30/04/2025

Քեռին մեղադրում է զարմիկին, ինչպես է ղեկավարելու Երևանի դատախազությունը․ Լուսանկար

2023 թվականի նոյեմբերի 16-ին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Երեւան քաղաքի դատախազ նշանակեց Ռաֆայել Մանուկյանին։ Մինչ այդ Մանուկյանը Երեւանի դատախազի տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում, ավելի վաղ Արարատի մարզի դատախազի տեղակալն էր, մի խոսքով՝ աստիճանաբար է բարձրացել պաշտոնեական սանդուղքով։

Հրապարակ թերթը գրել է․ Ռաֆայել Մանուկյանի հարստությունը եւս աստիճանաբար է աճել` ոչ միանգամից։ 2009 թվականին նա բավականին աղքատ է եղել, ինչպես պնդում է նրա քեռին՝ ռուսաստանցի գործարար, Трансхолод ընկերության նախկին տնօրեն, ներկայում թոշակառու Կամո Սահակյանը։ Եթե հավատանք նրան, Ռաֆայել Մանուկյանն այն ժամանակ ամենեւին էլ այնքան հարուստ չի եղել, ինչպես հիմա, եւ չի ունեցել տներ ու բնակարաններ տարբեր քաղաքներում, ինչպես հիմա։

«2009 թվականին, երբ Ռաֆայելն ավարտեց ոստիկանության ակադեմիան, ես նրա համար ավտոմեքենա գնեցի` 10 հազար դոլար արժողությամբ, ես նրան աշխատանքի տեղավորեցի` իմ ծանոթների միջոցով, հետո օգնեցի՝ երկրորդ կրթություն ստանալ, տեղափոխեցի այլ աշխատանքի։ Իմ ընկերների շնորհիվ նա պաշտոն ստացավ ու բարձրացավ ծառայողական աստիճանակարգով»,- գրում է Երեւանի դատախազի մորեղբայրը «Հրապարակին» եւ վստահեցնում, որ 2011 թվականին Ռաֆայել Մանուկյանը մոր` իր քրոջ հետ իրենից բնակարան է խնդրել, եւ ինքը չի մերժել` նրանց համար բնակարան է գնել։ «Իմ թույլտվությամբ նրանք ձեւակերպեցին բնակարանն իմ քրոջ եւ Ռաֆայելի մոր՝ Ալվինայի անունով, քանի որ նա այդ ժամանակ ՆԳՆ աշխատակից էր եւ չէր ուզում իր անունով անշարժ գույք ունենալ։ Հետագայում նա այդ բնակարանը վաճառեց, քանի որ ի վիճակի չէր էլիտար շենքում գտնվող այդ բնակարանի կոմունալ վճարները տալ։

«Հրապարակ». Քեռին մեղադրում է զարմիկին` նման խարդախն ինչպե՞ս կարող է Երեւանի դատախազությունը ղեկավարել

Վաճառքից գոյացած գումարներով գնեցին մեկ այլ բնակարան եւ թանկարժեք կահույք, սակայն 2019 թվականին Ռաֆայելն այդ բնակարանը եւս վաճառեց եւ գնեց 3 սենյականոց՝ Չարենցի փողոցում։ Ամենաառաջին բնակարանը, որը ես գնել էի, 107 քմ էր։ Ես բազմիցս օգնել եմ քրոջս եւ նրա որդուն` կենցաղային տեխնիկայով, անգամ՝ հագուստով»,- հիշում է ռուսաստանցի գործարարը։ Ըստ նրա, ինքը Ռաֆայել Մանուկյանի հետ պայմանավորվածություն է ունեցել, որ վերջինս պետք է վերադարձնի մեքենայի եւ բնակարանի համար ծախսած իր գումարները։

«Ռաֆայելը պետք է իմ փողը հետ տար դեռ 2019 թվականին, բայց նա խնդրեց հետաձգել ժամկետը մինչեւ 2021 թվականը։ Ես համաձայնեցի, սակայն մինչ օրս նա ինձ վերադարձրել է միայն ավտոմեքենայի գումարը։ Մնացածը կատեգորիկ հրաժարվում է հետ տալ։ 2022 թվականին ես խնդրեցի նրան, որ հետ տա իմ փողը, բայց նա հրաժարվեց եւ դեռ սպառնում էր ինձ»,- պատմում է Կամո Սահակյանը։

Ինչո՞վ է սպառնացել։ «Ասել է՝ թող փորձի իմ դեմ դուրս գալ, ես հիմա մեծ մարդ եմ, իսկ ինքը՝ ոչինչ (Я теперь большой человек, а он никто – Ս․ Ս․)։ Նաեւ իրեն թույլ է տվել արտահայտություններ, թե ես այլ երկրի քաղաքացի եմ։ Բայց ես վախենալու ոչինչ չունեմ, գնալու եմ մինչեւ վերջ»,- ասում է վիրավորված քեռին։

Կամո Սահակյանը, քրոջ որդուց չկարողանալով ստանալ գումարները, դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն։

Դատախազությունը գործարարի բողոքն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե, այնտեղից էլ պատասխանել են, թե Ռաֆայել Մանուկյանի արարքում հանցակազմ չկա։ Կամո Սահակյանը սրանով չի բավարարվել` բողոք է ուղարկել վարչապետի գրասենյակ, այնտեղից դիմումը կրկին ուղարկել են Հակակոռուպցիոն կոմիտե, իսկ կոմիտեից այս անգամ մեկ այլ պաշտոնյայի ստորագրությամբ նույն պատասխանն է ստացել, թե քննել են, ուսումնասիրել, պարզել, որ Մանուկյանի արարքում հանցակազմ չկա։

Դա նվիրատվություն է, Դուք այդ ամենը նրան տվել եք հոժար կամքով, եւ քննչական մարմինները Ձեզ կարող են ասել, որ սա քաղաքացիաիրավական հարաբերություն է, ինչո՞ւ չեք դիմում դատարան՝ հարցրինք Սահակյանին։ «Ի՞նչ նվիրատվություն, ի՞նչ բան։ Ես իմն եմ պահանջում։ Նա պետք է վերադարձներ բնակարանի փողը։ Այսօր այդ բնակարանը մոտ 400 հազար դոլար արժե։ Իհարկե, ես դիմելու եմ դատարան եւ պահանջելու եմ իմը, ես ունեմ բոլոր ապացույցները։ Ես վստահ եմ, որ նա ժամանակ էր ձգում, մինչեւ ոտքի կանգնի, նա խարդախ է, եւ ես շուտով իմ փաստաբանի հետ գալու եմ Հայաստան, պահանջելու եմ, որ քրեական գործ հարուցվի, ես դատարանում կապացուցեմ ամենը։ Բայց իմ նպատակը նաեւ նրա դեմքը բացահայտելն է։ Ինչպե՞ս կարող է նման դիմագիծ, նման բարոյական պատկեր ունեցող անձնավորությունը ղեկավարել Երեւանի դատախազությունը։ Նա նախկինում աշխատել է Հակակոռուպցիոն կոմիտեում, եւ ես վստահ եմ, որ դա է պատճառը, որ այնտեղ հանցակազմ չեն կարողանում բացահայտել, դրա համար էլ ես նման պատասխաններ եմ ստանում այնտեղից։ Ուրիշ մարդ լիներ, վաղուց կերել էին, բայց քանի որ իրենցից է, ոչ մի միջոց չեն ձեռնարկում։ Ինչպե՞ս կարող են նման մարդիկ ծառայել քաղաքացու շահերի պաշտպանությանը»։

Մենք չբավարարվեցինք դատախազության գրությամբ, որտեղ նշված է․ «Քաղաքացուց ՀՀ գլխավոր դատախազություն ստացված դիմումն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների մասին օրենքով սահմանված կարգով դրանում նշված հանգամանքները ստուգելու: Հակակոռուպցիոն կոմիտեից ստացված պատասխանի համաձայն՝ ստուգման արդյունքում չեն ստացվել այնպիսի տվյալներ, որոնց կարող է տրվել քրեաիրավական գնահատական», եւ խնդրեցինք Երեւանի դատախազ Ռաֆայել Մանուկյանի անձնական դիրքորոշումը Կամո Սահակյանի հայտնած փաստերի վերաբերյալ։ Գլխավոր դատախազությունից մեզ ընդամենը փոխանցվեց, որ, այո՝ Կամո Սահակյանը Ռաֆայել Մանուկյանի քեռին է: Եվ մեր հարցին հարցով են պատասխանել. «Եթե Ձեր քեռին Ձեզ նվիրատվություն աներ, հետո գար, հետ ուզեր, ի՞նչ կանեիք»։