Մինչ Արարատ Միրզոյանը հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագրի» ստորագրման վերաբերյալ «լավ նորությունների» է սպասում, իսկ նույն թիմից ԱԽՔ Արմեն Գրիգորյանը խոսում է «նոր բան» չլինելու մասին, Ալիեւն իր ոճով շարունակում է հասկացնել՝ Փաշինյանի պատկերացրած խաղաղությունը չի լինելու:
Երեք օր առաջ Ադրբեջանի ԱԳ նախարարը նորից խոսեց Հայաստանից իր երկրի «լեգիտիմ սպասումների» մասին, էլի հիշեցրեց Հայաստանի սահմանադրությունից «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները բացառելու» եւ Մինսկի խումբը լուծարելու մասին: Իսկ նախօրեին Բաքուն «խաղաղության» տրամադրվածությունն ի ցույց դրեց արդեն Տավուշում՝ վերջին երկու ամիսներին Սյունիքի սահմանամերձ գյուղերի համար սովորական դարձած կրակոցները տեղափոխելով այնտեղ:
Տավուշի սահմանամերձ Մովսես գյուղի բնակիչները երեկ արթնացել են ադրբեջանական կրակոցների ձայներից: Ինտենսիվ կրակոցները սկսվել են վաղ առավոտյան, շարունակվել մոտ կես ժամ: «Առավոտ շատ շուտ՝ 7-8-ին մոտիկ, հարեւանիս տանը նստած կոֆե էինք խմում, լսեցինք կրակոցներ: Ժողովուրդը խուճապի մատնվեց: Ես զանգահարեցի Այգեպար, տեղեկություն ստացա, որ Ներքին Կարմիրի տարածքում են կրակել, բայց կրակոցներն օդային են»,- «Հրապարակ»-ին պատմեց Մովսես գյուղի բնակիչներից մեկը, որի անունը չենք հրապարակում: Մեր զրուցակցի տունը սահմանից հեռու է մոտ 700-800 մ: Գյուղացու խոսքով, առավոտյան 9-ի կողմերը կրակոցները լսվել են նաեւ Մովսեսում՝ Սեւ սարի՝ Ղարադաշի կողմից: «Օդ էին կրակում, վախեցնել էին ուզում: 15-20 րոպե կրակեցին»,- ասում է մեր զրուցակիցը:
Մովսեսի վարչական ղեկավար Արմեն Փոլադյանը խուսափեց խոսել կրակոցների մասին: «Հրապարակ»-ին ուղղորդեց տեղեկությունների համար դիմել ՊՆ, քանի որ իրենք «իրավունք չունեն» մեկնաբանություն տալու: Միայն ասաց, թե խուճապ չկա: Իսկ ՊՆ-ի մեկնաբանությունը՝ հայկական գյուղերի ուղղությամբ կրակի վերաբերյալ, չի փոխվել: Շարունակում են չտեսնելու տալ ադրբեջանական կողմի սադրանքը՝ նշելով, թե «սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ»։
ՊՆ-ի գնահատականներին չեն զիջում ՔՊ-ականների մեկնաբանությունները: Օրինակ, ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը կարծում է, որ ադրբեջանական կրակոցների նպատակը «հանրային անդորրը խաթարելն» է: Խորհրդարանում նա հայտարարել է․ «Մեր ժողովուրդը շատ ամուր նյարդեր ունի եւ չի տրվի ադրբեջանական սադրանքներին»: Ու մինչ Ադրբեջանը կրակի տակ է պահում հայկական երկու մարզերի՝ Սյունիքի ու Տավուշի սահմանամերձ գյուղերը, իսկ իշխանականներն իրենց հույսը դրել են ժողովրդի ամուր նյարդերի վրա, համառորեն տեղեկություններ են սպրդում Տավուշում իրականացվող սահմանազատման ծածուկ աշխատանքների վերաբերյալ:
Թեեւ կառավարության հետ վերջին հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը խորհրդարանում լղոզեց Ադրբեջանին սահմանակից Ազատամուտի հատվածում ականազերծման ու չափագրման աշխատանքների իրականացման մասին տավուշցի պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցը, բայց տարածվող լուրերն առնվազն թույլ են տալիս՝ հիմնավոր կասկած ունենալու, որ այդ հատվածներում իշխանությունը սահմանազատման անվան տակ պատրաստվում է նոր զիջումների գնալ ու հող հանձնել Ալիեւին, եւ հիմա ծածուկ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում:
Բաց մի թողեք
Վրացական կողմը մերժել է Պապոյանի խնդրանքը
Հայաստանը երբ դուրս կգա ՀԱՊԿ-ից
Մոտեցումները կարող են տարբեր լինել, եթե խոսում ենք ամերիկյան խաղերի մասին. Բադալյան