04/2025

Հիմա իրենք են գործում նույն օրենքներով, որոնք ժամանակին քննադատել են․ Կարեն Մալխասյան

Գյումրու ՏԻՄ ընտրու­թյունների նախնական արդյունքները հայտնի են: Ըստ այդմ՝ ընտրական շեմը հաղթահարել է 5 քաղաքական ուժ: Որեւէ քաղաքական ուժ չի կարողացել հավաքել 50+1 տոկոս՝ իշխանություն ձեւավորելու համար։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Սարիկ Մինասյանը ստացել է 17 183 քվե (ձայների 36.21 տոկոսը), Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանը՝ 9 727 քվե (ձայների 20.5 տոկոսը), «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի թեկնածու Կարեն Սիմոնյանը՝ 2844 քվե (6.11 տոկոսը), «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանը՝ 7296 քվե (15.5 տոկոսը), «Իմ հզոր համայնք» կուսակցության թեկնածու Ռուբեն Մխիթարյանը՝ 3659 քվե (8.8 տոկոսը): Իսկ «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը չի հաղթահարել անցողիկ շեմը, ստացել է 1 654 քվե, ՀԱՍԿ-ը՝ 651, «Եվրադաշինք»-ը՝ 211, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը՝ 1 406 քվե։ Անճշտությունների չափը 945 է, անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 624:

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Կարեն Մալխասյանը, որ նախորդ ընտրություններից ավագանու անդամ է, այս անգամ չհայտնվեց Գյումրու ավագանու կազմում։ «Քչերն են գիտակցում, թե ինչն ինչոց էր: Մենք իրականում որեւէ ռեսուրս չունենալով, մեր որակի հաշվին ապահովեցինք այս արդյունքը»,- Հրապարակ թերթի հետ զրույցում ասաց քաղաքապետի թեկնածուն: Խոսելով ընտրությունների ընթացքի մասին՝ նա հավելեց․ «Ի սկզբանե իշխանությունը Գյումրիում կիրառեց ե՛ւ վարչական ռեսուրս, ե՛ւ թաքնված քարոզարշավ, ամեն գնով փորձում է զավթել Գյումրին: Հիմա ինչ կատարվում է, ձեռնտու է հենց իշխանությանը, որովհետեւ այդ բոլոր ընտրախախտումների կազմակերպիչն իրենք էին: Դրա համար էլ մյուս քաղաքական ուժերի կողմից լրացուցիչ ռեսուրսների կիրառման դեպքում կամ թաքնված քարոզչություն իրականացնելիս աչք էին փակում: Առաջինն իրենք էին անում ու հենց օրինակ ծառայում մյուսներին»։ Մեր զրուցակիցն ընդգծեց, որ դեռ քարոզարշավի մեկնարկից առաջ ընտրախախտումեր են արձանագրվել մյուս կուսակցությունների կողմից եւս, երբ պաստառներ էին փակցրել փողոցներում:

«Նույնը ընտրությունների ընթացքն էր․ խայտառակ ընտրություններ էին: Տեղամասերում ե՛ւ ուղղորդումներ եղան, ե՛ւ մարդիկ էին տանում-բերում, ու այդ կիրառված ռեսուրսի հաշվին այս անգամ համեմատաբար ընտրողների մասնակցությունը մեծ եղավ: Նորից եմ ասում՝ այս ամենն իրենց ձեռնտու է: Իրենք, որ իբր մշտապես քննադատել են այդ ամենն ու այդ քննադատությամբ եկան իշխանության, հիմա գործում են այն օրենքներով, որոնք միշտ քննադատել են»,- հավելեց մեր զրուցակիցը:

Համեմատություն անելով եւ անդրադառնալով Փարաքարում «Ապրելու երկրի» շռնդալից հաջողությանը, որտեղ թեկնածուն` Վոլոդյա Գրիգորյանը, բացարձակ հաղթանակ տարավ, մեր զրուցակիցն ասաց․ «Գյումրին ուրիշ էր, այստեղ ե՛ւ քաղաքական դաշտն էր ուրիշ, պայքարող թեկնածուներն էին ուրիշ, ե՛ւ վարչական լծակներն ու ռեսուրսներն էին ամբողջովին կենտրոնացրել, ե՛ւ, իհարկե, նախկինների ու ներկաների բեւեռացում էր, որը շատ խանգարեց: Չնայած նախորդ ընտրություններից ավելի շատ ձայն էինք տարել: Ցավոք, մեր պատմության մեջ միշտ էլ այդպես է եղել, մեր ժողովուրդն ընտրություն անելիս ընտրում է ոչ թե հանունի, այլ ընտրում է ինչ-որ մեկին․․․․»: Կարեն Մալխասյանն ասաց նաեւ, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը չի պատրաստվում բողոքարկել Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները:

Translate »