Եթե 44-օրյա պատերազմից հետո տարբեր երկրների ղեկավարներ ու պաշտոնյաներ Ալիեւին շնորհավորում էին «տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար», ինչպես Զելենսկին, Ղազախստանի նախագահ Տոկաեւը, Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը, հիմա արդեն մեր երկիրն արժանանում է «օկուպանտի» պիտակին:
Հրապարակ թերթը գրել է․ Սլովակիայի պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը հայտարարել է, թե Հայաստանն «օկուպացրել էր Ադրբեջանի տարածքը»: ՀՀ կառավարությունն ի պատասխան որեւէ քայլ չի արել` ո՛չ հերքում, ո՛չ բողոքի նոտա: Իսկ Բաքուն կայծակի արագությամբ է արձագանքում ցանկացած թեթեւ ակնարկի, որը դույզն-ինչ հակասում է իր շահին: Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի Instagram-յան էջում տեղադրված Արցախի դրոշի առիթով Բաքվում Գերմանիայի դեսպանը կանչվեց ԱԳՆ, բողոքի նոտա հղեցին եւ ստիպեցին, որ նա ներողություն խնդրի:
Միջազգային իրավունքի մասնագետ, «Կոնցեռն Դիալոգ» ընկերության կառավարիչ Արամ Օրբելյանը «Հրապարակին» ասում է՝ խնդիրն այն չէ, որ արվել է նման հայտարարություն, այլ՝ այն, թե ինչ գործողություններ չեն հաջորդել դրան:
«Դրան հաջորդե՞լ է, օրինակ, ՀՀ-ում Սլովակիայի դեսպանին կանչելն ու նոտա տալը, պաշտոնական առարկություն հայտնելը կամ նմանատիպ այլ գործընթաց, ինչը մենք տեսնում ենք նույն Ադրբեջանի եւ բազմաթիվ այլ երկրների դեպքում: Կան բավարար հիմնավորումներ՝ հերքելու, որ ՀՀ-ն օկուպանտ չէ: Ես բազմիցս եմ ասել, որ, ըստ էության, բավականին հիմքեր կան ենթադրելու, որ ՀՀ գործող իշխանությունները դավաճան են եւ գործակալներ, բայց սրա վրա չկառուցենք զրույցը: Պետք է արձանագրենք, որ ՀՀ-ն ունի կրավորական դիրքորոշում, անհասկանալի կարգավիճակ ու, բառի բուն իմաստով՝ արհեստական ինչ-որ խաղաղության օրակարգի ձեւակերպումներ, որը կապ չունի իրական խաղաղության օրակարգի հետ»,- ասում է Օրբելյանը՝ չբացառելով, որ Հայաստանն «օկուպանտ» հռչակելու, ապա եւ Ադրբեջանի կողմից ֆինանսական պահանջներ ներկայացնելու քաղաքականությունը կարող է հաջողել:
«Փող միշտ էլ կարող են ուզել, բայց դրա վրա պետք չէ կենտրոնանալ, այս պահին ՀՀ-ն շարունակում է ենթարկվել Թուրքիայի եւ Ադրբեջանի ագրեսիային: Եթե բացենք ագրեսիայի սահմանումը, սահմանի բլոկադան դրա դրսեւորումներից մեկն է, իսկ եթե մտնենք փաստաթղթային դաշտ, պատկերը հետեւյալն է․ երբ Խորհրդային Միության փլուզումից հետո սկզբում խորհրդային ոստիկանության, իսկ հետո ադրբեջանական ՕՄՈՆ-ի ուժերը սկսեցին Արցախի հայաթափման գործողությունները՝ «Կոլցո» օպերացիան, որն այսօրվա տերմինոլոգիայով՝ զինված ապօրինի խմբավորումների գործընթաց էր ու նախորդել էր Բաքվի, Սումգայիթի, Գանձակի էթնիկ զտմանը, տեղի ունեցավ ինքնապաշտպանական գործընթաց, որի արդյունքում ԼՂԻՄ տարածքի կեսն օկուպացվեց, որից հետո սկսվեց հայկական, պայմանական հակահարձակումը՝ Շուշիի, Լաչինի ազատագրումը:
Դրանից հետո, երբ տեղի ունեցավ Քարվաճառի շրջանի զբաղեցումը, եղավ ՄԱԿ-ի ԱԽ առաջին որոշումը, որտեղ արձանագրվում է հայկական ուժերի կողմից Քարվաճառի օկուպացումը, բայց ՀՀ-ն ոչ թե մեղավոր է ճանաչվում, կամ նրան կոչ է արվում զորքերը դուրս բերել, այլ՝ ազդել Արցախի իշխանությունների կամ հայկական ինքնապաշտպանական ուժերի վրա, որպեսզի նրանք ազատեն այդ տարածքները: Նմանատիպ 4 որոշում կա, որտեղ խոսք է գնում ՀՀ պարտավորության մասին, ոչ թե որպես օկուպանտի, այլ ՀՀ իշխանությունների՝ ներազդելու հնարավորության:
Այստեղ ի՞նչն է կարեւոր, «օկուպացիա» տերմինը միջազգային իրավական տերմինոլոգիայով օգտագործվում է բացառապես միջպետական հարաբերություններում, այսինքն՝ օկուպացնել կարող են պետական կամ պետականանման միավորումները, եւ արդյունքում, անուղղակիորեն, Արցախի Հանրապետությանը որոշակի կարգավիճակ՝ միջանկյալ ստատուս է տրվել: Որքան էլ հայտարարեն, թե ՀՀ իշխանություններն Արցախը հանեցին բանակցային ֆորմատից, բանակցություններին Հայաստանի մասնակցության իրավական հիմքը հենց Հայաստանին նման հորդորն է: Այսինքն՝ Հայաստանը մասնակցում էր, որովհետեւ ՄԱԿ-ի ԱԽ-ն էր նախատեսել այդ հնարավորությունը»,-բացատրում է մասնագետը:
«Եթե մենք նայենք՝ ՌԴ Սահմանադրությամբ, Ռուսաստանը ոչ միայն ԽՍՀՄ իրավահաջորդն է, այլեւ՝ շարունակողը, եւ դա արտահայտվում է նրանով, որ ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ, ԱԽ մշտական անդամների ցուցակում մինչեւ հիմա շարունակում է գրված լինել «Խորհրդային Միություն», բայց ակնհայտ է, որ այնտեղ նստած է ՌԴ ներկայացուցիչը: Նույնը վերաբերում է նաեւ Միջուկային զենքի չտարածման պայմանագրին եւ այլն»,- ասում է Օրբելյանը: ԽՍՀՄ տարածքում ձեւավորվել են անկախ պետություններ, եւ Հայաստանն էլ ի սկզբանե անկախացել է` ԱՀ տարածքով, որովհետեւ Անկախության հռչակագրի հիմքում դրվել է Հայաստանի եւ Արցախի վերամիավորումը, իսկ Արցախն անկախանալով, միջանկյալ կարգավիճակ է ստացել. «Հայաստանի առաջին Գերագույն խորհուրդը, որը գործել է մինչեւ 1995թ., բաղկացած է եղել ոչ միայն այսօրվա ՀՀ տարածքից, այլ նաեւ ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջաններից ուղղակի ընտրություններով ընտրված պատգամավորներից»:
Օրբելյանը շեշտում է․ սլովակ պաշտոնյայի ասածի նման՝ բազմաթիվ հայտարարություններ ու որոշումներ կան հիմնականում Թյուրքական պետությունների կազմակերպության երկրների կողմից, բայց կարեւորը ոչ թե այդ պնդումներն են, այլ ՀՀ-ի պատասխանի բացակայությունը, ինչը նշանակում է, որ Հայաստանը որեւէ խնդիր չի տեսնում դրանց մասով:
«Փաստացի, ՀՀ իշխանությունները չեն տալիս պատշաճ արձագանք: Ամենատիպիկ օրինակը Գերմանիայի նախագահի հայտարարությունն էր, որտեղ նա «ինքնորոշում» ձեւակերպումն էր օգտագործել, որից հետո կասկածելի հանգամանքներում, այդ թվում՝ հիմք կա ենթադրելու, որ հայկական կողմի միջամտությամբ կամ առնվազն թողտվությամբ, դա շտկվել էր: Ադրբեջանը, ինչպես տեսնում ենք, նմանատիպ բաները շատ ցավագին է ընդունում, նոտա հղում, մինչդեռ ARTE հեռուստաընկերությունը Հայաստանը ջնջել էր իր քարտեզից, ու որեւէ պաշտոնական գործընթաց մենք չտեսանք` արձագանքեցին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները: Եվ սա համահունչ է ՀՀ գործող իշխանության դիրքորոշմանը, որոնք ուղղակի ատելություն ունեն Արցախի նկատմամբ, լցված են արցախաֆոբիայով, ընդ որում՝ ոչ միայն արցախցիների, այլեւ Արցախի հետ կապված ամեն ինչի: Օրինակ, նայեք, թե Շուշիի գորգերի թանգարանը որտեղ է, ինչ վիճակում: Չիմացանք, թե ՀՀ իշխանությունները պաշտոնապես որեւէ բան արեցի՞ն վերջերս Վատիկանում հակահայ սեմինարի հետ կապված»,- ընդգծում է Օրբելյանը: Իսկ ՀՀ իշխանությունների լուռ համաձայնությունն ակնհայտորեն չի բխում ՀՀ Սահմանադրությունից:
Բաց մի թողեք
Առաջիկա օրերին որոշ ընդդիմադիր ուժեր պատրաստվում են բախումներ հրահրել Հայաստանի տարբեր շրջաններում
Հայտնի են՝ որոնք են նորածինների նախընտրելի անուններն այս տարի
Շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար արժեցած «դարի հաղթանակը»` պատուհաս Կառավարության համար