Եթե մոտ կես տարի առաջ հայ-ռուսական հարաբերությունների սրընթաց անկում էինք դիտարկում, ապա այսօր հարաբերություններն ավելի մեղմ են: ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, որը սովորաբար իր հրապարակային հայտարարություններում չի խնայում ՀՀ վարչապետին, վերջերս ավելի զուսպ ու բարյացակամ է դարձել:
Հրապարակ թերթը գրել է․ Մարտի 27-ին նա հայտարարել է, որ հայ-ռուսական հարաբերությունները բացառիկ են ու աննախադեպ, ու թեեւ կան խնդիրներ, այդ հարաբերությունները զարգացնելու հարցը որոշված է պատմությամբ, ճակատագրով ու աշխարհագրությամբ, չնայած՝ ոմանց դա չի ուրախացնում։ Մերձկառավարական շրջանակներից վերջերս համառորեն լուրեր են տարածվում, թե Փաշինյանը հրահանգել է իրեն ենթակա կառույցներին՝ ամրապնդել համագործակցությունը ռուսաստանցի գործընկերների հետ: Մարտի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հարց ուղղեցին Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովին, նա ասաց. «ՌԴ-ի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները չեն ընդհատվել եւ չեն կարող ընդհատվել»: Փաշինյանը որոշել է մասնակցել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի հանդիսավոր արարողություններին։ Գործարարների խմբով Հայաստան է գալիս Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, իսկ Հայ գործարարների ասոցիացիայի եւ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը Մոսկվայում բիզնես-ֆորում է կազմակերպում եւ իր ելույթում հատուկ զգուշացնում՝ վտանգավոր է Հայաստանի համար ԵԱՏՄ-ից հրաժարվելը: «ԵԱՏՄ-ից դուրս գալը եւ դեպի Եվրամիություն կողմնորոշվելու փորձերը կարող են լուրջ տնտեսական հետեւանքների հանգեցնել»,- ասում է Կարապետյանը:
Հարաբերությունների այս թեթեւակի սերտացումը քաղաքական վերլուծաբան, Մերձավոր Արեւելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը կապում է Կրեմլում Հայաստանի գծով համակարգողի փոփոխության հետ: ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակին փոխարինել է առաջին տեղակալ, ՌԴ նախկին վարչապետ Սերգեյ Կիրիենկոն, որը պուտինյան ադմինիստրացիայի ամենաազդեցիկ դեմքերից է:
«Կիրիենկոն, ինչպես գիտեք, մինչ այդ Աբխազիայում միջոցառումներ իրականացրեց: Այնտեղ նախագահի արտահերթ ընտրությունների հետ կապված խնդիրներ կային: Հիմա նա զբաղվում է Անդրկովկասով, սկսելու է նորովի ուրվագծել Անդրկովկասի քաղաքականությունը, նոր ասպեկտներով: Տեսնենք, թե ինչպես է Մոսկվան իրեն պահելու հետագայում: Համենայնդեպս, այն հանգամանքը, որ Մոսկվան նախազգուշացրել է Հայաստանին, որ պետք է լինի կա՛մ Եվրոպայի, կա՛մ Ռուսաստանի հետ, խոսում է այն մասին, որ բարձրանում է Ռուսաստանի ուշադրությունը Հայաստանի նկատմամբ: Ինչպե՞ս այն հետագայում կդրսեւորվի, պինդ գրկախառնումո՞վ, երբ Հայաստանին այնպես կսեղմեն, որ նա չի կարողանա ոչ մի շարժում անել, թե՞ նոր ազատություն տալով նրան` դեռ կտեսնենք: Առայժմ իրավիճակը միանշանակ չէ: Ռուսաստանը հիմա այլ խնդիրներով է զբաղված, որոնք, ի դեպ, փոփոխություններ են բերելու հետխորհրդային քարտեզում»,- ասաց Տարասովը:
– «Այլ խնդիրներ» ասելով նկատի ունեք ԱՄՆ-ի հետ նոր հարաբերություննե՞րը:
– Այո: Ամեն ինչ լուծվում է: ԵՄ խնդիրները, ԱՄՆ քաղաքականությունը: Կարճ ասած՝ տեղի է ունենում աշխարհի վերադասավորում:
– Լուրեր են պտտվում, թե մինչեւ մայիսի 9-ը` մեծ հաղթանակի տարեդարձը, Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրելու են խաղաղության պայմանագիրը: Դուք դա հավանակա՞ն եք համարում:
– Ես չեմ հավատում դրան: Նման նախադրյալներ չկան:
– Ակտիվ խոսակցություն կա այսօր Սյունիքի միջանցքի շուրջ, եւ Ռուսաստանը կարծես դրդում է կողմերին, որ արագ տրվի միջանցքը: Դա պե՞տք է Ռուսաստանին, եթե նա, միեւնույն է, չի վերահսկելու այն:
– Սյունիքի միջանցքը ոչ մեկին էլ պետք չէ: Ռուսաստանին այն պետք չէ բացարձակ, որովհետեւ հիմա թուրքական աշխարհում բոլորովին այլ խաղեր են սկսվում: Թուրքական աշխարհի միասնականություն էլ չկա: Եվրոպան հրաժարվում է Ադրբեջանով անցնող էներգետիկ կոմունիկացիաներից: Չինաստանը սկսում է իր ալյանսը կառուցել Միջին Ասիայի հետ, եւ նրա համար մեկ ճանապարհ կարող է լինել՝ Միջին Ասիայով դեպի Ռուսաստան եւ Եվրոպա: Սյունիքի միջանցքով ո՞ւր գնալ` Թուրքիա՞: Թուրքիան ներկայում համարյա պատերազմական վիճակում է: Այդ միջանցքը վտանգավոր է դառնում: Այնպես որ, այն ոչ մեկին պետք չէ:
– Հայաստանին առավել եւս պետք չէ, բայց այն պետք է Ադրբեջանին:
– Ադրբեջանին պետք էր այլ պայմաններում, բայց հիմա, երբ Եվրոպան հրաժարվում է ֆինանսավորել նրա էներգետիկ նախագծերը, կասպիական ռեսուրսի նշանակությունն ընկնում է: Եվրոպան հայտարարում է, որ զարգացնելու է կանաչ էներգետիկան, իսկ Ամերիկան բոլորին դուրս է մղում եվրոպական շուկայից՝ ե՛ւ ադրբեջանական, ե՛ւ ռուսական գազը:
– Այսինքն, Դուք ուզում եք ասել, որ Ադրբեջանին պետք չէ՞ Սյունիքի միջանցքը:
– Ես ասում եմ, որ այն կորցրել է ակտուալությունը:
– Բայց չէ՞ որ Ալիեւը պարբերաբար հայտարարում է, որ այն իրենց պետք է, ստանալու են եւ այլն:
– Ի՞նչ նշանակություն ունի, թե իրենք ինչ են ասում: Նրանք հայտնվել են բոլորովին այլ իրավիճակում: Կովկասի երեք հանրապետություններից ամենաառաջադեմն ու ամենախելացին, պարզվում է, Վրաստանն է: Իսկ Հայաստանն ու Ադրբեջանը հայտնվել են աշխարհաքաղաքական գնացքի հետեւից վազողների դերում, որոնք փորձում են ցատկել վերջին վագոնի մեջ:
– Վրաստանն ինչո՞վ է ավելի խելացի:
– Վրաստանը թքեց ԵՄ-ի վրա, թքեց ՄԱԿ-ի վրա, նա իր քաղաքականությունն է վարում, առեւտրատնտեսական կապեր է զարգացնում Ռուսաստանի հետ: Հեռանկարում Վրաստանն է դառնում ռուսական ազդեցության լուրջ ֆորպոստ տարածաշրջանում:
– Նիկոլ Փաշինյանը կարծես հաշտվել է Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի հետ: Գալու է Մոսկվա` ՀԱՊԿ երկրների նախագահների հետ մայիսի 9-ի շքերթը դիտելու:
– Դրանով նա Ռուսաստանին լավություն չի անում: Հայերը բացառիկ ներդրում են ունեցել ֆաշիզմի դեմ հաղթանակում՝ Հայրենական մեծ պատերազմի տարիներին, այդքան մարշալներ են տվել, եւ եթե Փաշինյանը չգնա Հայրենական մեծ պատերազմի շքերթին, նրան կկտցահարեն, կգամեն անարգանքի սյունին եւ բոլոր հայերին Ռուսաստանից հետ կուղարկեն: Նա ստիպված է գալ շքերթի, եւ այդ փաստը ոչինչ չի նշանակում:
– Համենայնդեպս, եթե հաշվի առնենք, որ վերջին շրջանում շատ նեգատիվ գործողություններ են արվել Ռուսաստանի դեմ, սա բարեկամական քայլ է: Ոչ թե լավություն, այլ նախկին վարքի փոփոխություն:
– Գիտե՞ք ինչ կասեմ Ձեզ: Փաշինյանի էպոխան ավարտվում է: Զելենսկի, Փաշինյան, Մակրոն, Գերմանիայում՝ Մերց… նրանց ժամանակն ավարտվում է, նրանց հանելու են:
– Ե՞րբ, Ձեր կանխատեսմամբ:
– Չեմ ուզում Կասանդրայի դեր կատարել, բայց զգացողություն կա, որ նրանց ժամանակն ավարտվում է: Նրանք այլեւս հետաքրքիր չեն:
– Ալիեւի դարն է՞լ է ավարտվում:
– Ալիեւը նյարդայնանում է: Նա Ռուսաստանի հետ լարվածության գնաց ու փոխարենը ստացավ պառակտում եւ թուրքական աշխարհի միասնության փլուզում: Չկա այլեւս թուրքական աշխարհի միասնությունը, վերջ: Սամարղանդում թրքալեզու պետությունների կազմակերպության անդամ երեք միջինասիական երկրները հրաժարվեցին ընդունել Հյուսիսային Կիպրոսի լեգիտիմությունը, եւ սա վերջն է:
Բաց մի թողեք
Փաշինյանի նոր զիջումների մասին կիմանանք 2026 թ․ ընտրություններից հետո
Աշխատավարձ չեն տալիս, բուժանձնակազմը բոյկոտում է
7 տարվա ընթացքում ընդամենը 22 ապօրինի գույք են բռնագրավել, որից մեկը մատոռը խփած Ռեն Ռովեր