22/04/2025

Փաշինյանի հեռացման բանալին խորհրդարանում է

«Ժառանգություն» կուսակ­ցու­թյունը տեւական լռությունից հետո նախօրեին քաղաքական խորհրդի լիագումար նիստ է հրավիրել, մասնակցել է տարբեր մարզերից ժամանած 60 պատվիրակ՝ քննարկելու հայաստանյան, տարածաշրջանային, միջազգային եւ ռազմավարական արդի զարգացումները:

Նիստը վարել է Րաֆֆի Հովհաննիսյանը, «քննարկել են Հայաստանի գոյութենական ճգնաժամը եւ որոշել կուսակցության ընթացիկ տարվա հայեցակարգային եւ գործառնական ճանապարհային քարտեզը»: Նշենք, որ կուսակցության մասին համացանցում նշված է, որ «Ժառանգություն» կուսակցությունը չի գործում, սակայն կուսակցությունը չի լուծարվել, այլ պարզապես դադարեցրել է ակտիվ գործունեությունը:

Հրապարակ թերթը զրուցել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ Անդրանիկ Գրիգորյանի հետ:

– Ի՞նչ ճանապարհային քարտեզի մասին է խոսքը: Կարո՞ղ ենք արձանագրել, որ տեւական պասիվությունից հետո կուսակցությունն ակտիվանում է:

– «Ժառանգությունը» պասիվ չի եղել: Պարոն Հովհաննիսյանը հրավիրեց կուսակցության խորհրդի հերթական նիստը` տարածքային կառույցների հետ, այն կարեւորելով, այնտեղից եկող ազդակները հաշվի առնելով եւ այլն, որպեսզի կուսակցության հետագա գործունեությունը կանխատեսելի լինի: Քաղաքական առումով որեւէ բան չի փոխվել, գործող վարչախմբի հեռացումն այսօրեական լուրջ խնդիր է, որ կախված է երկրի գլխին: Ցավոք, պատերազմն ու դրան հաջորդող իրադարձությունները չբերեցին այն հանգրվանին, որ հայրենիքն ու պատիվը սահմանի այն կողմում թողած քաղաքական միավորը հրաժարական ներկայացնի եւ հեռանա: Մենք գտնում ենք, որ արտահերթ լուծումները Հայաստանում այսօր առավել, քան երբեւէ, անհրաժեշտ են, ամեն ինչ անում ենք՝ արտահերթ լուծումներ կյանքի կոչելու համար:

– Ի՞նչ ասել է «արտահերթ լու­ծում», եւ ի՞նչ քայլեր եք ձեռնարկում՝ դրան հասնելու համար:

– Նկատի ունեմ, որ չի կարելի մինչեւ 2026 թվականը սպասել, որ այս վարչախմբին նոր կարողանանք հեռացնել:

– Ինչպե՞ս եք պատկերացնում արտահերթ լուծումը, ի՞նչ տարբերակով է հնարավոր Փաշինյանին հեռացնել իշխանությունից: Փողոցային պայքար, իմպիչմենթ….

– Չբացառելով որեւիցե տարբերակ՝ մենք գտնում ենք, որ քաղաքական պայքարի հիմնական միջոցը խորհրդարանն է, եւ ուզում ենք հավատալ, որ խորհրդարանում աշխատող քաղաքական ընդդիմության ակտիվացման` իմպիչմենթի նախաձեռնությունը հասարակության կողմից լայն աջակցության կարժանանա: Կարծում եմ` իմպիչմենթով կարող է իրավիճակը հանգուցալուծվել:

– Իսկ ի՞նչ ճանապարհային քարտեզի մասին է խոսքը:

– Ճանապարհային քարտեզը վերաբերում է կուսակցության ներքին աշխատանքներին` տեղային կառույցների հետ: Այն միտված է արտահերթ լուծումներին, որոնց միջոցով գործող վարչախումբը կարող է հեռացվել` չբացառելով որեւէ տարբերակ:

– Ավելի կոնկրետ` ի՞նչ քայլեր եք ցանկանում ձեռնարկել: «Ժառանգությունն» ի՞նչ կարող է անել այժմ:

– «Ժառանգություն» կուսակ­ցությունը ներկայացված չէ այսօր խորհրդարանում, սպասարկում է արտախորհրդարանական տիրույթը: Մենք գտնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի հեռացման բանալին խորհրդարանում է գտնվում: Խորհրդարանն ի վերջո պետք է նախաձեռնությամբ հանդես գա: Նրանք 2021 թվականին ՀՀ քաղաքացիներից ձայներ են ստացել՝ գործող վարչախմբին հեռացնելու համար: Նրանք պետք է արդարացնեն իրենց: 2026 թ. հերթական քաղաքական ցիկլը փակելով, մենք՝ բոլորս, լեգիտիմացնում ենք նախորդ տարիներին տեղի ունեցածը: Եթե գնում ենք հերթական ընտրություններին, լեգիտիմացնում ենք Արցախի հայաթափումը: Այսինքն` հայ ժողովուրդը, հայաստանյան քաղաքական տիրույթը համաձայն է Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը:

– Ինչո՞ւ եք վստահ, որ միայն իմպիչմենթի դեպքում կարող է Փաշինյանը հեռանալ:

– Չեմ ասում՝ միայն իմպիչմենթի դեպքում, ասածս այն է, որ զուգահեռ գործընթացներ են անհրաժեշտ, որի դրոշակակիրը պետք է լինի խորհրդարանը:

– Բայց այս հարցում ամեն ինչ միանշանակ չէ, կա տեսակետ, որ ընդդիմությունը չունի բավարար քանակով մանդատներ` Փաշինյանին հեռացնելու համար, իսկ ՔՊ-ից ոչ մեկը չի միանալու ընդդիմությանը:

– 2018-ին ԱԺ-ում «Ելք» դաշինքն ուներ շատ քիչ թվով պատգամավորներ, սակայն զուգահեռաբար` փողոցային պայքարի միջոցով կարողացավ իշխանափոխության հասնել:

– Տարբերությունը հենց դա է, որ փողոցում ո՛չ առաջնորդ կա, ո՛չ էլ պայքարող մարդիկ:

– Հասարակությունը սպասում է ազդակի: Մեր հետազոտությունները, սոցհարցումները ցույց են տալիս, որ գործող վարչախմբի հանդեպ վստահությունը պատմական մինիմումի վրա է գտնվում: Հայ ժողովուրդը պատրաստ է հստակ ծրագրի դեպքում աջակցել ընդդիմությանը:

– Հայ ժողովուրդը մերժում է ե՛ւ «նախկիններին», ե՛ւ «ներկաներին»: «Ժառանգություն»-ը ո՛չ նախկին է, ո՛չ ներկա: Ինչո՞ւ հենց դուք չեք փորձում դառնալ այն ուժը, որի հետեւից հանրությունը կգնա: Ի վերջո` Րաֆֆի Հովհաննիսյանն ունի նման փորձ:

– Ես գրեթե վստահ եմ, որ մեզանում չկա որեւէ քաղաքական ուժ, որը կարող է միայնակ հանրության սպասելիքներն արդարացնել: Մեր կուսակցությունը 2021-ից հետո բոլոր պրոցեսներին` փողոցային պայքար կլինի, թե ինչ, մասնակցել է: Բայց ես այն տեսակետն ունեմ, որ ֆունկցիոնալ առումով ոչ մի քաղաքական ուժ այսօր միայնակ չի կարող պայքարել գործող ռեժիմի դեմ:

– Կմիավորվե՞ք այլ ընդդիմադիր ուժերի հետ, կոալիցիաների միջոցով մասնակցե՞ք ընտրություններին:

– Ձեր ասածը կարող է լինել հերթական ընտրական զարգացումների արդյունքում: Այդ դեպքում այն կարող է արդյունավետ միջոց լինել, սակայն մենք գտնում ենք, որ արտահերթ զարգացումներն են նպատակահարմար: Քաղաքական միավորումները եթե ամբողջական չեն եւ չեն միավորում ողջ քաղաքական ներկապնակը, հասարակության որոշակի շերտերի մոտ կարող են կասկածներ, հարցեր առաջանալ:

– Կոնկրետ իշխանության հեռացումն ինչպե՞ս եք պատկերացնում․ իմպիչմենթ ու փողոցային պայքա՞ր:

– Համաժողովրդական ցասումի գեներացում, խորհրդարանում արտահերթ պրոցեսների մեկնարկ` հստակ ծրագրով եւ վարչապետի թեկնածուով: Որից հետո նոր միայն պետք է պատրաստվել 2026 թ. ընտրություններին:

– Կմասնակցե՞ք ընտրություններին, եթե մինչ այդ իշխանափոխություն տեղի չունենա:

– Չենք քննարկել այդ հարցը: Երբ ներքաղաքական տիրույթում հստակեցումներ լինեն, հարցը կքննարկենք:

Translate »