30/04/2025

Երեւանյան խանությունն էլ կարելի է դիտել պետություն, հետեւաբար՝ նաեւ հայրենիք

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, մասնակցելով Անթալիայի դիվանագիտական ֆորումին, նախօրեին հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին մի շարք հայտարարություններ էր արել:

Մասնավորապես հայտարարել էր, թե իր թուրք եւ ադրբեջանցի գործընկերներն էլ կփաստեն, որ «երբեք այդքան մոտ չենք եղել խաղաղությանը»:

«Հաղորդակցության ուղիների ապաշրջափակման առումով՝ Ադրբեջանին արդեն իսկ արել ենք նպաստավոր առաջարկ, ինչից իրենք կարող են շահել՝ օգտվելով մեր երկաթուղային ենթակառուցվածքներից։ Դրանից կարող ենք շահել նաեւ մենք։ Գիտակցում ենք, որ Հայաստանի հարավում գտնվող 45 կիլոմետրանոց հատվածն Ադրբեջանի երկու հատվածներն իրար կապող ամենակարճ ուղին է, հետեւաբար, առաջարկել ենք սահմանային անցակետերում օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաները՝ տեղադրելով էլեկտրոնային սքաներներ, եթե ադրբեջանական կողմը չի ցանկանում, որ ապրանքներն ու իրերը ֆիզիկապես ստուգվեն։ Առաջարկել ենք նաեւ կիրառել էլեկտրոնային հայտարարագրման տարբերակը եւ տեղեկությունները երկուստեք տրամադրել պատկան մարմիններին, որպեսզի տարանցման հետ կապված հարցերը լուծվեն հնարավորինս շուտ եւ մատչելի եղանակով։ Արել ենք կոնկրետ առաջարկներ, սակայն չենք ստացել դրական պատասխան»,- ասել էր Միրզոյանը՝ ըստ էության, նկարագրելով, թե ինչպես է գործելու միջանցքը:

ՀՀ նախկին վարչապետ, քաղաքական գործիչ Խոսրով Հարությունյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ, իր կարծիքով, Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ Սյունիքով որեւէ կապ չի կարող լինել: Հատկապես՝ երբ այդ կապի մասին խոսում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի կոնտեքստում: «Որովհետեւ 9-րդ կետը վերաբերում է ապաշրջափակմանը: Մենք Մեղրիով, Սյունիքով Ադրբեջանին Նախիջեւանին միացնելու այդպիսի կոմունիկացիոն հնարավորություն տալով, ապաշրջափակման մեջ չենք հայտնվում, շարունակում ենք մնալ շրջափակված, ընդ որում՝ ավելի խորացված վիճակով: Դա ոչ այլ ինչ է, եթե ոչ Ադրբեջանին շանս տալ՝ հարմարավետ մեր տարածքով միանալ Թուրքիայի հետ: Այդտեղ ապաշրջափակման մասին խոսք լինել չի կարող, հետեւաբար՝ ես սկզբունքորեն դեմ եմ ընդհանրապես Մեղրիով կամ Սյունիքով Ադրբեջանին Նախիջեւանին միացնելու որեւէ տարբերակի: Դա Հայաստանի շահերից չի բխում, դա չի բխում նույնիսկ հակամարտության կարգավորման տեսանկյունից. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարգավորման հարցերի տեսանկյունից որեւէ բան չի ավելացնում: Ընդամենը Հայաստանը դարձնում է ավելի խոցելի եւ ավելի է խորացնում շրջափակումը»,- ասաց Հարությունյանը:

ՀՀ նախկին վարչապետն ան­թույ­լատրելի է համարում այս կոնտեքստից դուրս որեւէ մեկնաբանություն, եթե այդ հարցին անդրադառնում ենք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի կոնտեքստում, որի հիմնական իմաստը բոլոր կոմունիկացիաների ապաշրջափակումն է, որպեսզի կոնֆլիկտի կարգավորման համար բարենպաստ նախադրյալներ ստեղծենք: «Ըստ էության, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը հրադադարի մասին էր, եւ 9-րդ կետում առաջ քաշվող թեզը՝ ապաշրջափակել բոլոր կոմունիկացիաները, մեկ նպատակ էր հետապնդում` այդկերպ հրադադարը դարձնում էինք ավելի կայուն եւ անշրջելի: Հետեւաբար, հարց է առաջանում, թե արդյոք Նախիջեւանով 47 կմ ժամանակակից լոգիստիկ պահանջներին բավարարող, մոտավորապես 150 միլիոն դոլար մեզ վրա՝ պետական բյուջեի վրա նստող գիծը, որը հնարավորություն է տալու Ադրբեջանին հարմարավետ Նախիջեւանի Շարուրից մտնել Իգդիր… այս ծրագիրն ի՞նչ կապ ունի ապաշրջափակման հետ: Որեւէ մեկը կարո՞ղ է սա ինձ բացատրել: Ինձ համար որեւէ միտք, գաղափար, որեւէ առաջարկ, քննարկում, ակնարկ անգամ՝ Նախիջեւանն Ադրբեջանին Սյունիքով միացնելու կոմունիկացիաների մասին, անընդունելի է, որովհետեւ դրանք չեն բխում 9-րդ կետի բովանդակությունից, տրամաբանությունից»,- շեշտեց Հարությունյանը:

Միակ տարբերակը, որպեսզի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հրադադարը դառնա անշրջելի, փոխշահավետ տնտեսական համագործակցության ձեւավորման նպատակով, ըստ մեր զրուցակցի, սա է՝ Բաքու-Ղազախ-Իջեւան-Դիլիջան-Երեւան, որից հետո կարող են Արարատով դուրս գալ Նախիջեւան կամ էլ գնալ Թուրքիա: Նախիջեւանից Սյունիքով 47 կմ-անոց ճանապարհով Ադրբեջանին միանալու հնարավորություն տալը ապաշրջափակման հետ կապ չունի եւ Հայաստանին ոչինչ չի տա: Այդ հարցը պետք է տալ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պնդում է ՀՀ նախկին վարչապետը:

Անդրադառնալով Արարատ Միր­զոյանի հայտարարությանը, որ դե ֆակտո Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտություն չկա, սակայն դե յուրե չկա ստորագրված խաղաղության պայմանագիր, Խոսրով Հարությունյանը խորհուրդ է տալիս լսել, թե ինչ է ասում Ալիեւը: «Գիտե՞ք Ալիեւը Թուրքիայում ինչ ասաց, նա խոսում էր ռուս-ուկրաինական հակամարտության մասին: Ասաց` հակամարտությունները կարող են կարգավորվել մեկ դեպքում, եթե կողմերից մեկը կապիտուլյացիայի է ենթարկվում: Դե հիմա ասացեք, խնդրեմ՝ երբ որ մենք ասում ենք, որ հակամարտություն չունենք, ուրեմն պիտի անընդհատ կրակե՞նք: Այդ մարդն անընդհատ նոր պայմաններ է դնում, այնպիսի պահանջներ է ներկայացնում, որն այլ կերպ չես անվանի, քան կապիտուլյացիա: Էլ ի՞նչ ասի այդ մարդը: Հիմա խոսքն այն մասին է, թե արդյոք հայաստանյան քաղաքական ղեկավարությունը հրապարակավ կամ ոչ հրապարակավ իր քայլերով նպաստո՞ւմ է իմ, Ձեր, մյուսի համար, որ մենք վստահություն ունենանք, որ հայաստանյան իշխանությունները քայլեր են կատարում, որոնք մեզ ոչ թե կտանեն կապիտուլյացիայի, այլ, ըստ էության, կնպաստեն երկարաժամկետ, խաղաղ համագործակցության համար նախադրյալների ձեւավորմանը: Մեղրիով կոմունիկացիա տրամադրելով մենք նպաստո՞ւմ ենք խաղաղությանը, թե՞ հակառակը: Վերջիվերջո, կարելի է վերածել Հայաստանը երեւանյան խանության եւ ասել՝ ապրում ենք, էլի: Որովհետեւ, եթե մենք հայրենիքն ասում ենք պետություն, իսկ պետություն ասելով հասկանում ենք այն սահմանները, որի մեջ կա իշխանություն, ապա երեւանյան խանությունն էլ կարելի է դիտել պետություն, հետեւաբար՝ նաեւ հայրենիք»,- նկատում է Խոսրով Հարությունյանը: