Երեկ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը կենտրոնի ֆեյսբուքյան էջի միջոցով հրապարակավ հայտարարեց, որ օրերս հեռանալու է պաշտոնից:
Հրապարակ թերթը գրել է․ «Տեղեկացնում եմ, որ ս․թ․ ապրիլի 21-ին ՀՀ առողջապահության նախարարի կողմից ստացված գրության հիման վրա իմ՝ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանիս, եւ ՀՀ առողջապահության նախարարության հետ 2020 թվականի մայիսի 4-ին կնքված պայմանագիրը լուծվում է 2025 թվականի մայիսի 4-ին։
Հարկ եմ համարում ընդգծել, որ տվյալ դեպքում ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրենց հայեցողության շրջանակներում չեն կիրառվել ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 3-ի թիվ 129-Ն որոշման 85-րդ կետի 2-րդ ենթակետի կարգավորումները, այն է՝ պայմանագրով նախատեսված ժամկետը լրանալուց հետո այն կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ` ոչ ավելի, քան 3 տարի ժամկետով: Սույն դրույթի կիրառելիության արդիականությունը պայմանավորված է ոչ միայն ոլորտի (թմրաբանական բժշկական օգնության եւ սպասարկման) առանձնահատկությամբ եւ յուրահատկությամբ, այլ նաեւ իմ կողմից վարված պատշաճ եւ արդյունավետ կառավարման քաղաքականությամբ»,- գրել է նա, ապա թվարկել իր ղեկավարած հիմնարկի հաջողությունները:
Նախարարը կարող էր երկարաձգել Նազինյանի հետ պայմանագիրը առնվազն եւս երեք տարով, սակայն դա չի արել: Ինչո՞ւ, չէ՞ որ Նազինյանը համակարգում մասնագիտության մեջ ճանապարհ անցած պրոֆեսիոնալի համարում ունի, որպիսիք ալկոհոլիզմի եւ թմրամոլության ներկայիս աճի պայմաններում հատկապես անհրաժեշտ են պետությանը:
Զանգահարեցինք Սուրեն Նազինյանին: Զարմանալի է, որ Ձեզ հետ չեն վերակնքել պայմանագիրը, ինչո՞վ եք դա բացատրում: «Ինձ համար զարմանալի չէր: Ինձ համար պատճառներն ակնհայտ են, բայց դա առողջապահության նախարարության իրավունքն է»:
Դատելով Արսեն Թորոսյանին ուղղված շնորհակալությունից, որով տնօրենն առանձնացրել է նախկին ու ներկա նախարարներին, այս ազատման գաղափարի հեղինակն Անահիտ Ավանեսյանն է: Հարցրինք, թե ինչով է զբաղվելու, Սուրեն Նազինյանը պատասխանեց, որ որեւէ պետական հիմնարկից առաջարկ չի ստացել, սակայն իր մասնագիտությունը չի թողնելու:
Սուրեն Նազինյանը հանրապետությունում հայտնի թմրաբան է: Աշխատել է Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում, Առողջապահության ազգային ինստիտուտում՝ որպես թմրամիջոցների եւ կախվածությունների մոնիթորինգի կենտրոնի ղեկավար։ 2015 թվականի դեկտեմբերին աշխատել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության բժշկական սպասարկման բաժնի գլխավոր մասնագետ: 2016 թվականի մարտից մինչեւ 2019 թվականի ապրիլն աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում՝ որպես հիմնարկի նարկոլոգիական բաժանմունքի պետ։
Բաց մի թողեք
71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. թվեր
Ցմահ դատապարտյալների դաժան ծեծից 1,5 ամիս անց Սրբուհի Գալյանը այցելել է «Նուբարաշեն»
Սամվել Բաբայանն ու Ժիրայր Սեֆիլյանը կառերեսվեն. հոկտեմբերի 27-ի գործի հետքերով