Վարչապետը գրեթե ամեն շաբաթվա վերջում որեւէ մարզ է այցելում: Հաղորդվում է, որ նպատակը շինարարության, սուբվենցիոն ծրագրերին ծանոթանալն է, բայց իրականում բոլորն էլ հասկանում են, որ Փաշինյանն ուզում է, որ մարդիկ չմոռանան, որ իրեն են ընտրել, տեսնեն, թե ինչ հասարակ ու պարզ վարչապետ է ինքը, ինչ լավ է աշխատում, ինչ մտահոգ է իրենց առօրյա խնդիրներով, կրթությամբ, կենցաղով, որ հաջորդ ընտրություններին էլ իրեն ձայն տան:
Մայիսի 2-ին նա այս ամենը ցուցադրում էր Լոռու մարզում, որտեղ նոր կառուցվող դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ տեսնելու էր գնացել:
Հրապարակ թերթը գրել է․ Մի քանի տասնյակ պարեկային մեքենաներ էին լցվել նրա ճամփին: Փաշինյանը ցույց էր տալիս, որ գոհ չէ ծրագրերի ընթացքից․ Վանաձորում «կպավ» Սանկտ Պետերբուրգ փողոցի հիմնանորոգված ասֆալտի վիճակին: Բյուջեից 553 մլն է ծախսվել՝ 1.8 կմ այս ճանապարհի հիմնանորոգման նպատակով, բայց նոր ճանապարհն արդեն կեղտոտ է, փոշու գույն ունի: Վարչապետը հրահանգեց՝ մաքրել: Հանդիպմանը մասնակցող լոռեցիները փորձում էին համոզել նրան, որ ամեն ինչ լավ է, քաղաքը շենանում ու զարգանում է, բայց շենացման տեմպերից Փաշինյանը գոհ չէ: Տնակների հարցը բարձրացրին, ու վարչապետն ասաց, որ պետությունը կօգնի միայն նրանց, ում նկատմամբ պարտք ունի, ում նկատմամբ չունի, տուն չի տա, ինչքան ուզում են՝ թող ապրեն տնակում, դա պետության հոգսը չէ: «Շատ բաներ չխոստանանք, որը սենց թե նենց չի կատարվելու»,- սփոփում էր վարչապետը տնակներում անհույս օրեր անցկացնողներին:
Խ. Աբովյանի անվան N9 հիմնական դպրոցում մարզադահլիճ այցելեց, որի համար կառավարությունն ահռելի գումար է հատկացրել՝ մոտ 225 մլն դրամ, 200 երեխայի համար նախատեսված մանկապարտեզը, միջպետական ճանապարհին եղավ՝ Վանաձոր-Սպիտակ, մսուր-մանկապարտեզ մտավ: Ամեն տեղ ելույթներ էր ունենում, փառաբանում հարկատուին, որի փողերով այս ամենը կառուցվում է, «հարգելի ուսուցիչներին» հորդորում էր կրթվել, որ ամեն օր զարգանան, իսկ բոլորին՝ լավ ապրել:
Լոռեցիներից, որոնց հետ զրուցեցինք, ոչ բոլորն են գոհ վարչապետի այցից, թեեւ տարածված տեսանյութերում ոգեւորված են դիմավորում վարչապետին: Ասում են՝ Լոռի այցի ծրագիրը մի քանի անգամ փոխվել է: Այցելությունների նախնական ծրագիրն ավելի լայն է եղել, էստեղ-էնտեղ պիտի գնար, բայց չի գնացել։ Սանահին կայարանում, որտեղ անցյալ տարվա մայիսյան ջրհեղեղից հետո փող են բաժանել, մի ծեր կին պաչպչել է Փաշինյանին ու լաց եղել։
Քարկոպ գյուղում անցյալ տարվա մայիսի 28-ին վարարած Դեբեդը քշել-տարել էր բետոնե հին կամուրջը: Մոտ մեկ տարում նոր, ժամանակավոր ավտոմոբիլային նշանակության մի կամուրջ են գցել: Քարկոպ այցելած Փաշինյանը հպարտորեն անցավ այդ ճոճվող կամրջով: Տեղացիները վստահեցնում են, որ այս նոր կամուրջը հուսալի չէ, որ բետոնե կամրջի փլուզումից հետո այս երկրորդն այլեւս վստահելի չէ, եւ այս կամրջով խուսափում են անգամ քայլել, էլ ուր մնաց՝ ավտոմեքենա վարել:
Սակայն Քարկոպի վարչական ղեկավար Հերմինե Պետրոսյանը վստահեցնում է, որ ոչ մի վտանգ էլ չկա: «Վախենալու բան չկա, մինչեւ 50 տոննա մեքենան կարող է անցնել: Կա նաեւ հին ճոճվող կամուրջը` հետիոտնի համար, բայց հիմա էլ դրա կարիքը չունենք»: Էս ո՞ր դարն է, որ ժամանակավոր կամուրջ են սարքում, մի տարին հերիք չէ՞ր՝ փոքր կամուրջը հիմնովին սարքելու համար: Վարչական ղեկավարը բացատրում է. «Առաջնայինը բնակչությանն օգնելն էր: Երեւի էդքանն էր հնարավոր առայժմ: Քարկոպը բավականին մեծ վնասներ էր կրել, մեզ՝ բնակիչներիս են շատը օգնել: Մարդիկ կենդանիների կորուստներ են ունեցել, բնակելի տարածքների, ավտոմեքենաների, դպրոցն էր վնասվել, հիմա արդեն վերանորոգվել է, մանկապարտեզը, կոյուղու համակարգն էր վնասված ու վարարումներից հետո ավելի էր վնասվել»:
Վարչապետի այցի շուրջ ալավերդցի մի կնոջ հետ խոսեցինք՝ Անահիտ Ա․-ի: «Գիտե՞ք, ինձ ինքը չի հետաքրքրում: Մի երկու օր առաջ Ախթալայի կամրջից մեքենա էր ընկել գետը, մարդկանց մինչեւ հիմա փնտրում են: Ես այդ օրը տեսա, որ վարչապետը հեծանիվ էր քշում: Եվ, ընդհանրապես, մարդկանց հիմա կենցաղից առավել արդարությունն է հետաքրքրում: 7 տարվա մեջ արդարության ուղղությամբ ոչ մի էական բան չկա»: Մարդիկ պատմում են, որ մի քանի տասնյակ պարեկային մեքենաներ էին լցվել Լոռվա ճանապարհներին: «Ահնիձորից իջնելիս հանդիպեցի շարասյունը` երեւի մի 30-40 մեքենա էր ուղեկցում վարչապետին: Մեքենաները միանման էին, հնարավոր էլ չէր հասկանալ, թե որի մեջ կլինի։ Արդեն երեք անգամ Հագվու դպրոց ա գնացել 6 ամսում, ի՞նչ կա էդ դպրոցում, չեմ հասկանում»,- պատմեց Վանաձորի բնակիչներից մեկը։
Ստեփանավանում դպրոցը նայեց Փաշինյանը, Գարգառում՝ կրթահամալիրը, Աշոտաբերդում՝ թաղամաս, որը դեռ 3 տարի էլ կառուցվելու է, Փամբակում՝ հյուրանոց, Հագվու նորակառույց միջնակարգ դպրոցը մտավ: Դժգոհեց, թե տեսքն ավարտուն չէ, երեխաներին էլ հարցրեց` հեծանիվ քշո՞ւմ են, թե՞ չէ: «Արդեն երեք անգամ Հագվու դպրոց է գնացել կես տարում, բայց Ախթալա չեկավ՝ մարդկանց հետ խոսելու, կամրջին կանգնեց ու հետ գնաց: Ի վերջո, Ախթալան էլ է տուժել ջրհեղեղից», – դժգոհեց Ախթալայի մի բնակիչ:
Բաց մի թողեք
Փաշինյանի նոր զիջումների մասին կիմանանք 2026 թ․ ընտրություններից հետո
Աշխատավարձ չեն տալիս, բուժանձնակազմը բոյկոտում է
7 տարվա ընթացքում ընդամենը 22 ապօրինի գույք են բռնագրավել, որից մեկը մատոռը խփած Ռեն Ռովեր