30/04/2025

Փաշինյանը շարունակում է շոուն, բայց հանդիսատեսին այլևս հետաքրքիր չէ

Երեկ կրկին Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում էր եւ կրկին աղմկահարույց հայտարարություններ էր անում: Արտաքին քաղաքականությանը վերաբերող հայտարարություններից տպավորությունն այնպիսին էր, որ նա պատրաստ է համաձայնել Ալիեւի ցանկացած պահանջի, միայն թե ստանա «խաղաղություն» անվանումը կրող թղթի այդ կտորը, որը կոչում է պայմանագիր։

Հրապարակ թերթը գրել է․ Փաշինյանն այդ նպատակով Ալիեւին առաջարկեց՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն իրականացնել խաղաղության պայմանագրի ստորագրման հետ միաժամանակ: «Նույն տեղում, նույն պահին ստորագրել թե՛ առաջինը, թե՛ երկրորդը»,-  հայտարարեց նա:

Խաղաղության համաձայնագրի տեքստը, հիշեցնենք, կողմերը համաձայնեցրել են մեկ ամիս առաջ: Բայց ստորագրելու համար Բաքուն հավելյալ նախապայմաններ է առաջ քաշում՝ լուծարել ղարաբաղյան հարցի լուծման համար ստեղծված Մինսկի խումբը, որը 30 տարվա պատմություն ունի, եւ փոխել ՀՀ Սահմանադրությունը: Փաշինյանն արդեն հայտնել է, որ պատրաստ է Մինսկի խմբի լուծարման գործընթաց սկսել, երեկ էլ վերահաստատեց, ասելով՝ եթե փակում ենք ԼՂ հակամարտության էջը, ի՞նչ իմաստ ունի հակամարտությամբ զբաղվող կառույցի գոյությունը։ «Բայց ԵԱՀԿ Մինսկի խումբն առնվազն դե ֆակտո ունի ավելի լայն համատեքստ, եւ մենք ուզում ենք համոզված լինել, որ Ադրբեջանը Մինսկի խմբի լուծարումը չի դիտարկում որպես Հայաստան-Ադրբեջան հակամարտությունն Ադրբեջանի տարածքում փակելուն եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք տեղափոխելուն ուղղված քայլ։ Փարատելու համար այս մտահոգությունը, մենք Ադրբեջանին առաջարկում ենք՝ խաղաղության համաձայնագիրը եւ Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը ստորագրել միաժամանակ»,- ԱԺ ամբիոնից երեկ հայտարարեց Փաշինյանը, իսկ դրանից րոպեներ առաջ ներքին լսարանի համար էլ հայտարարեց, թե պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. «Պատերազմի համար որեւէ հիմք չկա»։

«Այսինքն՝ սեղանին դնել խաղաղության համաձայնագիրն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին համատեղ դիմումը եւ նույն տեղում, նույն պահին ստորագրել թե՛ առաջինը եւ թե՛ երկրորդը։ Սա, ընդ որում, պաշտոնական առաջարկություն է»,- ասաց նա:

Պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը գիտակցում է, թե Բաքուն ինչքան է կարեւորում Մինսկի խմբի լուծարումը, եւ այդ հարցն էլ խաղաքարտ դարձնելով՝ փորձում է ստանալ բաղձալի ստորագրությունը: Այս առաջարկին Բաքվից երեկ չարձագանքեցին: Երեկ նա նաեւ պատրաստակամություն հայտնեց՝ Սահմանադրության հարցում գնալ զիջումների։ Հայտնի է՝ Ադրբեջանը պահանջում է, որ փոխվի Հայաստանի Սահմանադրությունը, մայր օրենքից ջնջվի Անկախության հռչակագիրը, որտեղ հիշատակվում է Ղարաբաղի ու Հայաստանի միավորման մասին: Համարում են, որ սա Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ է:

«Հայաստանի սահմանա­դրու­թյունը մեկնաբանելու իրավասություն ունեցող մարմինն անբեկանելի որոշմամբ սահմանել է, որ Հայաստանի սահմանադրության մեջ Ադրբեջանին կամ որեւէ այլ երկրի ուղղված տարածքային պահանջներ չկան»,-  հիշեցրեց Փաշինյանը` նկատի ունենալով Սահմանադրական դատարանի` 7 ամիս առաջ կայացրած որոշումը, որով արձանագրել են, որ որեւէ երկրի նկատմամբ տարածքային պահանջ չկա երկրի մայր օրենքում: Եթե իսկապես մտահոգված են, եւ սա խաղաղության պայմանագիրը տապալելու պատրվակ չէ, Փաշինյանն առաջարկում է խաղաղության համաձայնագիրը ստորագրել, խորհրդարանով վավերացնել ու դարձնել Սահմանադրությունից ավելի բարձր ուժ ունեցող փաստաթուղթ:

«Եվ խորհրդարանում վավերացնելուց հետո կգործի Հայաստանի Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետը, որտեղ ասվում է. «Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի եւ օրենքների նորմերի միջեւ հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը»: Սա նշանակում է, որ խաղաղության համաձայնագիրը Հայաստանում, ինչպես նաեւ Ադրբեջանում վավերացվելուց հետո կստանա բարձրագույն իրավաբանական ուժ, եւ, հետեւաբար, խաղաղության համաձայնագրի հարցում իր ընթացիկ դիրքորոշմամբ Ադրբեջանը խոչընդոտում է իր իսկ կողմից առաջ քաշված խնդիրների հանգուցալուծմանը»,- ասաց Փաշինյանը:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի ելույթն ու հայտարարությունները երեկ անհետաքրքիր էին անգամ ՔՊ-ականների համար, ֆիզիկապես ներկա պատգամավորների մի մասն անհաղորդ էր դրանց, մի մասը հեռախոսների մեջ էր ընկղմված, ոմանք էլ այլ զբաղմունք էին գտել իրենց համար՝ խաղում էին, նկարում, ավելին` նախկինում կառավարության ծրագրերի եւ կատարողականների քննարկումների վերջում՝ Փաշինյանի ելույթից հետո, ՔՊ-ականները ծափահարում էին «շեֆին», այս անգամ այլեւս չկար նախկին էնտուզիազմը: Ընդմիջումներին անգամ պատգամավորները չէին մոտենում եւ հատուկ դռնով չէին ճանապարհում Փաշինյանին Ալեն Սիմոնյանի աշխատասենյակ, այլ ընդմիջումը հայտարարելուն պես ծլկեցին դահլիճից։

Ի դեպ, համացանցում էլ երեկ մեծ հետաքրքրություն չկար Փաշինյանի խոսքերի, անգամ ամենաարտառոց ու աղմկահարույց հայտարարությունների նկատմամբ: