24/04/2025

Առուշ Առուշանյանի ճակատագիրը Վճռաբեկ դատարանի ձեռքում է

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու որոշման դեմ բողոքը Վերաքննիչ դատարանը մասնակի բավարարել էր եւ նրա նկատմամբ ընտրված 1 տարի 8 ամիս ազատազրկումը փոխարինել էր 1 տարի 11 ամիս ազատազրկմամբ։

Վերաքննիչի որոշումը Վճռաբեկ դատարան էր բողոքարկվել թե՛ պաշտպանի, թե՛ դատախազության կողմից։ Առուշանյանի պաշտպան Սերգեյ Մարաբյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց՝ վճռաբեկը ե՛ւ իրենց, ե՛ւ դատախազության բողոքը վարույթ է ընդունել, այն քննվելու է գրավոր ընթացակարգով։

Ըստ Մարաբյանի՝ դատարանն այն պետք է քննի ողջամիտ ժամկետում, որոշման հրապարակման մասին իրենք կծանուցվեն։ Հարցին, թե վճռաբե՞կն է որոշելու Առուշանյանի ճակատագիրը՝ բա՞նտ, թե՞ ազատություն, ասաց՝ այո, բայց մեկ տարբերակ էլ է հնարավոր՝ բեկանի եւ ուղարկի նոր քննության։ «Սպասենք՝ տեսնենք»,- եզրափակեց Մարաբյանը։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, 2022թ. մարտի 28-ին հրապարակել է Առուշ Առուշանյանի եւ մյուսների գործով վճիռը, որով Առուշանյանն արդարացվել է իրեն մեղսագրվող ընտրական հանցագործության դրվագով, իսկ մյուս դրվագով՝ պաշտոնեական չարաշահման համար, մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով:

Դատարանը վերջնական պատիժ է սահմանել 6 ամիս ազատազրկումը, որը պայմանականորեն չի կիրառվել։ Նաեւ տուգանք ու 5 տարի ժամկետով ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու սահմանափակում է կիրառվել: Երբ դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ, պրոբացիայի ծառայությունը դիմել է Գորիսի ավագանուն՝ Առուշանյանի լիազորությունները դադարեցնելու հարցով, սակայն ավագանին մերժել է միջնորդությունը։

Որից հետո ԱՆ պրոբացիայի ծառայության մարզային մարմինն արձանագրություն է կազմել` Առուշանյանի կողմից պատժից խուսափելու մասին, եւ միջնորդություն է ներկայացրել Սյունիքի դատարան՝ պետական պաշտոն զբաղեցնելու սահմանափակումն ու պայմանական ազատազրկումն իրական ազատազրկմամբ փոխարինելու համար։

Առուշ Առուշանյանը վիճարկել է ՊԾ գործողությունները, դատարանը մերժել է բողոքը։ Սյունիքի դատավոր Վարսենիկ Մելքոնյանը սեպտեմբերին Առուշանյանի նկատմամբ ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից 5 տարի ժամկետով զրկելը փոխարինել է 1 տարի 8 ամիս 3 օր ազատազրկմամբ։ Հիմա այս հարցն է քննարկվում վճռաբեկում: