Մինչ Հայաստանի քաղաքական դաշտը նախընտրական վիճակի է եկել, եւ ընդդիմադիր դաշտում բուռն կրքեր են եռում, իսկ իշխանական ընտանիքը կրթական արշավի տակ փաստացի քարոզարշավ է սկսել, Ադրբեջանում զորավարժություններից հերթականն անցկացրին, կրկին՝ Նախիջեւանում։
Հրապարակ թերթը գրել է․ Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ հրամանատարամասշտաբային զորավարժությունները Նախիջեւանում անցկացվել են առանձին համազորային բանակի 2025 թվականի պատրաստության պլանի համաձայն։ Զորավարժությունների ընթացքում ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները «տագնապ» ազդանշանով առաջ են քաշվել նախապես սահմանված շրջաններ։
Ստուգվել են անձնակազմի մանեւրելիությունը, հրամկազմի գործողությունները՝ օպերատիվ իրադրության պայմաններում։ Նշվում է, որ «իրական մարտի պայմաններին համապատասխան անցկացված զորավարժությունների ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումները ճշգրիտ կրակով ոչնչացրել են պայմանական հակառակորդի նշանակետերը»:
Այս վարժանքներից առաջ Ադրբեջանը, որի հետ Նիկոլ Փաշինյանը թուղթ է համաձայնեցրել եւ անհուսորեն փորձում է խաղաղություն կառուցել, եւս մի զորավարժություն էր անցկացրել՝ հրետանային ստորաբաժանումների մասնակցությամբ ու մարտական կրակով։
«Սրանք Ադրբեջանի հերթական հարձակողական բնույթի զորավարժություններն են, որի նպատակը պարզ է՝ տարբեր ստորաբաժանումներ, թե՛ հրամանատարաշտաբային, թե՛ զենիթահրթիռային, ներգրավելով, զինուժը պատրաստում են հարձակողական գործողությունների»,- «Հրապարակ»-ին ասում է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը՝ շեշտելով, որ վերջերս Ադրբեջանը վարժանքներին ներգրավել է նաեւ ավիացիոն ստորաբաժանում, մասնավորապես, ուսումնական թռիչքներ են իրականացվել պակիստանյան արտադրության ինքնաթիռներով։
Այս տարվա ապրիլի վերջին Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ավիացիոն ստորաբաժանումներն ուսումնական թռիչքներ էին իրականացրել Super Mushshak ուսումնական ինքնաթիռներով: «Ադրբեջանը հայտարարել էր Պակիստանից JF-17 մարտական ինքնաթիռներ գնելու մասին։ Այս վարժանքների նպատակն այն է, որ երբ այդ 4-5 էսկադրիլիա մարտական ինքնաթիռները գնվեն, օդաչուները պատրաստ լինեն»,- ասում է Վիտալի Մանգասարյանը։
Ուսումնասիրող լրագրող Դավիթ Սարգսյանը, իր Տելեգրամ ալիքում հղում անելով Flightradar համակարգին, գրել էր, որ Super Mushshak-ների թռիչքներն իրականացվել են Տավուշի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական ավիացիոն բազայում, որը հայ-ադրբեջանական սահմանից ընդամենը 30 կմ հեռավորության վրա է։ Մեր զրուցակիցը նկատում է՝ տեւական ժամանակ Տավուշի ուղղությամբ նման վարժանքներ չէին արձանագրվել։ Այս ակտիվության նպատակը, ռազմական փորձագետի խոսքով, մեկն է՝ հարմար պահի Ադրբեջանը մտադիր է ուժային ճանապարհով խնդիրներ լուծել, ուստի ՀՀ իշխանություններն ու հասարակությունը պետք է գիտակցեն՝ անկախ, այսպես կոչված, խաղաղության օրակարգից ու պայմանագրից, Ադրբեջանը չի հրաժարվում ռազմական ճանապարհով հարցը լուծելու գաղափարից։ «Ադրբեջանն օր-օրի վերականգնում է իր ԶՈՒ-ների կարողությունները, ինչը, միանշանակ, մի օր աշխատելու է եւ առաջինը հենց մեր դեմ է աշխատելու»,- ընդգծում է մասնագետը։
Ինչ վերաբերում է Նախիջեւանի ուղղությամբ արդեն պարբերական դարձած զորավարժություններին ու դրանց հավանական թիրախին, Մանգասարյանն ասում է․ «Ադրբեջանի միջնաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրերում Սյունիքի հետ կապված հավակնությունները նույնիսկ իշխանություններն ու փորձագիտական դաշտը հրապարակային մակարդակում չեն թաքցնում։ Թե երբ կփորձեն դա իրականացնել, կախված է մի շարք հանգամանքներից՝ հարեւան Իրանի վերաբերմունքից, ինչպես նաեւ՝ աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների դիրքորոշումից եւ, իհարկե, ՀՀ իշխանությունից։ Ադրբեջանը փորձելու է դա անել մաքսիմալ իր համար էժան ճանապարհով, իսկ դա հնարավոր կլինի, երբ գործող իշխանությունները երկար մնան»։
2020 թվականի պատերազմից ի վեր Բաքուն անդադար զինվում է ու վարժեցնում բանակը, Հայաստանի իշխանությունը թեեւ Հնդկաստանից ու Ֆրանսիայից զենք գնելու մասին է հայտարարել ու պնդում է, թե մեր ԶՈՒ-ները սպառազինվում են, պատերազմից ի վեր որեւէ զորավարժություն, բացառությամբ երեք շաբաթ առաջ Իրանի հետ անցկացված երկօրյա վարժանքները, որոնց քաղաքական նշանակությունը, թերեւս, ավելին է, քան բուն՝ ռազմականը, որեւէ այլ վարժանք ոչ միայն չի իրականացրել, այլեւ մերժել է ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող վարժանքները։ Փոխարենը՝ Փաշինյանը վստահ է՝ «քանի դեռ անվտանգություն ասելիս հասկանում ենք բանակ, անվտանգություն չունենք»։ Այս անհեթեթ հայտարարությունը նա արել էր ԱԺ-ում՝ կառավարության 2024 թվականի ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ։
Վիտալի Մանգասարյանի խոսքով, այդ հայտարարությունը կատարյալ աբսուրդ է։ «Այն, որ այս իշխանությունը բանակը մղել է 4-5-րդական պլան, երեւում է իրենց գործողություններից, սակայն բոլոր նորմալ պետություններն անվտանգության խնդիրը նախեւառաջ լուծում են բանակի միջոցով։ Երկրի անվտանգության ապահովման հարցն ուղիղ կապված է բանակի հետ, լոկոմոտիվը բանակն է, անվտանգության համակարգի շարժիչ ուժը բանակն է, որին այս իշխանությունները հետին պլան են մղել եւ անում են քայլեր, որոնք թուլացնում են բանակն ու մեր դիմադրողականությունը»,- շարունակում է ռազմական փորձագետը:
Նրա համոզմամբ, Փաշինյանի իշխանությունը զբաղված է «թիթեռ նկարելով», հասարակությանը մոլորեցնելով ու փիառ քայլերով, ինչը համարժեք չէ իրավիճակին։ «Խոսում են կրթության մասին այնպիսի մարդիկ, որոնք կրթական մակարդակով ու պոտենցիալով, մեղմ ասած, ոչ միայն առաջնային շարքերում չեն, այլեւ՝ անգամ հետին դիրքերում։ Աբսուրդն այն աստիճանի է հասել, որ կրթվելը, որն անընդհատ գործընթաց է, նրանք համարում են նորաձեւ, եւ այդ տրամաբանության աբսուրդն այն է, որ նորաձեւությունը փոխվում է` եթե նախկինում երկար բակերն ու կլյոշ տաբատներն էին նորաձեւ, հիմա այլեւս դրանք նորաձեւ չեն»,- հեգնում է մեր զրուցակիցը:
Բաց մի թողեք
Փաշինյանի նոր զիջումների մասին կիմանանք 2026 թ․ ընտրություններից հետո
Աշխատավարձ չեն տալիս, բուժանձնակազմը բոյկոտում է
7 տարվա ընթացքում ընդամենը 22 ապօրինի գույք են բռնագրավել, որից մեկը մատոռը խփած Ռեն Ռովեր