23/06/2025

Փաշինյանի նոր զիջումների մասին կիմանանք 2026 թ․ ընտրություններից հետո

Մինչ հայկական սոցցանցային ակտիվը քննարկում, հուսահատվում եւ ամաչում է կամ ծաղրում այն անպատիվ, նսեմացած, ստորացված վիճակը, որում հայտնվել էր մեր երկրի ղեկավարն Ալբանիայում՝ Էրդողանի ու նրա հոգեզավակ Ալիեւի ընկերակցությամբ, Բաքվից Փաշինյան-Ալիեւ սրճախմությունից հետո հերթական մեսիջներն են գալիս՝ հիշեցնելու Երեւանին, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ «չկարգավորված» հարցեր կան։

Սահմանադրության փոփոխության ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման նախապայմանները եւս մեկ անգամ հիշեցրեց Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը՝ այդ ընթացքում նաեւ ՀՀ զինանշանը որպես «սպառնալիք» ներկայացնելով։

«Նույնիսկ զինանշանը, որը հիշատակվում է Հայաստանի Սահմանադրության 21-րդ հոդվածում, արտացոլում է հարեւանների նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջները»,- Փաշինյանին հիշեցրել է Հաջիզադեն: Փոխարենը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, հղում անելով իր ենթադրություններին, չի բացառել, որ «խաղաղության գործընթացի շուրջ քննարկումները մոտ ապագայում կշարունակվեն երկրի ղեկավարների, ԱԳ նախարարների ձեւաչափով»։

Արդյո՞ք ոտքի վրա Փաշինյան-Ալիեւ կամ Միրզոյան-Բայրամով հնարավոր հանդիպման մասին պայմանավորվել է Նիկոլ Փաշինյանն իր թուրք եւ ադրբեջանցի գործընկերների հետ, ու ի՞նչ նոր զիջում է սպասվում Հայաստանին, եթե Ալեն Սիմոնյանի ենթադրությունը ճիշտ դուրս գա՝ ցույց կտա ժամանակը։ Իսկ մինչ այդ բանակցային հարցերով փորձագետ Արթուր Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում վերլուծում է Փաշինյանի՝ Տիրանա այցն այն տեսապատկերների ու կարճ, դրվագային զրույցների հիման վրա, որոնք հասանելի դարձան հանրությանը։ Թեեւ, որպես այդպիսին, ոչ վերբալ պահվածքը, ըստ մասնագետի, առհասարակ առանձին չի դիտարկվում, այլ վերբալ՝ խոսքային դրսեւորումների հետ միասին, քանի որ կարեւոր է, թե ինչ խոսք, ձայնի ինչ տոնայնություն է ընտրում այս կամ այն առաջնորդը, բայց հաշվի առնելով այն, ինչ հրապարակվեց այդ հանդիպումից, կարելի է արձանագրել, որ Փաշինյանը ճնշված էր։

«Եթե նայենք ոչ վերբալին, Փաշինյանը կռացած է, ես կասեի՝ ուսերը կախ, երբ նա սկզբում մոտենում է Ալիեւին՝ խոսելու համար։ Սա խոսում է հնազանդության ու վստահության պակասի մասին։ Երբ արդեն նստած սուրճ են խմում, տեսնում ենք, որ նա ուղիղ Ալիեւի աչքերի մեջ չի նայում։ Սա էլ է հնազանդության շատ տարածված նշան։ Փաշինյանի ժպիտը նյարդային է, պարզ է, որ լարված է եւ ստիպված է ժպտալ։ Մենք չենք լսում, թե նրանք ինչ են խոսում, բայց Փաշինյանի ձեռքերի ափերը բաց են, իսկ դա նշանակում է՝ իբրեւ թե ես բաց եմ, ազնիվ եմ, բայց նաեւ նշանակում է, որ, մյուս կողմից, դու ողորմություն ես խնդրում, այսինքն՝ այդ վիճակում ես հայտնվել։ Երբ արդեն կանգնած շփվում է Էրդողանի եւ Ալիեւի հետ, նրանք տարածությունը պահում են․ սա կարեւոր է, որովհետեւ գերիշխող ընկալվողներն են հեռավորություն պահպանում։ Սա կարեւոր է հասկանալ, իսկ ձայնը, երբ Փաշինյանը հրավիրում է Ալիեւին սուրճ խմելու, շատ մեղմ է, նույնիսկ ինչ-որ պահի թվում է, թե կակազելով է խոսում, գուցե դա նրա ռուսերենի իմացության մակարդակով է պայմանավորված։ Այնպես որ, եթե միայն ոչ վերբալն ենք դիտարկում, Ալիեւի պահվածքն ավելի վստահ է, նա փորձում է, իբրեւ կիրթ անձնավորություն, չմերժել, երբ իրեն խնդրում են հանդիպել, բայց դա չի նշանակում, որ այդ հանդիպումը սուրճի շուրջ մեզ համար որեւէ դրական բան է ունեցել»,-բացատրում է մասնագետը։

Այս հանդիպումները տարբեր մակարդակներում, Արթուր Մարտիրոսյանի խոսքով, իրականում ոչինչ չեն նշանակում։ Մասնագետն ասում է՝ գործ ունենք սուլթանական ռեժիմի հետ, որտեղ բոլոր հարցերի լուծումներն ու առաջարկությունները, միեւնույն է, գալու են Ալիեւից, ու տարածված խոսակցությունները, թե ադրբեջանական կողմի դիրքերի փոփոխություն կարող է լինել, եթե տարբեր ինտիտուտների միջեւ ակտիվ երկխոսություն հաստատվի, պարզապես մոլորություն է։

«Եթե լինելու են բանակ­ցություններ, մյուս կողմը շարունակելու է պնդել, որ հայկական կողմը գնա զիջումների։ Այդպիսի բանակցությունների Ադրբեջանը միշտ պատրաստ է գնալ, իսկ հայկական կողմը պատրա՞ստ է, թե՞ նրանց թվում է, որ Ալիեւին համոզելու են, որ շուտափույթ կերպով ստորագրի այդ փաստաթուղթը, որին նաեւ ԵՄ-ն է աջակցում»,- նշում է Արթուր Մարտիրոսյանը՝ շեշտելով, որ Ադրբեջանը պնդելու է Հայաստանից ակնկալվող այն զիջումները, որոնք արդեն իսկ հանրայնացված են։ Այդ շարքից է նաեւ զինանշանի փոփոխության պահանջը, բայց Մարտիրոսյանը համոզված է՝ սա Բաքվի վերջնական ցանկը չէ։

«Ես համոզված եմ, որ կա Ադրբեջանի պահանջների մի ցուցակ, որոնց մասին մենք չենք էլ տեղեկանում, իսկ ինչո՞ւ չեն հանրայնացնում, որովհետեւ եթե հանրայնացնեն, դա Հայաստանի իշխանության համար ներսում նոր խնդիրներ է ստեղծելու, իսկ թուրքական-ադրբեջանական կողմին դա պետք չէ, իրենց պետք է, որ իշխանության մնա Փաշինյանը եւ շարունակի անել այն, ինչ շարունակում է։ Հասկանալի է, որ Փաշինյանը բանակցություններով անելու է այդ բոլոր զիջումները, բայց մենք դրա արդյունքը կտեսնենք ուշացումով, օրինակ, 2026թ․ ընտրություններից հետո»,- ընդգծում է բանակցային գործի մասնագետը։

Ինչ վերաբերում է Եվրոպական քաղաքական համայնքին, որի 6-րդ գագաթնաժողովն էր Ալբանիայում, Արթուր Մարտիրոսյանը նկատում է՝ արժեքների մասին խոսող եվրոպական համայնքը, որն Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ պայմանագրի կնքման ջատագովի դիրքերից է հանդես գալիս, իրականում հանդուրժում է Ադրբեջանի ու Թուրքիայի նման պետությունների գործելաոճը, ինչը հակադրվում է նույն այդ արժեքներին։ Նշանակում է՝ եվրոպական համայնքը ստում է իր արժեքների մասին խոսելիս, ու հասկանալի չէ, թե հայկական կողմն ինչու է ընդունում այդ սուտը։