20/05/2025

Իրար մեղադրելով, իրար վրա կրակելով՝ ոչ մի բանի հնարավոր չէ հասնել․ Լուսանկար

Արդեն մի քանի ամիս է՝ ընդդիմադիր երկու բեւեռների` Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թիմերի միջեւ մեծ փոխհրաձգություններ են, որոնք երբեմն անձնական բնույթի վիրավորանքների են հասնում: Իսկ բոլոր նրանք, ովքեր փորձում են իշխանության շահերից բխող այս պրոցեսը մեղմել, երկու կողմից արժանանում են արհամարհանքի, թե` ձեր խորհուրդների կարիքը չունենք:

Հրապարակ թերթը գրել է․ Կոնֆլիկտը սկսվեց «Ով բերեց Նիկոլին» հարցից, հիմա կոնֆլիկտի առանցքում Փաշինյանին անվստահություն` իմպիչմենտ հայտնելու օրակարգն է: Սերժ Սարգսյանին հարող թեւը վստահ է, որ իմպիչմենտի միջոցով է միայն հնարավոր Փաշինյանին հեռացնել, Քոչարյանին հարող թեւը, ներառյալ Դաշնակցությունը, պնդում է, որ դա անիմաստ, ոչ մի տեղ չտանող եւ հիասթափեցնող գործընթաց կլինի, քանի որ անհրաժեշտ քանակությամբ մանդատներ` 54 ձայն է պետք իմպիչմենտի համար, իսկ ՔՊ-ականները դրան չեն միանա: Ի վերջո, հնարավո՞ր է իմպիչմենտի միջոցով հեռացնել իշխանության ղեկից ամուր կառչած Փաշինյանին:

Զրուցել ենք քաղաքագետ Աբրահամ Գասպարյանի եւ ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի հետ: Գասպարյանը, անդրադառնալով հարցին, նկատեց. «Այս պայմաններում իմպիչմենտ իրականացնել, միանշանակ, հնարավոր չէ, ինչու, որովհետեւ իմպիչմենտն իշխանազրկման գործընթաց է, որն ունի քաղաքական եւ իրավական հստակ գործիքակազմեր, բայց այն իրականացվում է սահմանադրությամբ` համապատասխան օրենքներով, տարվա ընթացքում տրվում է մեկ հնարավորություն, ինչը նշանակում է, որ գործընթացի լրջությունը պետք է գիտակցել, այդ թվում՝ այդ գործընթացի ետեւում կանգնած ուժերի քաշը, կշիռը, ռեալ ռեսուրսները: Եթե այս կարեւոր հանգամանքները հաշվի չեն առնվում, ստացվում է, որ պրոցեսը դառնում է ինքնանպատակ, ինչը նպաստում է իշխանության վերարտադրմանը: Եթե չկա իրական հավակնորդ կամ եթե հավակնորդը չի կարողացել մոբիլիզացնել փողոցը եւ բողոքավոր, ընդվզող փողոցին չի կարողացել ապահովել հստակ գործիքակազմ, հստակ քայլեր, չի տրամադրել ճանապարհային քարտեզ եւ գործողությունների տրամաբանական հաջորդականություն, ապա իմպիչմենտի մասին անիմաստ է խոսելը»: Իսկ եթե ՔՊ-ականներից ոմանք միանա՞ն պրոցեսին։ «Ո՞վ միանա, ինչո՞ւ պետք է միանան: Նրանք կարո՞ղ են առանց Նիկոլի շնչել, առանց նրա թույլտվության ոչ մի բան չեն կարող անել պատգամավորները, իսկ եթե նրանց շարքերում լինեին մարդիկ, ովքեր ցանկություն ունենային ազատվել Փաշինյանից, ապա դա կանեին 2020 թվականին, ինչպես որ որոշ պատգամավորներ արեցին: Իմպիչմենտն ինքնախաբեություն է, եթե իմ նշած կարեւոր պայմանները չեն ապահովում: Եթե ֆիկտիվ պրոցես ծավալելու հարց են փորձում լուծել, կարող են իմպիչմենտ անել՝ խափանելով այն գործիքակազմը, որն իրապես համապատասխան պայմանների հասունացման դեպքում հնարավորություն կտա գործընթացն իրականացնել: Եթե այսօր նախաձեռնում են իմպիչմենտ, փաստորեն, խլում են խորհրդարանական այն գործիքակազմը, որը մի օր գուցե արդյունքի հասնելու հնարավորություն տա»:

Իշխանափոխության տարբերակ կա՞ այս պահին, եթե իմպիչմենտը բացառում եք, իսկ փողոցում չկա պայքար։ Մեր զրուցակիցն ասաց. «Կա շատ ավելի կարեւոր մի բան, երբ դու կրակում ես, կրակոցներդ չեն դիպչում թիրախին, իսկ դրա պատճառն այն է, որ թիրախին չես հարվածում, իսկ ինչո՞ւ, եթե նպատակը թիրախին հարվածելն է: Ես կարեւորություն եմ տալիս ընդդիմության կոնսոլիդացիային, փոխադարձ կրակոցները ոչ մի արդյունք չեն տալիս ընդդիմությանը, փոխարենը դրանից շահում է իշխանությունը` տեսնելով պառակտված ընդդիմություն: Եթե օրակարգում կա իշխանափոխության պրոցես, ապա բոլոր ռեսուրսները պետք է այդ նպատակին ծառայեն, ի դեպ, նման մի քանի փորձ արվել է, այնպես չէ, որ ոչինչ չի արվել, տարբեր թեւեր տարբեր ակցիաներ են իրականացրել, սակայն համախմբվածություն է եղել: Համագործակցություն եղել է, բայց այսօր նման իրավիճակում` իրար մեղադրելով, իրար վրա կրակելով՝ ոչ մի բանի հնարավոր չէ հասնել»:

Անժելա Էլիբեգովան էլ, անդրադառնալով իմպիչմենտին, ասաց. «Իմպիչմենտ հնարավոր է փողոցի ճնշման արդյունքում: Մենք տեսել ենք, որ ՔՊ-ի ներսում եղել է պատգամավորների գաղթ, իսկ դա նշանակում է, որ տեսականորեն հնարավոր է հասնել իմպիչմենտի, բայց թե ինչպես է դա հնարավոր տեսականորեն, գաղափար չունեմ: Իրավական պրոցեսներ կան, որոնց չեմ տիրապետում»: Երկրորդ նախագահի թիմն ինչո՞ւ է կտրուկ մերժում այդ գործընթացը՝ հարցրինք Էլիբեգովային։ «Եթե կա գործիք, որը տալիս է իշխանափոխություն անելու հնարավորություն, ես պետք է լուրջ հիմնավորված բացատրություն ստանամ, թե ինչու այն չի կիրառվում, ես, համենայնդեպս, չեմ լսել հիմնավորումներ: Ասել` սխալ է, ժամանակավրեպ է, այնքան էլ ճիշտ չէ, մեզ պետք են ավելի խոր բացատրություններ ու վերլուծություններ: Ցանկացած մոտեցում պետք է լինի հիմնավորված, եթե ասում են` կողմ են իմպիչմենտին, դա էլ պետք է հիմնավորվի, դեմ են` եւս պետք է հստակ հիմավորեն, թե ինչու են դեմ, երկու կողմից էմոցիոնալ պատասխաններ են հնչում, որոնք հուզական բառամթերքի դաշտում են, իսկ ես ուզում եմ կարդալ փորձագիտական, փաստարկված հիմնավորումներ, որոնց վրա հիմնվելով՝ ձեւավորվեմ կարծիք: Այս պահին հասկանում եմ մի բան, որ իմպիչմենտը հնարավոր գործիք է, բայց թե ինչու այն չի կարելի կիրառել, ոչ մի համոզիչ փաստարկ դեռեւս չեմ լսել: Այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, այստեղ չի կարող երկրորդ կարծիք լինել, յոթ տարի է՝ դա ենք ասում»,- ասաց Անժելա Էլիբեգովան:

«Հրապարակ». Իրար մեղադրելով, իրար վրա կրակելով՝ ոչ մի բանի հնարավոր չէ հասնել