Բարդ իրավիճակում է հայտնվել Փաշինյանը. մի կողմից՝ դժվար է մերժել Մոսկվային, մյուս կողմից՝ Արեւմուտքն է ճնշում: Հաղթանակի 80-ամյակի միջոցառումներին նրա մասնակցության հարցը դեռ օդում կախված է` ինչպես Փաշինյանը կասեր, թեեւ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նա ընդունել է Մոսկվայի հրավերը:
Հրապարակ թերթը գրել է․ Չնայած սրան, Փաշինյանի աշխատակազմը չի շտապում ԶԼՄ-ների հարցումներին ի պատասխան հստակեցնել, թե երբ վարչապետը կմեկնի Մոսկվա ու ինչ հանդիպումներ կունենա: Նախօրեին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հակառուսական հայտարարությունների ու մեղադրանքների հերթական չափաբաժնի արանքում հայտարարել էր, թե Նիկոլ Փաշինյանն անցանկալի անձ չէ Ռուսաստանի համար, որը, ըստ Ալեն Սիմոնյանի, «հիբրիդային պատերազմ է տանում» Հայաստանի դեմ:
Միեւնույն ժամանակ, իր անպատասխանատու հայտարարություններով աչքի ընկած այս բարձրաստիճան պաշտոնյան, ըստ էության, չէր բացառել, որ Փաշինյանը պատահաբար կարող է «կորոնավիրուսով հիվանդանալ»: Այս հեգնական ենթադրություն-հարցը Սիմոնյանի հետ ճեպազրույցում լրագրողներն էին տվել, ինչին ԱԺ նախագահն արձագանքել էր. «Գուցե։ Դե, չէ՞ որ շատերն են հիվանդացել։ Հնդկաստանի նախագահը, օրինակ»:
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը ԶԼՄ-ներին հայտնել է, որ Մոսկվայում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված հաղթանակի շքերթին կմասնակցեն 29 օտարերկրյա առաջնորդներ։ Երկրների թվում, որոնց հրավեր է ուղարկվել, Ուշակովը նաեւ Հայաստանն է նշել: «Մենք հրավիրել ենք բազմաթիվ արտասահմանյան հյուրերի եւ ակնկալում ենք, որ մեր հրավիրած երկրների 29 առաջնորդներ ներկա կլինեն հաղթանակի շքերթին»,- ասել է նա։
Փաշինյանի` Մոսկվա այցելության հետ կապված «ինտրիգը» քաղաքագետ Երվանդ Բոզոյանը պայմանավորում է նրանով, որ մի կողմից Փաշինյանը փորձում է բավարարել իր արեւմտյան գործընկերներին, մյուս կողմից վախենում է, որ Մոսկվայի հրավերը մերժելու դեպքում, եթե հանկարծ Ալիեւը մեկնի Մոսկվա, կարող է դիսբալանս առաջանալ, ինչը ռուսական կողմին առավել ակտիվ եւ, ինչպես քաղաքագետն է ասում, լեգիտիմ գործողությունների կմղի, քան Փաշինյանն է պատկերացնում:
«Այս իմաստով Փաշինյանը փորձում է հասկանալ՝ Ալիեւը կգնա՞ Մոսկվա, թե՞ ոչ: Եթե Ալիեւը գնալու է Մոսկվա, բնականաբար, ինքը եւս կգնա, եթե տեսնի, որ Ալիեւն ինչ-ինչ պատճառներով չի գնալու, ինքը ձեռնպահ կմնա գնալուց, որովհետեւ նույն ճնշումները կան նաեւ Ալիեւի վրա: Զորախումբ ուղարկել, գնալ-չգնալ… այս ամենը պայմանավորված է հետեւյալ հանգամանքով՝ Փաշինյանը գիտի, որ Մոսկվայի հետ ստրատեգիական իմաստով բոլոր կապերը պատռել է, նա կողմնորոշվել է դեպի Արեւմուտք՝ Եվրոպա, բայց, հաշվի առնելով, որ Եվրոպան շատ ծանր վիճակում է՝ պայմանավորված Թրամփի եւ Պուտինի կողմից առկա ճնշումներով, այսօրվա դրությամբ Փաշինյանը, որքան էլ տարօրինակ է ասել, փորձում է հովանոց գտնել՝ ի դեմս Թուրքիայի: Դա բոլորի համար տեսանելի ու հասկանալի է, եւ, հաշվի առնելով այս հանգամանքը, նա իր բոլոր քայլերը կատարում է՝ հաշվի առնելով այդ բալանսը»,- «Հրապարակ»-ին ասում է Երվանդ Բոզոյանը:
Նրա խոսքով, Փաշինյանը վախենում է Ռուսաստանի հետ ուղիղ առճակատումից, մյուս կողմից գիտակցում է, որ այդ երկրի հետ իր հարաբերություններն ավարտված են, ուստի փորձում է, իր կարծիքով, մինիմալ կորուստներով դուրս գալ իրավիճակից՝ չունենալով որեւէ ապագա: «Որ ասում էին՝ «ապագա կա՛», իր համար այդ ապագան պրծել է, եւ նա դա շատ լավ հասկանում է: Փաշինյանը սպասում է իր ավարտին, ըստ էության, հուսալով, որ միջազգային իրավիճակում ինչ-որ ֆորսմաժոր կլինի, որը կփոխի ստեղծված վիճակը, բայց ռազմավարական իմաստով նա շատ լավ գիտի, որ ավարտել է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանն ավելիից ավելին է պահանջում, իսկ Թուրքիան այդ պահանջների համար հակակշիռ չի հանդիսանում, նա հայտնվել է բավականին ծանր վիճակում»,- բացատրում է Բոզոյանը:
Ինչ վերաբերում է Մայիսի 9-ին ընդառաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարություններին, ըստ մեր զրուցակցի, դրանք արդեն ստանդարտ բնույթի են ու ավանդույթ են դարձել, ուստի կոնկրետ ժամանակահատվածով պայմանավորված չեն:
ՀԳ․ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մեկնի Մոսկվա՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Մենք հաղորդագրություն ստացանք, որ Ալիևը, ցավոք, չի ժամանելու: Նրանք բացատրել են, որ նա պետք է մասնակցի Հեյդար Ալիևին նվիրված ներքին միջոցառումներին»,-ասել է Պուտինի օգնականը։
Բաց մի թողեք
Աղազարյանի կաշառքի գործով անցնող Աշոտիկի ու Սլավիկի մասով դատարանը վճիռ է կայացրել
Արթուր Չախոյանի եւ թաղապետի միջեւ բախմանը կհաջորդի համայնքի օրվա տոնակատարությունը
Անցել է 1,5 ամիս, սակայն «Դվին» հյուրանոցի ապակիներին կրակողը դեռեւս անհայտ է