Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի հերթական դասախոսությանը, որը տեղի ունեցավ ապրիլի 8-ին՝ Մատենադարանում, հրավիրված էին նախապես առցանց հայտեր լրացրած ՀՀ քաղաքացիները` Երեւանից եւ մարզերից։ Ես էլ էի հայտ ներկայացրել եւ «երջանիկների» թվում էի:
Հրապարակ թերթը գրել է․ Դահլիճ ներս թողնելուց առաջ նախ ներկաներին խուզարկեցին՝ անցկացնելով մետաղորսիչի միջով, վերցրին բջջայինները` նկարելն ու ձայնագրելն արգելված էին, նաեւ՝ ժամացույցները։ Աննա Հակոբյանի պահանջն է, որ ներկաները չնայեն ժամացույցին։ Հավանաբար, կարծում է, որ իրեն տեսնելը երջանկություն է, իսկ երջանիկները ժամեր չեն հաշվում։
Ժամը ճշտում էինք անվտանգության աշխատողներից
Այնուամենայնիվ, բոլորին հետաքրքրում էր, թե ժամը քանիսն է։ Գրանցումը 11.40-ին էր ավարտվելու, իսկ Աննա Հակոբյանի դասախոսությունն ուշանում էր։ Պարբերաբար անվտանգության աշխատակիցներին հարցնում էինք՝ ժամը քանի՞սն է, նրանք էլ, աջ ու ձախ նայելով, թաքուն ցույց էին տալիս իրենց բջջայինների վրա գրված ժամը։ Ի դեպ, բոլորիս հեռախոսները վերցրել էին, իսկ Փաշինյանի դուստրը՝ Մարիամիկը, հանդիպման ողջ ընթացքում հեռախոսի մեջ էր, անգամ այդ հարցում հավասարություն չէին ապահովել։ Աննա Հակոբյանը ժամանեց 13.00-ին․ դահլիճը մոտ 2 ժամ սպասում էր նրան: Մինչ հանդիպման մեկնարկը ներկաներից հետաքրքրվեցի, թե ինչպես են իմացել հանդիպման մասին։ Ոմանք ասում էին, որ տեսել են հայտարարությունը սոցցանցերում, մեկը պատասխանեց, թե իրեն ուղարկել են աշխատավայրից, մյուսն աշխատում է սոցապնախարարության հետ` պետք է ներկայանար։ Դահլիճում ճանաչեցի Շենգավիթի ավագանու անդամի, տարիքն առած մեծ թվով մանկավարժներ կային, որոնք եկել էին Փաշինյանի կնոջից գիտելիք ստանալու, բայց ավարտին չէին կարողանում հստակ պատասխանել, թե հատկապես ինչ սովորեցին այդ օրը։ Կանանցից մեկը պատասխանեց․ «Ընդհանուր առմամբ, հետաքրքիր է Աննային լսել, սկսում ենք մտածել»։ Մյուս տիկինը, թե՝ ողջունում եմ խաղաղության գաղափարը, երրորդն էլ, թե անձնական հարցով է եկել։ Շուտով դահլիճում շշուկ տարածվեց, որ Փաշինյանը եւս գալու է, եւ Աննային սպասելուց հոգնած հյուրերը գոտեպնդվեցին։
Աննան իր ճառը կարդում էր թղթից
Աննա Հակոբյանը սկսեց իր ելույթը` ասելով, որ կրթությունը էքստրանորաձեւ է, բայց մենք մնացել ենք 5-րդ դարում։ Նա տանը կարդացել էր Մովսես Խորենացի, Հովհաննես Թումանյան, Հրանտ Մաթեւոսյան, Վանո, կարդացածը կոնսպեկտավորել էր ու եկել գրավոր տեքստով զինված․ մեջբերումներ էր կարդում լսարանի համար՝ զարմանալով, թե ինչու, ասենք, «Ողբում եմ քեզ, Հայոց աշխարհ» հատվածը՝ Խորենացու «Հայոց պատմությունից», չի մատուցվել իրեն դպրոցում այնպես, որ ձեւավորեր իր անձը, եւ ինքը դա կարդացել է 44-օրյա պատերազմից հետո։ Նրա հետեւում՝ էկրանին, գրված էր․ «Ամբարիշտներին խաղաղություն չկա»։ «Ուրիշ ճանապարհ չկա, ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետեւ ներսից ենք փչացած»,- Թումանյանի «Դառնացած ժողովուրդ» հոդվածից հատված էր կարդում Աննա Հակոբյանը։ «Երկիր Նաիրիից» էր կարդում` Կարսի անկման մասին (վերջին ցիտատը նաեւ ՖԲ իր էջում էր գրել` Ս․ Ս․), Հրանտ Մաթեւոսյանից ու Վանոյից էր կարդում ու վերջում հարցնում էր՝ ինչո՞ւ որպես մարդ իմ ձեւավորման վրա չի ազդել այս բոլորը, դպրոցում մեզ այլ բաներ են մատուցվել։ Այս բոլոր հարցերը, ինչպես նաեւ ողջ դասախոսություն-շարադրությունը, նա կարդում էր թղթից։ «Կրթվելը նորաձեւ է» ծրագրի Արմավիրի հանդիպմանը էկրանին ցուցադրվել էին Հրանտ Մաթեւոսյանի նկարն ու Վանոյի խոսքը, թե` «բա այսքան պարտություն կրես ու պարտվել չսովորե՞ս», ինչին արձագանքել էր Հրանտ Մաթեւոսյանի որդին եւ ասել, որ դա ոչ թե իր հոր, այլ Վանոյի խոսքն է, եւ այս անգամ սխալն ուղղել էին, էկրանին գրել էին Հրանտի բառերը․ «Գաս հասնես 20-րդ լուսավոր դարի շեմին ու կոտորվե՞ս»։ Աննա Հակոբյանն այս անգամ կարդաց Վանոյի համապատասխան հոդվածից մի կտոր ու հայտարարեց, որ, ի վերջո, կարեւոր չէ, թե ով ինչ է ասել, կարեւորը՝ որ երկուսն էլ ասել են, որ պետք է սովորել պարտվել, որից հետո միայն մենք կարող ենք հաղթանակներ ունենալ։ Եվ հասկացվեց, որ ո՛չ Հրանտի գրածն են հասկացել, ո՛չ Վանոյի: Վերջում էլ բանախոսը համեմատություններ անցկացրեց Հայաստանի ու քաղաքակիրթ երկրներով շրջապատված Իսլանդիայի միջեւ, որն իր 170 հազար բնակչությամբ հաղթել է 50 մլն բնակչություն ունեցող Անգլիային, իսկ այսօր, ըստ ՄԱԿ-ի 2024 թ. զեկույցի, ամենաերջանիկ երկրների մեջ երրորդն է` չունի բանակ, Իսլանդիայի ոստիկանները չունեն զենք, իսկ բնակիչները տարեկան 12-15 գիրք են կարդում, ի տարբերություն հայերի։ Ուրեմն, պետք է սովորել նորովի, ու «թող չվախեցնեն մեզ պարտություններով»,- Աննա Հակոբյանն ավարտեց կարդալը եւ գեղարվեստական ընդմիջում հայտարարեց։
Աննայից հետո բեմ բարձրացավ օպերային երգչուհի
Երգչուհին, ապա այլ օպերային երգիչներ երգեցին, ու հավաքվածները, որոնք անկեղծորեն ուզում էին կրթվել, իրար հարցնում էին՝ տեսնես ովքե՞ր են, ի՞նչ են երգում։ Սակայն ո՛չ երգիչների անունները, ո՛չ ստեղծագործությունների անվանումները չհրապարակվեցին։ Անանուն երգիչներից հետո բեմ բարձրացավ վարչապետն ու սկսեց կարդալ հերթական մոտիվացիոն դասախոսությունը՝ «Իրական Հայաստան» թեմայով, որն անվանել էր know-how, բառացի` գիտեմ, թե ինչպես։ Վարչապետը գիտի, թե ինչպես պետք է անել, որ գյուղացուց էլ չլսենք՝ «առավոտից իրիկուն քարշ եմ գալիս, բայց արդյունք չկա», «չեմ կարող աշխատանք գտնել», «բիզնես եմ անում՝ օգուտ չկա»։ Դրա համար պետք է հարց տաս ինքդ քեզ, թե ինչու է այդպես։ Խոզնավարում ու Խնածախում կրակում են, Ադրբեջանն օրակարգ է թելադրում մեզ, Ռուբեն Վարդանյանին ցմահ ազատազրկում է սպառնում, իսկ Փաշինյանը խոսում է հաջողված բիզնես-պատմություններից, լավ հավ տապակող Հարլանդ Սանդերսին է հիշում, որը 62 տարեկանում հիմնեց KFC-ն, Marlenka ընկերության հիմնադիր Գեւորգ Ավետիսյանին, որը Պրահայում մեղրով տորթ է վաճառում ու միլիոնատեր է հիմա։
Վարչապետը սկսեց Սեւանի մասին իր հորինած առակից
Նոր կտակարանի ոճով նա առակ է հորինել, թե ինչպես մի մարդու որդիները՝ Սասունը, Վանն ու Արարատը մահացան, ինքն էլ, նստած իր տան մեջ՝ ողբում է ու չի տեսնում, որ մի տղա էլ ունի՝ անունը Սեւան, ու Սեւանին սիրելու փոխարեն անընդհատ մտածում է մահացած տղաների մասին։ «Այ, այդ Սեւանն իրական Հայաստանն է»,- ասաց վարչապետը՝ մոռանալով, որ հարեւանը, որի ընկերությունը երազում ենք, Սեւանին էլ է ուզում սպանել։ Սահմանադրությունը փոխելու մասին եւս բիբլիական ոճով խոսեց՝ որ մեր բոլոր սահմանադրությունների տեքստերն ընդունվել են կեղծիքով, ժողովրդի, այսինքն՝ Աստծո ձեռքը, ինչպես Միքելանջելոյի Սիքստինյան կապելլայի հայտնի նկարում, չի հասել Ադամին, այսինքն՝ իրավակարգին։ Առհասարակ այն, ինչ փորձում էին հաղորդել լսարանին Աննա Հակոբյանը եւ Նիկոլ Փաշինյանը, ոչ թե գիտելիք է, այլ մոտիվացիոն պոստուլատներ այն մասին, թե ինչպիսին է պետք լինել։ «Մարդը վատ է ապրում՝ ոչ թե որովհետեւ քիչ է վաստակում, այլ որովհետեւ քիչ է վճարում պետբյուջե»,- ներշնչում է վարչապետը հավաքվածներին։ Կամ․ «Հաջողակ՝ նշանակում է պետության համար բարիք ստեղծող»։ Աշխարհում նման մասնագետների անվանում են «քուոչներ»՝ մասնագետներ, որոնք օգնում են մարդկանց՝ հասնելու անձնական եւ մասնագիտական նպատակներին։ Իսկ այս դեպքում նպատակը որոշում ենք ոչ թե մենք, այլ՝ քոուչ Փաշինյանը։ Եվ քոուչներն ամեն հարցի տակից կարող են դուրս գալ։ Օրինակ, ընդմիջման ժամանակ Փաշինյանին հարցրի, թե ինչպես է խոսում կրթությունից, երբ իր կադրերը՝ կառավարման համակարգում, պետական մարմիններում, բավականաչափ կրթված չեն, չունեն պրոֆեսիոնալիզմ, քաղաքը քանդում են, ծառերն են կտրում, տրանսպորտը վատ են կառավարում։ Նա պատասխանեց․ «Դուք երեւի լավ չեք լսել, ես ասել եմ, որ պետք է սկսեմ ինձնից։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»։
Մի կին, որի գլխում երեւի լիքը աղքատություն կար, վարչապետին մոտեցավ իր թոշակի հարցով, որն անարդարացիորեն քիչ է։ Վարչապետը նրան երկար բացատրեց, որ նրան թոշակ տալն այնքան էլ հեշտ չէ, որ Հայաստանի 720 հազար գրանցված աշխատողներ 650 հազար թոշակառուի, մոտ 100 հազար նպաստառուի փող են տալիս, գումարած՝ բանակ են պահում, ուսուցիչ եւ այլն, եւ պետք է սա գնահատել։ Իսկ կրթությունը վերաբերում է նաեւ պետությանը, վարչապետին, որ ինքը եւս պետք է կրթվի: Որ կոռուպցիան տգիտությունից է: Եվ շարունակ խոսում էր «իրական Հայաստանից», բայց լսարանում հավաքել է մարդկանց, որոնք կապ չունեն «իրական Հայաստանի» հետ։ Ընդամենը 5 հարց հնչեց, որոնք կապ չունեին Հայաստանի քաղաքացիների հիմնական մտահոգությունների հետ։
Ոչ թե պատերազմն է իմ օրոք եղել, այլ ես՝ պատերազմի
Կանանցից մեկը, որը ԵԿՄ վարչությունում է աշխատում եւ կարծես պատերազմի, խաղաղության հարցերով մյուսներից առավել պետք է մտահոգված լիներ, ասաց, որ լավ կլինի, եթե զագսերում ստեղծվեն ամուսիններին կրթող բաժիններ, որ նրանց սովորեցնեն, թե ինչպես դաստիարակեն երեխաներին։ Մեկ այլ մասնակից պատմեց իր մեղվաբուծական բիզնեսից, որի համար Աննա Հակոբյանի հիմնադրամից փորձել է աջակցություն ստանալ, բայց չի ստացել։ Պարզվեց՝ մեղվափեթակները տվյալ կնոջ տատիկի մահից հետո դատարկվել են, մեղուները` սատկել։ Մի կին իր գործին առնչվող հարց բարձրացրեց` հաշմանդամների համար պետական աջակցության ծրագրերի մասին։ Եվ միայն մեկ` վերջին հարցերը կապ ունեին «իրական Հայաստանում» տիրող մթնոլորտի հետ։ Մի ուսանող աղջնակ հարցրեց, թե ինչ հույս ունենանք, որ սահմանազատման ավարտից հետո մեր անվտանգությունը չի խաթարվի։ Փաշինյանն ասաց, որ նույն անվտանգային հարցերը ծագում են Իրանի, Թուրքիայի բնակիչների գլխում, որոնք ասում են՝ մեր հարեւանը` հայերը, առավոտից երեկո մեր հողերն են ուզում` Կարսն ու Վանը, Վրաստանի բնակիչների գլխում են ծագում։ «Ինչպես աղքատությունն է մեր գլխում, այնպես էլ անվտանգությունն է մեր գլխում։ Ես այստեղից նայում եմ, մի բան եմ տեսնում, տանիքից եմ նայում՝ բոլորովին այլ բան է երեւում»։ Արդյո՞ք Փաշինյանը կցանկանար դառնալ վարչապետ, եթե իմանար, թե ինչ արհավիրքներ են պատուհասելու Հայաստանին իր կառավարման տարիներին՝ աղջնակի մյուս հարցին Նիկոլը պատասխանեց․ «Այո։ Ես չեմ ունեցել բավարար կրթություն, թե չէ այս ամենի մասին կմտածեի 2018 թվականին։ Ոչ թե պատերազմն է իմ օրոք եղել, այլ ես՝ պատերազմի»։ Մի պահ խոսեց ռազմահայրենասիրական դաստիարակության մեթոդներից, որոնք ինքը չի ընդունում, մասնավորապես այն, որ զորամասերում խաչեր ու տերտերների նկարներ են կախված, որ զինվորի գրպանում պետք է ոչ թե Վարդան Մամիկոնյանի նկարը լինի, այլ՝ իր մոր։ «Մտնում ես զորամաս, բանակը վերածել են եկեղեցու։ Քիչ է մնում՝ զինվորների վզին խաչեր կախեն, ուղարկեն մեռնելու»,- ասում է նա։ Նոյեմբերի 9-ն էլ հիշեց, երեւի դա էլ վարչապետի գլխից դուրս չի գալիս։ «Հենց որ նոյեմբերի 9-ի թուղթը ստորագրեցի, պարզվեց, որ բոլորը գնում են ճակատամարտի։ Բա մինչեւ էդ ո՞ւր էին»,- հարցրեց Փաշինյանը, ու մի կին դահլիճից բղավեց, թե այդ փաստաթղթի շնորհիվ իր որդին ողջ է։ «Իմ 2 տղաներն են հետ եկել»,- գոռաց մյուսը տեղից, ու բոլորը ծափ տվեցին։
Բաց մի թողեք
«Մահվան զեբռա» Գյումրիում. մարդը բարձրագույն արժեք է, այստեղ 5 րոպեն մեկ բարձրագույն արժեքը վթարի է ենթարկվում. Լուսանկարներ
Ջուրն այսօր նավթին հավասար ռեսուրս է: Ինչո՞վ ենք մենք երաշխավորված, որ այդ ջուրը վաղը, մյուս օրը ․․․
Ոչ թե պասիվություն ենք դրսևորել, այլ՝ ակադեմիական գրագիտություն․ Սուվարյան