24/04/2025

Նիկոլ Փաշինյանը տվեց ՏԻՄ-երը, որպեսզի ստանա համապետական ընտրությունները

«Հրապարակի» զրուցակիցը հասարակական-քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանն է:

– Ընդդիմադիր երկու խմբակցությունները քննարկում են Նիկոլ Փաշինյանին իմպիչմենթ հայտարարելու մասին: Սերժ Սարգսյանի թեւը պնդում է, որ անվստահություն հայտնելով հնարավոր է հասնել հաջողության եւ վարչապետին հեռացնել աթոռից, Ռոբերտ Քոչարյանի թիմը չի ողջունում այդ գաղափարը, ինչի արդյունքում երկու թիմերն ընդհանուր հայտարարի չեն գալիս: Ձեր կարծիքով, հնարավո՞ր է իմպիչմենթի միջոցով հասնել Փաշինյանի հեռացմանը:

– Իմպիչմենթն իրավական գործիք է, Սահմանադրությամբ ամրագրված մեխանիզմ է, որի նպատակը հետեւյալն է․ եթե երկրում կա ուժերի դասավորություն, ստեղծված մի իրավիճակ, որին բոլորը համաձայն են, բոլորն ի գիտություն են համարում տվյալ ուժերի դասավորությունը, բացի մեկ անձից` վարչապետից, տեղի է ունենում իմպիչմենթի գործընթաց, որպեսզի երկիրը չգնա արյունահեղությունների ճանապարհով, այլ ունենա սահմանադրաիրավական գործիք, ըստ որի՝ կանխի կառավարող ուժին, ուղարկելով նրան համապատասխան վայր: Բայց իմպիչմենթ հայտնելուց առաջ նախեւառաջ պետք է ստեղծել նման իրավիճակ, երբ բոլորը, այդ թվում` ՔՊ-ականները, արձանագրեն փաստ, որ Հայաստանը չունի քաղաքական իրողություն եւ դրվածք թելադրող վարչապետ, այդ ժամանակ էլ, ինչու չէ, կարող է ստեղծվել նման իրավիճակ, այդ պարագայում իմպիչմենթը կարող ենք հրաշալի գործիք համարել: Ես կարծում եմ, որ եթե նման իրողություն ստեղծվի, Փաշինյանն ինքն էլ, մեծ հավանականությամբ, հակված կլինի կազմակերպել իր իմպիչմենթը, որպեսզի հենց ինքը լինի պայմաններ առաջարկողն ու բանակցողը, երաշխիքներ ստացողը, սակայն կան տեսակետներ, որ նա երբեք չի գնա այդ քայլին եւ իր կամքով չի հեռանա իշխանությունից: Միայն այն ժամանակ, երբ բոլորը կգան կոնսենսուսի, այդ ժամանակ էլ կարող է կյանքի կոչվել իմպիչմենթ գործիքը: Հակառակ կողմից գործողություն սկսելը, որ պետք է նախաձեռնել իմպիչմենթ եւ սպասել, թե ով կողմ ու ով դեմ կքվեարկի դրան եւ այլն, ապա այդ մտահղացման մեխանիկան պետք է հիմնավորվի, ես պատրաստ եմ լսել հիմնավորումները, պետք է բացատրել, թե ինչպես է իմպիչմենթի գործընթացն աշխատելու:

– Բայց ի՞նչ եք կարծում` առկա պատկերով հնարավո՞ր է Փաշինյանին իմպիչմենթ հայտնելու պրոցեսը հաջողել:

– Եթե ստեղծվեց իրողություն, որ Հայաստանում կա ընդդիմադիր համակարգված մարմին, որն ավելի շատ բան է կարողանում թելադրել երկրի ներսում, քան պաշտոնական կառավարությունը, այսինքն` եթե տվյալ ուժը կարողանում է մարդկանց ասել, թե ինչ անեն, ինչ չանեն, ում լսեն եւ ում չլսեն, կարողանում է այնպես անել, որ մի քանի ժամվա ընթացքում պատգամավորները հավաքվեն պառլամենտում, եթե նման մարմին ունենանք, որ արդեն իսկ հասել է այդ վիճակին, որ Հայաստանում գործընթացներ եւ իրողություններ է թելադրում, ապա Նիկոլ Փաշինյանը կարող է հենց այսօր ինքնաթիռ նստել ու փախչել: Կամ՝ կարող է հրաժարական ներկայացնել: Գուցե նա համարի, որ հրաժարականը պատվի հարց է, ու չտա, սպասի անվստահությանը: Իմպիչմենթի պրոցեսը նման է անշարժ գույքի վերաբերյալ գործարքի, կա մարդ, որ վաճառում է գույքը, բայց արդյո՞ք դու ունես այդքան փող: Եթե պայմանավորվածության եք եկել, դու փող ունես, իսկ դիմացինը՝ քո ուզած անշարժ գույքը, ապա ամեն ինչ հաջողված է` նոտարում այն կհաստատեք, թե կադաստրում՝ դա էական չէ, երկուսն էլ օրինական պրոցեսներ են: Այնպես որ, եկեք սայլը ձիուց առաջ չկապենք: Ես պատրաստ եմ լսել հիմնավորումներ, բայց այստեղ կարեւորը քաղաքական նոր ստատուս քվոն է, մեզ պետք են քաղաքական նոր իրողություններ, եթե դրանք լինեն, կգտնվի դրանց արձանագրման սահմանադրաիրավական եղանակը:

– Ո՞վ ստեղծի քաղաքական նոր ստատուս քվո: Օրինակ, Դուք՝ որպես արտախորհրդարանական ընդդիմադիր գործիչ, ի՞նչ ծրագիր ունեք այդ առումով:

– Ինձ համար նպատակ է Նիկոլ Փաշինյանի հեռացումը: Նա չպետք է ունենա հնարավորություն՝ շարունակելու Հայաստանի կենսական շահերի հաշվին իշխանություն պահել: Իրեն պետք է հեռացնել կառավարման վահանակից, նա շատ վտանգավոր մարդ է: Ինձ դռնից դուրս հանեն, լուսամուտից եմ մտնելու, լուսամուտից հանեն, «լյուկ»-ից եմ ներս մտնելու, հնարավոր ամեն բան անելու եմ, որպեսզի գտնեմ պայքարելու արդյունավետ ճանապարհը, հարթելու եմ բոլոր այն ուժերի հետ իմ հարաբերությունները, որոնց հետ հնարավոր է էֆեկտիվ աշխատանք իրականացնել, գուցե իրար չենք սիրում, սակայն ես այդ ճանապարհն անցնելու եմ եւ այդ գործն անելու եմ: Այո, այս պահին տարբեր ֆորմատներ կան, որոնց մեջ ներգրավված եմ, տարբեր զրույցներ ենք ունենում, ում հետ էլ որ չեմ խոսել, բաց եմ դրա համար: Այս պահին չունեմ սեփական ճանապարհային քարտեզ, ուստի չեմ կարող նման բան առաջարկել: Երբ գտնեմ ճանապարհային քարտեզը, կգնամ եւ մարդկանց կառաջարկեմ պայքարի իմ տարբերակը, սակայն քանի դեռ չունեմ, պատրաստ եմ լսել ուրիշներին: Ինձ բավարարող ճանապարհային քարտեզի համար պատրաստ եմ կաշիս էլ ներդնել, սակայն ինձ չբավարարողի դեպքում եւս պատրաստ եմ որոշակի օգնություն ցուցաբերել:

– Գյումրիում եւ Փարաքարում ՔՊ-ն պարտվեց: Փարաքարում պարտությունը ջախջախիչ էր, Գյումրիում` բավարար: Ի՞նչ եք կարծում՝ արդյո՞ք սա նախադեպ չէ հավատալու, որ 2026 թվականին Նիկոլ Փաշինյանն իսկապես կարող է ընտրությունների արդյունքում հեռանալ:

– Չէ, խոսքը տարբեր բաների մասին է: Երկրի ղեկավար ընտրել եւ գյուղապետ ընտրել՝ տարբեր պարամետրեր ունեն: Մարդիկ տարբեր հարցադրումներ են անում: Գյուղապետ ասելով՝ չեմ փորձում Գյումրու քաղաքապետի ստատուսը նվազեցնել, զուտ խոսում եմ ՏԻՄ-ի կլասիկ մոդելի մասին: Գյումրու քաղաքապետ ընտրելիս մարդիկ առաջնորդվում են հետեւյալ սկզբունքներով` ունե՞մ արյունակցական կապ թեկնածուի հետ, թե՞ չունեմ, նույն թաղի՞ց ենք, թե՞ ոչ, ընդհանուր ընկերական շրջապատ ունե՞նք, թե՞ չունենք, ու այսպիսի մի քանի ֆիլտրեր: Երկրի ղեկավար ընտրելիս անձնական ֆակտորը շատ քիչ դեր է խաղում: Իշխանություն պահելու մոտիվացիան համապետական ընտրություններում շատ ավելի մեծ է, քան ՏԻՄ ընտրությունների դեպքում: Նիկոլ Փաշինյանը, ըստ իս, տվեց ՏԻՄ-երը, որպեսզի ստանա համապետական ընտրությունները: Նա շուտով մարդկանց վզին սարսափ է փաթաթելու, որ տեսա՞ք ինչ եղավ Գյումրիում, դե հիմա խելոք ինձ քվեարկեք: