26/04/2025

Ոչ մեկը չի մահանում, բոլորը մեր կոնտրոլի տակ են

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Ա. Դ.-ն արդեն 4-րդ օրն է հացադուլի մեջ է: Նա պահանջում է իրեն տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց», քանի որ ծանր առողջական խնդիրներ ունի, սակայն Արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը հրաժարվում է տեղափոխել:

Հրապարակ թերթը գրել է․ «Ա. Դ-ն սպիդ է, արդեն երկար ժամանակ ՄԻԱՎ վարակակիր է, և պահվում էր «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: Բայց ՊՈԱԿ տնօրեն Կամո Մանուկյանը թարսվել է նրա հետ, եւ հետ է տարել «Նուբարաշեն»: Ինքը առողջական շատ ծանր վիճակում ա, ոչ «սկոռի» են կանչում, ոչ նորմալ բուժօգնություն են ցույց տալիս: Կամեռում ա, մի հասարակ «սկոռին» ի՞նչ է, հրաժարվում են կանչել: Վիճակը սրվել է», – հայտնում է Ա. Դ-ի հարազատներից մեկը մեզ:

Հարցին, թե ինչու է Կամո Մանուկյանն իր կարծիքով «թարսվել» դատապարտյալի հետ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մոտ 6 ամիս առաջ Ա-ն բողոք էր գրել Կամո Մանուկյանի դեմ, որ նա իր դեղերը չի տալիս, պատճառը դա է»:

Զանգահարեցինք Քրեակատարողական ծառայության խոսնակ Նոնա Նավիկյանին: Նա ասաց. «Դատապարտյալ Ա. Դ-ն մարտի 31-ից հացադուլ է հայտարարել առողջական խնդիրների հետ կապված, այլ հարցերով խնդրում եմ դիմել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին»:

Զանգահարեցինք ՊՈԱԿ փոխտնօրեն Նաիրա Բաբայանին, որը պատասխանեց. «Նա բոլոր ատյաններին գրել է, իր հարցերի պատասխանները ստացել է, գրավոր դիմեք, ձեզ կպատասխանենք»: Մտավախություն հայտնեցինք, որ մինչև մենք գրավոր հարցում ուղարկենք, իրենք պատասխանեն` օպերատիվությունը կկորի, մարդը կմահանա:

«Ոչ մեկը չի մահանում, բոլորը մեր «կոնտրոլի» տակ են: Եթե նա 31-ից հացադուլի մեջ է, մեկ օրը ակտուալությանը չի խանգարում»: Շտապօգնություն ինչո՞ւ չեք կանչում, մարդը վատ է, նրա հարազատն է ասում: «Շտապօգնություն ինչո՞ւ կանչենք, մեր հսկողության տակ է, մենք ենք տեսնում, հարազատը վիճակը չի տեսնում», – եղավ պատասխանը:

«Ոչ մեկը չի մահանում` բոլորը մեր «կոնտրոլի» տակ են». ասում է ՊՈԱԿ փոխտնօրենը