ՀՅԴ Բյուրոյի մամուլի ծառայությունը նախօրեին հայտնեց․ «Ապրիլի 14-ին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, Բյուրոյի անդամներ Լիլիթ Գալստյանն ու Արսեն Համբարձումյանն այցելել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն։
«Հրապարակ օրաթերթ». ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Քրիստինա Քվինին Արմեն Ռուստամյանն ընդհանուր գծերով ներկայացրել է ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովի կողմից որդեգրված քաղաքական ուղեգիծը եւ առաջնահերթությունները։ ՀՅԴ Բյուրոյի անդամները բարձրաձայնել են Հայաստանի Հանրապետության դիմագրաված անվտանգային խնդիրների շուրջ իրենց մոտեցումները եւ մտահոգությունները, կարեւորել են արցախահայության վերադարձի երաշխավորված եւ անվտանգ իրացման, Բաքվում պահվող ռազմագերիների եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման խնդիրը, ընդգծել են միջազգային դերակատարների, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքական ներգրավվածության կարեւորությունը…»։ Լիլիթ Գալստյանից հետաքրքրվեցինք, թե կոնկրետ ինչ են զրուցել ԱՄՆ դեսպանի հետ:
Նա նշեց, որ զրույցի մանրամասները չի կարող ներկայացնել, խոսել են հայ ժողովրդի եւ ՀՅԴ-ի համար առանցքային մի քանի հարցերի շուրջ։ «Բնականաբար, հիմնական կենտրոնացումը եղել է Արցախի հիմնախնդրի շուրջ: Մեր առաջնահերթություններն ենք փոխանցել տիկին դեսպանին, որի առանցքում արցախահայության վերադարձի իրավունքն է, նրանց հիմնական իրավունքների պաշտպանությունը: Խոսել ենք հայ ռազմագերիների, այդ թվում՝ ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին, շեշտել ենք մեր այն մոտեցումը, որ անհնար է խոսել կայուն խաղաղության մասին, եթե այն կառուցված չէ արդարության եւ միջազգային հիմնարար սկզբունքների վրա: Կարեւորել ենք այն հանգամանքը, որ համաձայնագրում անպայման պետք է ներառված լինի հայ ռազմագերիների վերադարձի հարցը։ Բնականաբար, անդրադարձել ենք Ադրբեջանի ռազմատենչ եւ ագրեսիվ հռետորաբանությանը՝ Հայաստանի Հանրապետությունը շարունակաբար «Արեւմտյան Ադրբեջան» ներկայացնելու ցինիկ վարքագծին։ Ինչպես գիտեք, ԱՄՆ 2 կուսակցությունները ներկայացնող տասնյակ կոնգրեսականներ, այդ թվում՝ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրիակիսին, Բրեդ Շերմանը եւ Դեյվիդ Վալադաոն, դիմել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ կոչ անելով Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել Արցախի Հանրապետությունում ռազմական հանցագործությունների, էթնիկ զտումների համար, ինչպես նաեւ պահանջել են աշխատանքներ տանել հայ գերիների վերադարձի հարցով։ Կոնգրեսականների մեկ այլ խումբ էլ առաջարկում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառել Մագնիտսկու ակտի շրջանակներում, ինչպես նաեւ՝ պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Կոնգրեսականներն ընդգծում են նաեւ Բաքվում անարդարացիորեն պահվող բոլոր հայ գերիների ազատ արձակման, ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգության պաշտպանության անհրաժեշտությունը։ Կոնգրեսականներն իրենց նամակում ԱՄՆ պետքարտուղարի ուշադրությունն են հրավիրում նաեւ Սիրիայի հայ համայնքի եւ նրա հարուստ քրիստոնեական ժառանգության վրա: Կոնգրեսականների դիրքորոշումը եւ նախաձեռնությունը մենք շատ բարձր ենք գնահատում։ Սրանք կարեւոր քայլեր են, որի ուղղությամբ բացառիկ աշխատանք է տարել հայ համայնքը, մասնավորապես՝ Հայ դատի գրասենյակը։
Ադրբեջանը ցինիկաբար ոտնահարում է միջազգային իրավունքը, արհամարհում է միջազգային դատարանի որոշումները, բայց սա չի նշանակում, որ միջազգային պատժամիջոցների եւ ուժային կենտրոնների կողմից ճնշման պարագայում արդյունքներ չենք գրանցի: Մենք համոզված ենք, որ կամային, նախաձեռնողական եւ կազմակերպված համահայկական համախմբումի եւ աշխատանքի պարագայում կարող ենք ճեղքում առաջացնել։ Հիշենք, որ ադրբեջանական վայրագությունների, մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների, Արցախում էթնիկ զտում իրականացնելու պատճառով Ադրբեջանի անդամությունը ԵԽԽՎ-ին դադարեցվել է նաեւ առաջիկա տարվա համար»։
Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունեն ԱՄՆ դեսպանի հետ զրույցից, Գալստյանը նշեց. «Հանդիպումը կարեւոր էր եւ օգտակար։ ԱՄՆ-ն Մինսկի համանախագահող երկրներից է, իսկ Մինսկի խումբը ճանաչել է Արցախի սուբյեկտայնությունը։ Համոզված եմ, որ եթե ՀՀ իշխանություններն ունենան բավարար կամք ու ցանկություն, ապա Արցախի էջը փակված չէ։ Ցավոք, այդ սոսկալի դավաճանական հայտարարությունը Փաշինյանը նաեւ այսօր հնչեցրեց ԱԺ ամբիոնից՝ մեկ անգամ եւս հաստատելով, որ Արցախի հարցի արդար լուծման միակ խոչընդոտը Հայաստանի ներկա իշխանությունն է»:
Բաց մի թողեք
«Մահվան զեբռա» Գյումրիում. մարդը բարձրագույն արժեք է, այստեղ 5 րոպեն մեկ բարձրագույն արժեքը վթարի է ենթարկվում. Լուսանկարներ
Ջուրն այսօր նավթին հավասար ռեսուրս է: Ինչո՞վ ենք մենք երաշխավորված, որ այդ ջուրը վաղը, մյուս օրը ․․․
Ոչ թե պասիվություն ենք դրսևորել, այլ՝ ակադեմիական գրագիտություն․ Սուվարյան