24/04/2025

Նեթֆլիքսով Վազգեն Սարգսյանի ֆիլմը կցուցադրվի

«Վազգեն Սարգսյան. վերջին սպարապետը» ֆիլմը հայկական «պռակատում» ռեկորդ է սահմանել` 28 օրում մոտ 130 հազար մարդ է դիտել, եւ դա՝ միայն Երեւանում:

«Հրապարակը» գրում է․ Հայկական ֆիլմերից ոչ մեկը նման հետաքրքրություն չէր առաջացրել, եւ դեռ շարունակվում է հոսքը․ բոլոր կինոթատրոններում ֆիլմը ցուցադրվում է, եւ տոմսերը սպառվում են ամբողջությամբ:

Մենք տեղեկացանք, որ ֆիլմն արդեն թարգմանվել է անգլերեն, եւ արտադրողներն այժմ բանակցում են «Նեթֆլիքս» ֆիլմերի համաշխարհային ընկերության հետ` նրա ֆիլմացանկում Վազգեն Սարգսյանի մասին ֆիլմի ցուցադրությունն ընդգրկելու համար: Բացի այդ, ֆիլմը ներկայացվել է տարբեր միջազգային փառատոների` որպես մրցութային ֆիլմ:

Տեղեկացանք նաեւ, որ ֆիլմը նկարահանած Genetic Production ընկերությունը պատրաստվում է շարունակել մեր ազգի հերոսական կերպարների մասին ֆիլմարտադրությունը, եւ այժմ քննարկում են մյուս ֆիլմի հերոսի ընտրության հարցը:

Մեր տեղեկություններով` բանակցում են հաջորդ ֆիլմն ազգային հերոս Մոնթեի մասին նկարահանելու վերաբերյալ: Չնայած Մոնթեի մասին տեղեկություններն ավելի սակավ են, քան Վազգեն Սարգսյանի մասին տեղեկություններն ու փաստական տվյալները, բայց պրոդաքշընում համոզված են, որ Մոնթեի մասին էլ ոչ պակաս հաջող ֆիլմ են նկարելու:

Translate »