15/05/2025

Ապրիլի 24-ին Երևանում կկազմակերպվի Ծիծեռնակաբերդ այցելուների անվճար փոխադրում. ժամանակացույց և ուղեգծեր

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ապրիլի 24-ին՝ ժամը 8:30-ից մինչև 22:00-ը, կկազմակերպվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների անվճար փոխադրումը:

«Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակում 2025 թվականի ապրիլի 24-ին՝ ժամը 8:30-ից մինչև 22:00-ը, կկազմակերպվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների անվճար փոխադրումը «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից՝ հետևյալ երթուղիներով՝

հ.1 երթուղի – «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ – Արգիշտիի – Իտալիայի – Խորենացու – Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան։

Հետադարձը՝ Ագաթանգեղոսի – Գր. Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ – Հաղթանակի կամուրջ – Աթենքի փող. – «Հրազդան» մարզադաշտ:

հ.2 երթուղի – «Հրազդան» մարզադաշտ – Ծիծեռնակաբերդի խճ.- Լենինգրադյան – Կիևյան փողոցներ – մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան:

Հետադարձը՝ նույն ուղեգծով»,-ասվում է հաղորդագրության մեջ: