Տեւական ժամանակ է՝ խափանված է «Դատալեքս» տեղեկատվական համակարգը, որը ոչ միայն լրագրողների համար է ինֆորմացիայի բաց աղբյուր, որտեղից կարելի էր տեղեկանալ նիստերի ժամանակացույցի, դատարանների վճիռների մասին, այլեւ փաստաբանների, իրավաբանների, դատավորների համար է աշխատանքային գործիք։
Նախկինում էլ էր այս հարթակն աշխատում խափանումներով, սակայն վերջին տարիներին ավելի ու ավելի դժվարությամբ են մարդիկ կարողանում օգտվել համակարգից։ Համակարգը սպասարկում է «Մեյսիս» ընկերությունը, որը ԲԴԽ-ին «քթից բռնած» ման է տալիս, քանի որ Հայաստանում միակ կազմակերպությունն է, որը կարող է սպասարկել նման ծավալի, այն էլ՝ սպեցիֆիկ, դատական գործերին վերաբերող ինֆորմացիա պարունակող հարթակ: Պարզվում է` ԲԴԽ-ն ու «Մեյսիս» ընկերությունն իրար հետ «յոլա չեն գնում», ինչի հետեւանքով հանրությունն է տուժում։
Վերջին 3 տարվա ընթացքում Դատական դեպարտամենտն ավելի քան 120 մլն դրամի պայմանագիր է կնքել «Մեյսիս ինֆորմեյշն սիսթեմս» ՍՊԸ-ի հետ, որով ընկերությունը պարտավորվել է ապահովել «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի սպասարկումը։ Ու թեեւ պայմանագրերով ստանձնած պարտավորությունները լիարժեք չեն կատարվել՝ Դեպարտամենտը ոչ միայն տույժ-տուգանքներ չի կիրառել, այլեւ շարունակել է ամեն տարի նոր պայմանագրեր կնքել ընկերության հետ։ Այս ընկերությունը ստեղծվել է 2005-ի նոյեմբերին: Այժմ ունի երկու սեփականատեր՝ Արմեն Մանուկյանն ու Միքայել Ալոյանը: Վերջինս 2022թ. դեկտեմբերին է ընկերության 50%-ի սեփականատեր դարձել։
Բացի «Մեյսիս ինֆորմեյշն սիսթեմս» ՍՊԸ-ի 50%-ը, Արմեն Մանուկյանը 2023թ․ հունվարի 17-ին գործընկերների հետ նոր ընկերություն է ստեղծել՝ «Օմնիշնթ գրուփ» ՍՊԸ-ն, որտեղ ունի 16.8% սեփականություն։ Մանուկյանը 2022-ի հունիսից նաեւ «Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիա» ՀԿ-ի նախագահն է: Այս ՀԿ-ն իշխանական հիմնադրամի` Աննա Հակոբյանի «Իմ քայլի» հետ համագործակցային ծրագիր է իրականացրել: «Իմ քայլը» հիմնադրամը 2019 թվականին հայտարարել էր այդ մասին` որ «Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիա» ՀԿ-ի եւ «Իմ քայլը» հիմնադրամի ջանքերով 2019-ի նոյեմբերին «Սիլք Նոութ» փառատոնի շրջանակներում Երեւանը նոյեմբերին կհյուրընկալի համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտների։
Տեղեկացանք, որ Բարձրագույն դատական խորհուրդը «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի անխափանությունն ապահովելու համար նոր ամպային (icloud) ծառայությունների ձեռքբերման նպատակով պատրաստվում է հատկացնել լրացուցիչ 24 միլիոն 200 հազար դրամ։ Սա ծառայություն է, որն իրականացվում է ինֆորմացիաները չկորցնելու, պահպանելու համար, ինչը «Մեյսիս» ընկերությունը չի կարող ապահովել։
Դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից փորձեցինք մեկնաբանություն ստանալ, ըստ նրանց՝ icloud-ի ձեռքբերման ծառայությունը մատուցելու է «Տելեկոմ Արմենիան»։ 24 միլիոնի պայմանագիրն էլ առաջիկայում կնքվելու է։
«Տեղեկացնում ենք, որ Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի 2024 թվականի հունիսի 19-ի համապատասխան որոշմամբ տրված հանձնարարականների հիման վրա՝ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության կողմից Դատական դեպարտամենտի մասնագետների օժանդակությամբ իրականացվել են «Դատական համակարգ» ծրագրի եւ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի վերականգնման եւ ամպային տիրույթ տեղափոխելու աշխատանքներ։
Սրանով պայմանավորված՝ ՀՏՀԳ-ի կողմից մեկ անձից գնման եղանակով «Տելեկոմ Արմենիա» ընկերության հետ կնքվել է ամպային ծառայությունների մատուցման պայմանագիր՝ 2024թ․ հոկտեմբերի 1-ից 2025 թվականի փետրվարի 1-ը ներառյալ։ Հարկ է նշել, որ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ (2024թ․ հունիսի 14) ֆինանսների նախարարությանը հանձնարարվել է 4-ամսյա ժամկետում ՀՀ ԲՏԱ նախարարության հետ մշակել ամպային ծառայությունների մատուցման պետական գնման գործընթացի մեթոդաբանություն եւ ուղեցույց։
Նշենք, որ դեռեւս այդ ուղեցույցը եւ մեթոդաբանությունը մշակման փուլում են, ինչպես նաեւ մշակումից հետո գնման գործընթացն ու պայմանագրի կնքումը պահանջելու են հավելյալ 2 ամիս, ուստի՝ հաշվի առնելով, որ 2024-ի հոկտեմբերի 1-ից մինչ օրս այդ ծառայությունը մատուցում է «Տելեկոմ Արմենիա»-ն, համակարգի անխափան գործելու համար՝ հրատապության կարգով առաջարկվել է դարձյալ պայմանագիր կնքել վերոնշյալ ընկերության հետ, քանի դեռ ամպային ծառայությունների գնման մեթոդաբանությունը մշակված չէ։
Ընդ որում՝ կնքվելիք պայմանագիրը գործելու է այնքան, մինչեւ առկա կլինեն ամպային ծառայությունների մատուցման վերաբերյալ համապատասխան վավերապայմաններ՝ մրցակցային ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու համար, եւ այդ ճանապարհով նոր պայմանագիր կնքելու դեպքում «Տելեկոմ Արմենիա»-ի հետ կնքված պայմանագիրը կլուծվի»,- «Հրապարակի» հարցմանն ի պատասխան տեղեկացնում է Դատական դեպարտամենտը։
Բաց մի թողեք
Փաշինյանի նոր զիջումների մասին կիմանանք 2026 թ․ ընտրություններից հետո
Աշխատավարձ չեն տալիս, բուժանձնակազմը բոյկոտում է
7 տարվա ընթացքում ընդամենը 22 ապօրինի գույք են բռնագրավել, որից մեկը մատոռը խփած Ռեն Ռովեր