13/05/2025

Սկանդալային դատավորի հարցը կքննարկվի ԲԴԽ-ում․ Լուսանկար

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանի դեմ, ապա այն ուղարկել է Բարձրագույն դատական խորհուրդ՝ քննության։ Գործն այժմ ԲԴԽ-ում է, նշանակված է նաեւ նիստի օրը՝ մայիսի 19։ 

«Հրապարակ»-ի տեղեկություններով. Այս դեպքն ուշագրավ է նրանով, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից դատավորների նկատմամբ վարույթներ թեպետ հարուցվում են, սակայն երկար կյանք չեն ունենում, դրանք հանձնաժողովում քննվում եւ կարճվում են՝ չհասնելով ԲԴԽ։ Դատավորների դեմ վարույթները հիմնականում հարուցվում են արդարադատության նախարարության եւ ԲԴԽ-ի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից։

Փորձեցինք կապ հաստատել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանի հետ՝ պարզելու, թե ինչու են վարույթ հարուցել դատավորի նկատմամբ։ Նա ասաց, որ երկրում չէ։ ԿԿՀ-ից ասացին, թե կարգապահականի վերաբերյալ բոլոր հարցերը գաղտնի են պահվում, դրա վերաբերյալ որեւէ տեղեկություն չեն կարող տրամադրել։ ԲԴԽ-ից եւս չմեկնաբանեցին՝ ասելով, որ հետեւենք իրենց կայքին կամ նիստի օրը ներկա լինելով՝ տեղեկանանք բովանդակությանը։

Վահագն Մելիքյանը շատ հայտնի դատավոր է։ 2015 թվականին, երբ դեռ Գեղարքունիքի մարզի դատավոր էր, ստացել էր նախազգուշացում։ Մեկ նկատողություն էլ դատավորը ստացել էր 2022-ին՝ ԲԴԽ-ի կողմից։ Դատավորը սկանդալների կենտրոնում հայտնվել է 2020-ից հետո։ Նրա շուրջ իրադարձությունները ծավալվել են 2020-ի ամռանը, երբ «նախկիններին» ամեն կերպ պատժող իշխանությունը հրահանգել էր դատավորին՝ կալանավորել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին։ ԱԱԾ-ն Մելիքյանի շուրջ «օպերատիվ աշխատանքները» սկսել էր 2020-ի գարնան սկզբին, երբ ավարտվել էր նրա գործուղումը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, եւ նա վերադարձել էր Ավանի նստավայր։ Տեսանյութը, որով ԱԱԾ-ում սպառնացել էին դատավորին, ձեռք էր բերվել ԱԱԾ աշխատակիցների կողմից ներքին դիտում կազմակերպելու ընթացքում, իսկ դատավորը դրա մասին տեղեկացվել էր միայն դրանից 3-4 ամիս անց, երբ հրավիրվել էր Ազգային անվտանգության ծառայություն։ Նշված հանդիպման ընթացքում դատավորին ցույց էին տվել համապատասխան տեսաձայնագրությունը եւ հայտնել, որ շուտով իրեն կմակագրվի Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը, որը նա պետք է բավարարի, եթե չի ցանկանում, որ այդ կոմպրոմատը հանրայնացվի։

Սրանից բացի, 2021-ին դատավորը կալանքի որոշում է կայացրել ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանի եւ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանի ընկերոջ` Արամ Սարգսյանի վերաբերյալ։ Սարգսյանը կալանավորվել էր «ֆեյք» Գագիկ Սողոմոնյանի գործով, որը, ըստ իրավապահների, հայհոյել էր ԱԱԾ տնօրենին։ Ըստ լուրերի՝ 2021 թ․ «Տրիումֆ» սրճարանում Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը բորբոքված՝ հեռախոսով խոսել էր կալանք տվող դատավոր Մելիքյանի հետ ու ասել. «Ի՞նչ կապ ունի, որ երեք անչափահաս երեխա ունի, ու օրենքով նրան ազատազրկել չի կարելի, ԱԱԾ տնօրենին են հայհոյել, ոնց ուզում ես՝ արա, դրանք պետք է նստեն»:

Դեպքից հետո Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ Երեւան քաղաքի առաջին ատյանի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի կողմից Գագիկ Սողոմոնյանի գործով Արամ Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ դատավոր Վահագն Մելիքյանին հանձնարարական տալու փաստով քրեական գործի հարուցումը մերժվել է։ Մինչդեռ դատավոր Մելիքյանն իր բացատրությունում ընդունել էր, որ Արամ Սարգսյանի գործով 20.02.2021 թվականի ժամը 21:35-ից մինչեւ 21.02.2021 թվականի ժամը 02:30-ը, այսինքն՝ շուրջ 4 ժամ գտնվելով խորհրդակցական սենյակում, այդ ընթացքում կազմակերպչական բնույթի հարցերի վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել Երեւան քաղաքի առաջին ատյանի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի հետ։

ՀԳ․ Իրավապահ համակարգի մեր աղբյուրը չբացառեց, որ այս անգամ Մելիքյանի լիազորությունները կկասեցվեն՝ հաշվի առնելով նաեւ նախկին նկատողությունները։ Բացի այդ` վերին էշելոններից հրահանգներ են իջվեցվել՝ չներել օրինախախտ պաշտոնյաներին, նախընտրական մեկ տարում նման շոուներ բեմականացնել, որ կոռուպցիայի դեմ բուռն պայքարի իմիտացիա ստեղծեն։

«Հրապարակ». Սկանդալային դատավորի հարցը կքննարկվի ԲԴԽ-ում