Կառավարությունը որոշել է էլ ավելի հեշտացնել ոստիկանական ծառայության անցնելը եւ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ է մշակել, ըստ որի՝ հանվում է ծառայության անցնելու տարիքային շեմի սահմանափակումը:
Հրապարակ թերթը գրել է․ Առաջին անգամ պաշտոնի նշանակված ծառայողն ատեստավորվում է պաշտոնի նշանակվելուց ոչ թե վեց ամիս, այլ արդեն երկու ամիս անց։ Այս նոր կարգով նաեւ սահմանվում է, որ թիրախային կրթական ծրագիրն ավարտելով՝ կարելի է օպերատիվ կերպով համայնքային ոստիկան դառնալ: «Արհեստագործական կրթություն ստացած, ինչպես նաեւ համապատասխան վերապատրաստում անցած ծառայողները կհամարվեն հավելավճարի ստացում նախատեսող ատեստավորում անցած»,- ասվում է փոփոխությունների նախագծում։
Փաստորեն, ոստիկան դառնալու համար ցենզը կրկին իջեցվում է, հետեւապես՝ ոստիկանների թիվը Հայաստանում ավելանալու է:
Հիշեցնենք, որ այս սկզբունքով սահմանվեց, որ մեզանում պարեկ կարող են աշխատել բարձրագույն կրթություն չունեցող անձինք: Ոստիկաններն այս անհամաչափությունը ծանր էին տանում` պարեկները ե՛ւ կրթություն չունեն, ե՛ւ իրենցից բարձր են վարձատրվում: Հիմա իշխանությունը զիջման է գնում նաեւ ոստիկանների հարցում:
Ի դեպ, ոստիկանների քանակը հրապարակման ենթակա չէ` համարվում է գաղտնի տվյալ: Բայց հայտնի է, որ 2018 թվականին Հայաստանում, ըստ ոչ պաշտոնական հաշվարկների, 10 հազարից ավելի ոստիկանական ծառայողներ կային: Այդ հաշվարկներն իրականացրել էր Դանիել Իոաննիսյանի գլխավորած «Իրազեկ քաղաքացիների միավորումը»:
Կարո՞ղ ենք ասել, որ, օրինակ, 2018 թվականի համեմատ ոստիկանների թիվը շեշտակի ավելացել է, եւ եթե այդպես է, ինչքա՞ն են դեռ ավելացնելու, այսօրվա քանակն արդյո՞ք բավարար չէ՝ ոստիկանության առջեւ դրված խնդիրներն իրականացնելու համար։ Այս հարցերն ուղղեցինք Դանիել Իոաննիսյանին: «Ընդհանուր առմամբ, քանակն առանձնապես չի ավելացել, վերջին 10 տարում մոտավորապես նույնն է մնացել, փոքր-ինչ ավելացել է մարզերում` պարեկների հաշվին, որովհետեւ Երեւանում պարեկները մոտավորապես այնքան էին, որքան մյուս ծառայությունները, իրենք ցրվեցին, ու որոնց պարեկները փոխարինեցին, իսկ մարզերում պարեկներն ավելի շատ են:
Դրա հաշվին փոքր-ինչ ավելացել է: Բայց նաեւ դրա հաշվին մարզերում հանցագործությունների բացահայտումը տաք հետքերով բազմապատիկ աճել է»,- համոզված է Դանիել Իոաննիսյանը: Նա համաձայն է, որ ոստիկանների դեմ շատ բողոքներ կան: «Այո, բողոքներ կան, օրինակ, ոստիկանների կրթվածության, քաղաքավարության կանոններին տիրապետելու հետ կապված, եւ բողոքների մեծ մասը տեղին է, բայց այդ իրավիճակը նաեւ նրա արդյունքում է, որ այդքան շատ են սահմանափակումները, որ դրանք խանգարում են մարդկանց` դիմել: Ինչքան ավելի քիչ լինեն սահմանափակումները, այնքան ավելի շատ մարդ կդիմի, եւ շատի միջից հնարավոր կլինի ընտրել լավ կադրերի: Եթե կա, ենթադրենք, 38 տարեկան մարդ, որը կարող է քաղաքացիներին լավ դիմել, ու նույն պարամետրերով կա 33 տարեկան, որը չի կարողանում խոսել քաղաքացու հետ, մենք՝ որպես հարկատու, որի՞ն ենք ուզում վերցնել: Ենթադրում եմ՝ 38 տարեկանին, որը քաղաքավարի է շփվում քաղաքացու հետ: Բա ինչո՞ւ ենք ասում՝ 35-ից բարձր տարիքովին չենք կարող ընդունել ոստիկանություն, ուրեմն հանենք այդ սահմանափակումը»:
ՀՀ նախկին փոխոստիկանապես Գագիկ Համբարձումյանը, սակայն, համոզված է, որ այս փոփոխություններով ոստիկանների թիվը կրկին կավելանա: «Թիրախային կրթություն» հասկացությունը նա չի ընդունում: «Կրթությունը կրթություն է, թիրախային կրթությունը բերելու է թիրախային այլասերվածության: Ոչ մի լավ բան այս իշխանությունից սպասել չի կարելի: Նպատակը հնարավորինս շատ անհայրենիք մարդկանց ոստիկանություն լցնելն է, որոնց առաջ իշխանությանը պաշտպանելու պատվերն է դրվելու: Նաեւ կա վախի գործոնը, որ եթե էս ժողովուրդը մի օր հանկարծ ոտքի կանգնի, Հայաստանում ոստիկանները ոչ ոստիկաններից շատ լինեն»,- ասում է նախկին փոխոստիկանապետը:
Բաց մի թողեք
Մոտեցող վտանգին անտարբեր Փաշինյանը դստեր հետ ժամանցային այց է կատարել
Իրանում մտահոգված չենք, ավելի մտահոգված ենք Հայաստանի համար, որը ներկա իշխանությունները էշի ականջում քնած են․ Իրանահայ
Կամակատա՞ր եք, գործակա՞լ, թե՞ խամաճիկ, ձեռք քաշեք այս ժողովրդից ու ձեռքներդ հեռու մեր սրբություններից