24/04/2025

Սկանդալ Թուրքիայում. Մոուրինյոն քաշել է «Գալաթասարայի» մարզչի քթից, ֆուտբոլիստները ծեծել են իրար. Լուսանկար

Թուրքական «Ֆեներբախչե»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Թուրքիայի գավաթում կրած պարտությունից հետո բռնել է «Գալաթասարայի» մարզիչ Օկան Բուրուկի քթից ու քաշել:

Թուրքիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ խաղում «Ֆեներբախչեն» 1։2 հաշվով պարտվել է «Գալաթասարային»՝ ավարտելով իր մասնակցությունը մրցաշարին։ Եզրափակիչ սուլիչից հետո Մոուրինյոյի և «Գալաթասարայի» գլխավոր մարզիչ Օկան Բուրուկի միջև միջադեպ է տեղի ունեցել. պորտուգալացի մասնագետը բռնել է Բուրուկի քթից, որից հետո նա ընկել է խաղադաշտում՝ բռնելով դեմքը և ցավից կծկվելով։

Մինչ այդ, լրացուցիչ ժամանակի ընթացքում զանգվածային ծեծկռտուք էր տեղի ունեցել երկու թիմերի խաղացողների և անձնակազմի մասնակցությամբ, որը պահանջել էր ոստիկանության միջամտությունը: Արդյունքում խաղադաշտից հեռացվել էր չորս խաղացող՝ Բարիս Ալպեր Յըլմազը և Քերեմ Դեմիրբայը՝ «Գալաթասարայից», և Ֆրեդ և Մերտ Հաքան Յանդաշները՝ «Ֆեներբախչեից»:

Դրան նախորդել էր խաղի գլխավոր մրցավար Ջիհան Այդընի ցուցադրած չորս կարմիր քարտ, երկուական՝ յուրաքանչյուր թիմի ֆուտբոլիստին։ Բացի այդ, Մոուրինյոն և նրա օգնականները՝ Սալվատորե Ֆոտին ու Սանդրո Զուֆիչը, նույնպես կարմիր քարտեր էին ստացել։

«Գալաթասարայի» փոխնախագահ Մեթին Օզթուրքը դատապարտել է Մոուրինյոյի պահվածքը՝ կոչ անելով «Ֆեներբախչեի» ղեկավարությանը քայլեր ձեռնարկել նախքան Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի միջամտությունը։ «Ֆեներբախչեն» այս պահին 6 միավորով հետ է մնում «Գալաթասարայից» Թուրքիայի առաջնությունում մեկ խաղ պակասով:

Միջադեպը ևս մեկ դրվագ ավելացնում է Մոուրինյոյի վիճահարույց պահվածքի ցանկին: Փետրվարին «Գալաթասարայը» մեղադրվել էր ռասիզմի համար և չորս խաղով որակազրկվել մրցավարներին վիրավորելու և թուրքական ֆուտբոլը քննադատելու համար։

Ավելի ուշ պատիժը կրճատվել է երկու խաղով: 2011 թվականին պորտուգալացին «Ռեալը» մարզելիս մատը մտցրել է «Բարսելոնայի» մարզչի օգնական Տիտո Վիլանովայի աչքը: