Երեք օր է անցել Գյումրու արտահերթ ընտրություններից, մինչդեռ գյումրեցիները շունչները պահած սպասում են մեկ մարդու հայտարարության ՝ անորոշությունից դուրս գալու եւ հասկանալու համար՝ ի վերջո Գյումրին կունենա՞ ընդդիմադիր քաղաքապետ, թե՞ ոչ, ու՞մ կսատարի Մարտուն Գրիգորյանը։
Հրապարակ թերթը գրել է․ Այս պահին իրավիճակը նրանից է կախված․ նա է որոշելու՝ Գյումրու քաղաքապետ կդառնա նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, թե ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանը։
Գյումրիի ավագանու մանդատները հետեւյալ կերպ են բաշխվել․ ՔՊ-ն 14 մանդատ կստանա, Վարդան Ղուկասյանը` 8 մանդատ, Մարտուն Գրիգորյանը՝ 6 մանդատ, Ռուբեն Մխիթարյանը՝ 3, Կարեն Սիմոնյանը` 2 մանդատ։ Մարտուն Գրիգորյանին մոտ կանգնած մեր աղբյուրն ասաց, որ սպասված հայտարարությունը հնարավոր է այդպես էլ չհնչի:
«Մարտունը գործի մարդ է եւ գործով կապացուցի, կտեսնեք, մինչև նորընտիր ավագանու արտահերթ նիստը իր դիքորոշումը կհայտնի, ասել է՝ ՔՊ-ն քաղաքապետ չի ունենա, ուրեմն չի ունենա»,-ասաց մեր աղբյուրը՝ նշելով, որ շատ հնարավոր է՝ հենց ավագանու նիստի նախօրեին էլ Գրիգորյանն անի հայտարարություն։ Նշենք, որ ավագանու առաջիկա նիստը կկայանա ապրիլի 16-ին։
Գյումրի համայնքի ավագանին ունի 33 մանդատ: Համայնքի ղեկավար է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը՝ 17 ձայն։
Եթե առաջադրված թեկնածուներից որևէ մեկը չի ստանում 17 ձայն, ապա առավելագույն ձայներ ստացած 2 թեկնածուների միջև անցկացվում է քվեարկության 3-րդ փուլ։ Երկրորդ փուլում համայնքի ղեկավար է ընտրվում առավելագույն ձայներ ստացած թեկնածուն:
Սակայն ստեղծված անորոշ պարագայում առկա է ավագանու նիստի կայանալու հարցը: Ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է ավագանու 17 անդամ։ Այսինքն՝ առանց ընդդիմության ավագանու նիստ չի կարող հրավիրվել։
Եւ, եթե, երկշաբաթյա ժամկետում նիստեր չկայանան ու համայնքի ղեկավար չընտրվի, տեղի են ունենալու նոր արտահերթ ընտրություններ։ Ստեղծված իրավիճակի եւ նոր արտահերթ ընտրությունների հետ կապված՝ գյումրեցիներից հետաքրքրվեցինք, թե ինչ կարծիք ունեն:
«Գյումրիում էլ է արդեն տարածվել կապիկությունը…,Հետաքրքիր է, այս անթասիբ խաղերի սցենարիստը ինքն է, թե ինքն էլ շատերի նման, ենթակա անմեղ ինսան է.. »,-Մարտուն Գրիգորյանի լռության վերաբերյալ կարծիք հայտնեց տարեց գյումրեցին: Կողքի ընկերն էլ հիշեցրեց․«Չմոռանանք, թե ինքը որ թիմից է, և այդ թիմը ինչ մեծ փորձ, ներդրում ունի Հայաստանի այսօրվա վիճակի հարցում…, ընտրենք, որ չընտրվի, չընտրենք, որ չընտրվի, էս նույն խաղերն են»: Երրորդն էլ հուսահատ ասաց․ «Լեննականի թասիբն էլ կորավ, խառնվեց այսօրվա ջրերին»։ Այլ կարծիքներ ևս հնչեցին․
«Վարդանիկը աչքիս լույսը չէ, բայց պարզվում է, որ հայ ժողովուրդը նոր ֆռանգյուլներ է ունենալու … », «Այդ ձայների տերը Մարտունիկը չի ,դա ժողովրդի , գյումրեցու ձայնն է, որ տվել են իրեն, ուրեմն թող էդ նույն գյումրեցուն պատասխան տա, թե ինչ է անելու» ։
«Արցախը Ադրբեջանի կազմում չի լինելու, ՔՊ-ն էլ Գյումրիում քաղաքապետ չի ունենալու, նման չեն հնչո՞ւմ»,- նկատեց անցորդ գյումրեցիներից մեկը։
Բաց մի թողեք
Հրապարակվել է Հռոմի պապի վերջին ծածկագրված ուղերձը. ունեցած 200 հազար եվրոն ինչի վրա է նա ծախսել մահից առաջ
Ազգային հիշողությունը հավերժ է։ Ի տարբերություն իշխանության
Գործազրկությունը Հայաստանում 2024 թվականին աճել է նախորդ տարվա 12.4%-ի համեմատ