13/05/2025

Հատկապես հիմա Հայաստանը պետք է լուրջ պայքար մղի իր պետականության դեմ գործող անձանց դեմ․ Բաբաջանյան

Տևական ժամանակ էր՝ լրատվական-տեղեկատվական դաշտում Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան «փոխհրաձգություն» էր:

Շախմատային լեզվով ասած՝ կողմերը միմյանց դեմ էին հանել «թագավորին ու թագուհուն». Մամիջանյան-Խամոյան զույգը ամենօրյա ռեժիմով, գրառումներով ու հայտարարություններով փորձում էր սեփական առաջնորդից կերտել «թագավոր»՝ հակառակորդ թևի առաջնորդին դարձնելով, կրկին շախմատային լեզվով ասած, «պեշկա» կամ շարքային «զինվոր»:

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև կրքերը կարծես թե հանդարտվել են: Վերջիններս սկսել են հայտարարել՝ «թշնամի չեն դիտարկում իրար»:

Օրերս «Պատիվ ունեմ» խմբակցության նախագահ Հայկ Մամիջանյանն էլ հայտարարեց, որ եթե «Հայաստան» դաշինքն առաջարկի Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, իրենք ևս կմիանան:

«Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ Մամիջանյանը, խոսելով Քոչարյանի թեկնածության մասին, ևս մեկ անգամ ապացուցում է, որ այս երկու ուժերի միջև թշնամություն չկա:

Ըստ Բաբաջանյանի՝ այս ամենից պարզ է դառնում, որ Հայաստանը ներքին թշնամուն հաղթելու մարտահրավերի առաջ է կանգնած։ Բացի Քոչարյանի առաջադրումից՝ նրա խոսքով՝ 2026 թվականին առաջադրվելու են այնպիսի ուժերի ներկայացուցիչներ, որոնք ադրբեջանական և ռուսական կողմից Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պատերազմի մաս են կազմում։

Բաբաջանյանը ընդգծում է, որ հատկապես հիմա Հայաստանը պետք է լուրջ պայքար մղի իր պետականության դեմ գործող անձանց դեմ։