29/04/2025

Էդպես լավ չէր, մի հատ էլ աջը համբուրեիք․ ռազմական ակադեմիայի սաները խոնարհվում են Աննա Վարդապետյանի առջև

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է մամուլում հրապարակված տեղեկություններին, թե զինծառայողները Գլխավոր դատախազի հետ հանդիպման ժամանակ ողջունելիս խոնարհվել են:

«Ի՞նչ աստիճանի պետք է չհարգես զինվորական ապագա սպաներին, որ կեղծ լուր տարածես այն մասին, թե իբր կուրսանտները խոնարհվել են գլխավոր դատախազի առջև։

Ու նաև ի՞նչ աստիճանի ապուշ պետք է լինես, որ հավատաս տենց լուրերին (նույնիսկ եթե գլխի չընկնես, որ կուրսանտներն աթոռի նստատեղն են դզում, որ նստեն)։

Ու սենց «լրագրողների» պատճառով ամբողջ լրատվական դաշտն է դառնում հանրության կողմից ատված»։

Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունը հերքել է մամուլում հրապարակված այդ տեղեկությունները՝ խնդրելով չտրվել մանիպուլյացիաներին և զերծ մնալ դիտավորյալ խեղաթյուրված տեղեկատվության տարածումից:

Ապրիլի 8-ին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ Արսեն Մանգասարյանի հրավերով Ակադեմիայի Ցամաքային զորքերի ինստիտուտի կուրսանտների համար Վարպետաց դաս էր անցկացրել՝ «Քրեական ենթամշակույթի տարածման կանխարգելումը ՀՀ Զինված ուժերում» թեմայով:

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան իր ֆեյսբուքյան էջում մի տեսանյութ է հրապարակել, որտեղ ցուցադրվում է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հանդիպումը ակադեմիայի՝ զինվորական հագուստով սաների հետ։

Տեսանյութում մեր ուշադրությունը գրավեց այն, թե ինչպես են տիկին դատախազի առջև խոնարհվում ու հատուկ պաթոսով նրան ողջունում ռազմական ակադեմիայի սաները։

Վարդապետյանը ներս է մտնում թե չէ՝ սաները բոլորով միասին ոտքի են կանգնում, ապա մինչև ծնկները խոնարհվում և ռազմական առոգանությամբ բացականչում․ «Ողջու՛յն, տիկին գլխավոր դատախազ»։

Այս ամոթալի տեսարանն արդեն իսկ քննարկման առարկա է դարձել համացանցում, թե ինչո՞ւ են ռազմական ակադեմիայի սաները այդպես ջանասիրաբար խոնարհվում Աննա Վարդապետյանի առջև։ Այն, որ իրենցից տարիքով մեծ մարդ է ներս մտնում լսարան, այն էլ՝ կին, դասախոս ու հետն էլ՝ գլխավոր դատախազ, նորմալ է, որ ներկաները, որոնք ուսանողներ են, ոտքի կանգնեն և ողջունեն նրան։ Դա տարրական հարգանքի նշան է, որը չցուցաբերելն իրոք տարօրինակ ու անընդունելի կլիներ։ Բայց ո՞վ է ստիպել այդ տղաներին, որոնք շարքային ուսանողներ չեն, Վազգեն Սարգսյանի բարձր անունը կրող ռազմական ակադեմիայի սաներ են և ապագա բարձրաստիճան սպաներ, խոնարհվել տիկին գլխավոր դատախազի առջև։

Ինչպես ասում են՝ էդպես լավ չէր, մի հատ էլ աջը համբուրեիք։ Չենք ուզում հավատալ, որ Աննա Վարդապետյանն ինքն է պահանջել, որ իր առջև զինվորակլան համազգեստ կրող անձինք պարտադիր խոնարհվեն՝ այդպիսով նրանց դնելով նվաստ իրավիճակում, հակառակ պարագայում բոլորի նկատմամբ քրեական վարույթներ կնախաձեռներ։ Ճիշտ է, տիկին Վարդապետյանն ունի շքախմբով շրջելու և հանրության մեջ իր դիրքով պայմանավորված տպավորություն գործելու սովորություն, բայց չենք կարծում, թե նրա սովորություններն այնքան են խորացել, որ հասել են ընդհուպ ռազմական ակադեմիայի սաներին իր առջև խոնարհվել տալուն։ Հավանաբար ակադեմիայի ղեկավարությունը, մասնավորապես՝ ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանն է նախապես «ինստրուկտաժ» արել, որ երբ տիկին դատախազը՝ գլխավոր, ներս մտնի, կխոնարհվեք և հատուկ առոգանությամբ կողջունեք նրան՝ ընդծելով գլխավոր դատախազ լինելու նրա բարձր դիրքը։

Սա ամոթալի և անպատվաբեր երևույթ է, հատկապես զինվորականների համար։

Թեպետ, եթե 44-օրյա պատերազմում խայտառակ ու դավաճանական պարտությունից և Արցախը, հետո նաև Հայաստանի որոշ տարածքներ հանձնելուց հետո ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայական կազմը դեռ պատիվ է համարում կանգնել Նիկոլ Փաշինյանի առջև ու նրան «պատվի առնել», ապա Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի սաների կողմից տիկին դատախազի առջև մինչև գետին խոնարհվելը պետք է որ շատ զարմանք չառաջացնի։

Սա վատ է, բայց այս երկրում ու այս իշխանությունների ու այսպիսի «պատիվ» ունեցող զինվորականների պարագայում նմանատիպ երևույթները, ցավոք սրտի, նորմալ են ընկալվում արդեն։ Մենք ամեն օր մեր արժեքների ու արժանապատվության՝ դեպի անդունդը գահավիժելու նոր ռեկորդներ ենք սահմանում, և դեռ հատակը չի երևում։

Պատկերացնել կարելի է, թե ինչեր կանեին այդ լսարանում զինվորական պատվաբեր համազգեստով ներկա անձինք, եթե դատախազ Աննա Վարդապետյանի փոխարեն նրան այդ պաշտոնին նշանակած Նիկոլ Փաշինյանը մտներ լսարան։